Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշից՝

Մայիս 17,2006 00:00

Անուշից՝ դոննա Աննա Իտալիայի աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնը պայմանագիր է կնքել Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի Լիանա Ալեքսանյանի հետ: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար անցկացված մրցույթի դասական երաժշտության բնագավառում («Երգեցողություն» անվանակարգում) Լ. Ալեքսանյանը՝ իր երկու գործընկերների հետ, հավակնում էր մրցանակի, որն այդպես էլ չգտավ տիրոջը: Տեղեկացնենք, որ 2004-ից Ազգային օպերային թատրոնի մեներգչուհին հանդես է եկել սոպրանոյի համար «պարտադիր ծրագիր» համարվող Անուշի դերերգով, իսկ այդ ժամանակահատվածում Ֆիորդելիջիի դերերգով (Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք») հանդես է եկել Ֆրանսիայում, Նորվեգիայի եւ Ավստրիայի օպերային թատրոններում բեմ բարձրացել Մանոն Լեսկոյով (Պուչինիի համանուն օպերայում): Ի դեպ, նրա ձայնի համար էլ մեր օպերային թատրոնի խաղացանկում կան բեմադրված օպերաներ: Կարծում ենք, միջազգային մրցույթների դափնեկիր Լ. Ալեքսանյանին կարելի էր վստահել Զեմֆիրա՝ Ռախմանինովի «Ալեկոյում», Պաոլինա՝ Դոնիցետտիի «Պողիկտոսում», Տրավիատա՝ Վերդիի համանուն օպերայում: Հանդիպելով երգչուհուն, խնդրեցինք պատմել շատերի համար երազանք համարվող «Լա Սկալայում» հանդես գալու՝ իրեն արված առաջարկի մասին: «Մայիսի սկզբին գործակալիս՝ Լեոնարդո Օրտայի կողմից ստացա հրավեր՝ մասնակցելու «Լա Սկալա» թատրոնում կայանալիք ունկնդրմանը: Չորս մասնակից էինք՝ երեքը իտալացի եւ ես: Ունկնդրման արդյունքում ընտրեցին ինձ, տեղում կնքելով պայմանագիր՝ օգոստոսից մինչեւ նոյեմբեր կատարելու դոննա Աննայի դերերգը՝ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում»,- տեղեկացրեց երգչուհին: Զրույցից տեղեկացանք նաեւ, որ դեկտեմբերից Լ. Ալեքսանյանը հանդես կգա նաեւ Գերմանիայում՝ Տրավիատայի դերերգով: Կնքված է 20 ներկայացման պայմանագիր: Այնուհետեւ Գերմանիայից 2007-ի հունիսին երգչուհին դարձյալ կմեկնի Իտալիա, այս անգամ «Լա Սկալայում» հանդես կգա Տրավիատայի դերերգով: Լ. Ալեքսանյանը սիրով պատմեց «Լա Սկալայում» ունկնդրմանը մասնակցած օրերի մասին: Նա հիշեց թատրոնի մեներգիչների գծով մենեջեր Լուկա Տարջետտիի խոսքերը՝ «այսօր իտալական վոկալ դպրոցը քիչ է պահպանվել աշխարհում: Հայերիդ համարում եմ մեր դպրոցի արժանի հետնորդներ: Աշխարհի օպերային բեմերում շատ եմ լսել հայ երգիչների»: Հետաքրքրությանը, թե մենեջերը մեր երգիչներից ո՞ւմ առանձնացրեց, Լ. Ալեքսանյանն ասաց, որ այդ պահին նա մտաբերեց աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանին: Երգչուհին նշեց, թե «Լա Սկալայում» եղած օրերին ինչպիսի մեծ հոգատարությամբ է շրջապատված եղել. «Տեղի երգիչներն ու թատրոնի այլ աշխատակիցներ այնքա՜ն անմիջական էին, անընդհատ առաջարկում էին իրենց այս կամ այն օգնությունը: Հետաքրքիր է, առաջին անգամ լինելով Իտալիայում, ես ինձ օտար չզգացի, քանի որ նրանք էլ մեզ պես տաք ժողովուրդ են»: Երգչուհու հետ հանդիպման ավարտին հարցրինք, թե ինչպես է ծանոթացել հայաստանյան մշակութային կյանքում հազվադեպ հանդիպող իր պրոդյուսերին կամ, ինչպես ինքն է ասում՝ գործակալին: «Ավստրիայի թատրոնում, երբ հանդես եկա Մանոն Լեսկոյի դերերգով, ներկայացումից հետո ինձ մոտեցավ պարոն Լեոնարդո Օրտայը եւ հրավիրեց գործնական ճաշկերույթի, որի ընթացքում էլ առաջարկեց իր ծառայությունները»,- հայտնեց Լ. Ալեքսանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել