Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Բոժկո. «Սորոսի փողերով 2 մլն մարդ փողոց չես հանի»

Մայիս 05,2006 00:00

Ա.
Բոժկո. «Սորոսի փողերով 2 մլն մարդ փողոց չես հանի» «Հայ-ուկրաինական
հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ, եւ անցած տարին դրա վառ
ապացույցն է»: Այս մասին Մամուլի ազգային ակումբում երեկ կայացած մամլո ասուլիսին
հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ըստ դեսպանի, Հայաստանը
եւ Ուկրաինան ունեն ընդհանուր նպատակներ, որոնցից առավել էականը երկու երկրների՝
Եվրոպային ինտեգրվելու ձգտումն է: Բոժկոյի տվյալներով, ապրանքաշրջանառությունը երկու
երկրների միջեւ այսօր կազմում է 100 մլն դոլար, ինչը լավ ցուցանիշ է: Ընթացիկ տարվա
անցած ամիսներին առեւտրի ծավալը, 2005 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ,
2-3 անգամ աճել է: Դեսպանը նշեց նաեւ, որ երկու երկրները պետք է մեծ ուշադրություն
դարձնեն էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրների եւ էներգակիրների փոխադրման ուղիների
դիվերսիֆիկացմանը: Ներկայումս Ուկրաինան այդ ուղղությամբ աշխատում է Իրանի հետ: Այդուհանդերձ,
Բոժկոյի կարծիքով, նման էներգետիկ ծրագրերը կարող են իրականացվել միայն Եվրոպայի
աջակցությամբ: Խոսելով Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը Ռուսաստանին վաճառելու գործարքի
մասին՝ Բոժկոն հայտարարեց. «Կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության համար հարկադրական
որոշում էր, եւ ես դժվարանում եմ ասել, թե ինչից ելնելով այն ընդունվեց: Որոշումն
ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից, որը եւ պատասխանատվություն է կրում
դրա համար»: Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» գազատարին, ապա «Ուկրաինան շարունակում
է հետաքրքրություն ցուցաբերել դրա նկատմամբ»,- ասաց ՄԱԱ-ի հյուրը: Ավելին, «Ուկրաինան
աշխատում է այդ ուղղությամբ եւ բանակցություններ է վարում իրանական կողմի հետ»: Այդուհանդերձ,
ըստ ուկրաինացի դիվանագետի, Հայաստանի տարածքով մինչեւ Ուկրաինա եւ Եվրոպա տարանցիկ
գազատարի շինարարության համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ, եւ նման նախագիծը
կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե դրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի
ԵՄ-ն: Անդրադառնալով Ուկրաինայում ընթացող ժողովրդավարական տեղաշարժերին,
որոնք սկսվել են «նարնջագույն հեղափոխությունից» հետո, Բոժկոն նկատեց, որ հեղափոխության
արդյունքները միանգամից չեն կարող արտահայտվել: Մի էական հանգամանք՝ ըստ դեսպանի,
«վերջին ընտրությունները Ուկրաինայում ցույց տվեցին, որ բնակչության մեծամասնությունը,
որ ժամանակին պաշտպանել էր Յուշչենկոյին, չի փոխել իր սկզբնական որոշումը: Ուկրաինայի
ընտրությունների արդյունքները եվրոպական ուղու ցուցադրում էին, որ ընտրել է մեր երկիրը»:
Հարցին՝ հետխորհրդային տարածքի «գունավոր հեղափոխությունները» պատահականությո՞ւն
էին, թե՞ օրինաչափություն, դեսպանը պատասխանեց, որ ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը»
պայմանավորված էր փոփոխություններին հասարակության պատրաստությամբ: Ըստ նրա, Կիեւի
փողոցներ դուրս եկած 1,5 կամ 2 միլիոն մարդկանց անհնար էր հավաքել Սորոսի փողերով:
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել