Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ

Մայիս 04,2006 00:00

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ «ՄԱՄՈՒԼԻ ԹՇՆԱՄԻ» ՄԱԱ-ն երեկ նման տիտղոս է շնորհել նախագահի աշխատակազմի ղեկավարին «2005 թ. մայիսի 3-ից մինչեւ 2006թ. մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարիների բացասական միտումները ոչ միայն պահպանվել, այլեւ խորացել են մամուլի դաշտում»,- երեկ՝ Մամուլի ազատության միջազգային օրը հայտարարեց Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) նախագահ Նարինե Մկրտչյանը: Էլեկտրոնային լրատվամիջոցների վերահսկում, տպագիր մամուլի դեպքում՝ գովազդի շուկայի բացակայություն, թերթերի տարածման խոչընդոտներ, տարբեր գերատեսչություններից տեղեկատվություն ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, պրոֆեսիոնալիզմի անկում, մասնագիտական մի շարք որակների կորուստ եւ այլն, ըստ ՄԱԱ-ի, այսպիսին է այսօրվա մամուլի վիճակը: Արդեն 5-րդ տարին ՄԱԱ-ն շնորհում է իր սահմանած «Մամուլի թշնամի» եւ «Մամուլի բարեկամ» տիտղոսները: Այս անգամ ակումբը «Մամուլի թշնամի» է ճանաչել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին՝ 2005թ. մայիսի 3-ից 2006-ի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած գործունեության՝ հայաստանյան լրատվամիջոցների դաշտում գլխավոր գրաքննիչի դերն իրականացնելու համար: Հիշեցնենք, որ 2003 եւ 2004 թթ. այդ տիտղոսին արժանացել է Ռոբերտ Քոչարյանը, 2004-ին ՀՀ նախագահը կիսել է այդ տիտղոսը Հրանուշ Հակոբյանի հետ, իսկ 2005-ին մամուլի թշնամի էր Հայաստանի պետական համակարգը: ՄԱԱ վարչության անդամ Նարինե Դիլբարյանն էլ հայտնեց «Մամուլի թշնամի» տիտղոսի հավակնորդ-թեկնածուների անունները, ովքեր բավարար ձայներ չէին հավաքել վերոնշյալ տիտղոսը «նվաճելու» համար: ՄԱԱ-ի «սեւ» ցուցակում են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մամուլի դաշտում կոռուպցիոն եւ ստվերային ղեկավարման մեթոդները ներդնելու, էլեկտրոնային եւ տպագիր ԶԼՄ-ների ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնելու համար, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ օրենքով սահմանված իր գործառույթները չիրականացնելու եւ հասարակությանը ապատեղեկացնելու համար, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը՝ մամուլի ազատության արեւմտյան չափանիշները Հայաստանում աղճատելու եւ երկակի ստանդարտներ կիրառելու համար: ՄԱԱ անդամների մի մասի առաջարկով մամուլի ազատության թշնամի են ճանաչվել այն լրագրողները, ովքեր հաշտվում են սահմանափակումների հետ: Արդեն 5 տարի թափուր է «Մամուլի բարեկամ» տիտղոսը, փոխարենը նորաստեղծ անվանակարգում՝ «Մամուլի կեղծ բարեկամներ», հավակնորդները մի քանիսն են: Ն. Դիլբարյանը տեղեկացրեց, որ այդ թվում են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների մի խմբին առանձնահատուկ կարգավիճակ շնորհելու եւ միակողմանի լրատվությանը օժանդակելու համար, ԱԺ պատգամավոր եւ գործարար Գագիկ Ծառուկյանը՝ որոշ ԶԼՄ-ների ֆինանսավորելու եւ պատվերներ առաջադրելու համար, մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, որը «ժամանակին լինելով ՀՌԱՀ անդամ՝ «Ա1+»-ին շնորհել է դրական գնահատականներ, դրա հետ մեկտեղ գործակցել է համակարգի հետ՝ այնտեղ ստանալով պաշտոն»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել