Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Մայիս 17,2006 00:00

ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԿԱԼՈՐԻԱՅՈՎ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանում ամեն օր անանաս ուտողը հանգիստ կարող է նպաստ ստանալ Մեր երկրում աղքատության նպաստ ստացողների շարքերն օր օրի նոսրանում են: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նպաստառուների թվի նվազումը բացատրում են երկրի եռացատկ տնտեսական աճով, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմամբ եւ զանազան այլ աճերով: Սա աչքակապություն է միջազգային կազմակերպությունների համար: Իրականում ոչ թե մարդկանց սոցիալական վիճակն է բարելավվել, այլ պետությունը աղքատության շեմը որոշելու աբսուրդ չափանիշներ է սահմանել. եթե աղքատի թոշակը ընդամենը 1000 դրամով ավելանում է՝ նպաստից զրկում են: Վերջերս կառավարության որոշմամբ կենսաթոշակը 1000 դրամով բարձրացավ, ինչի հետեւանքով կենսաթոշակային տարիքի նպաստառուների մի զգալի խումբ դուրս մնաց աղքատության նպաստի ցուցակներից: Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանը՝ իր հետ բերելով վերջին շրջանում պաշտոնյաներին ուղղված դիմում-բողոքների մի ամբողջ տրցակ: Նրան զրկել են նպաստից՝ նորից 1000 դրամով թոշակի բարձրացման պատճառաբանությամբ: Պատկերացում կազմելու համար, թե Ա. Կարապետյանն ինչպիսի ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, բավական է մեկ անգամ լինել նրա ավելի շուտ հավաբուն հիշեցնող կացարանում: Այնտեղ իսպառ բացակայում են բնակվելու տարրական պայմանները, կոմունալ հարմարություններ չկան: Կացարանը չունի ծածկ, անձրեւների, ձյան ժամանակ տանը ջրհեղեղ է: Հատակը հողածածկ է, բնակարանի միակ կահույքը երկու կիսախարխուլ փայտե մահճակալ է: Այն, որ Ա. Կարապետյանը ապրում է նման պայմաններում, հաստատել է նաեւ Մասիսի սոցիալական ծառայության գործակալությունը՝ քաղաքացուն վերագրելով աղքատության ամենաբարձր միավորը՝ 35,09. «Տունը մեկ սենյականոց քարե շինություն է, որի պատերը եւ առաստաղը գաջված չեն, հատակը ծածկված չէ ոչնչով, ունի մեկ փոքր լուսամուտ: Տան կահավորանքը կազմում է երկու հնոտի մահճակալ: Խմելու ջուր եւ զուգարան չունեն»: Կնոջ աղքատ վիճակի մասին մի արձանագրություն էլ Հովտաշատի գյուղապետարանն է կազմել, ըստ որի. «Տանիքը ոչ բարվոք վիճակում է՝ կոտրտված ազբոշիֆերից եւ ժեշտի կտորներից կազմված: Մեր այցելության պահին առաստաղը անձրեւներից ամբողջովին թրջված էր: Կարապետյանը չունի ընտանի կենդանիներ, գյուղտեխնիկա եւ սեփականաշնորհված հողամաս, միայնակ թոշակառու է: Իսկ տնամերձ հողամասում ոչ բերրի, կիսաաղակալած հող է»: Այդուհանդերձ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գտել է, որ Ա. Կարապետյանը կենսաթոշակին ավելացած 1000 դրամով աղքատությունը կհաղթահարի եւ զրկել է նրան նպաստից՝ նրա միավորն իջեցնելով մոտ երկու նիշով: Ի դեպ, սոցիալական ծառայությունը նոր փաստագրում կատարելիս, նպաստից զրկելու մի պատճառ էլ նշել է հողի եկամտի ավելացումը: Մինչդեռ, թե գյուղապետարանի, թե գործակալության արձանագրությունները հաստատում են ճիշտ հակառակը: Ընդհանրապես, Հայաստանում աղքատության շեմը որոշելու մեխանիզմը զավեշտի է հասնում: Վերջերս Համաշխարհային բանկը Ազգային վիճակագրական ծառայությանը պատվիրել էր մարզ առ մարզ ուսումնասիրություն կատարել մեր երկրում աղքատության ցուցանիշները ճշտելու համար: Վիճծառայությունը, որպես աղքատության չափանիշ, սահմանել է, որ օրական մարդը պետք է ընդունի 2232 կալորիականությամբ սնունդ: Ստացվում է, որ մարդն ամեն օր կարող է ուտել 10 անանաս, որը ցածր կալորիականություն եւ բարձր գին ունի, բայց համարվի աղքատ: 100 գրամ գազարի կալորիականությունը 41 է, մինչդեռ այս սեզոնին գազարն իսկական հարուստների ուտելիք է, քանի որ մեկ կգ-ն 800-ից 1000 դրամ է: Կամ եթե աղքատը նախաճաշին 100 գրամ կարագով (717 կկալ) պատրաստված երկու ձվից (314 կկալ) ձվածեղ ուտի, ճաշին՝ ձեթով տապակած կարտոֆիլ (869+ 88 կկալ), երեկոյան էլ մի կտոր հաց ու պանիր՝ մոտ 2500 կալորիականություն կհավաքի եւ կհամարվի ոչ աղքատ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել