Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄՈ՞Վ ԵՆ ԿԵՂԾԵԼՈՒ 2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 18,2006 00:00

Դպրոցների տնօրեններին ստիպում են հանրապետական դառնալ

Իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի, բացի այն, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն ՀՀ կառավարությունում էին կիսել իրենց տեղերը, այլեւ՝ այն ոլորտները, որոնց միջոցով ուղղակի կամ անուղղակի ձեւով հնարավոր էր ազդել որեւէ մակարդակի ընտրությունների արդյունքների վրա: Ընդհանրացնելով ասվածը՝ նկատենք, որ, օրինակ՝ հանրապետության տարբեր համայնքներում ու մարզերում քաղաքապետերի, մարզպետների, էլցանցերի պետերի պաշտոնները սովորաբար զբաղեցնում են հանրապետականները, իսկ կրթական ոլորտում, մասնավորապես՝ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները մինչեւ վերջերս առանձնահատուկ հակումներ ունեին ՕԵԿ-ի նկատմամբ: ՀՅԴ-ն այս իմաստով, թերեւս, նաեւ որպես կոալիցիոն ամենափոքր խմբակցություն ունենալու պատճառով, թվում է՝ ավելի համեստ հավակնություններ ունի: Մատնանշված ոլորտներում նա քիչ է ներկայացված, թեեւ հիմնականում փորձում է ներկայացուցիչներ ունենալ տեղական ինքնակառավարման մարմիններում: Ըստ էության, նաեւ դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո Գեղարքունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնում (նախկին մարզպետը, որ ՕԵԿ-ից դուրս եկավ ու միաժամանակ ազատվեց նաեւ զբաղեցրած պաշտոնից) ՀՅԴ-ն փորձում է իր ներկայացուցչին նշանակել տալ:

Կոալիցիան լքելու ՕԵԿ-ի որոշումից հետո հենց այս համատեքստում իրավիճակի փոփոխություն է եղել նաեւ կրթական ոլորտում: Բացի այն, որ միայն վերջերս ՀՀԿ նախագահ եւ երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիսավորությամբ ՀՀԿ անդամատոմսեր էր հանձնել այդ կուսակցությունը համալրած 120 ուսուցիչների, նաեւ ՕԵԿ-ը լքելու մասին հայտարարել էր մանկավարժների «Ամիրյան» 98 անդամից բաղկացած խորհուրդը՝ իր ողջ կազմով: Ընդ որում, խորհրդի նախագահ Արթուր Ազարյանը մամուլում հայտարարել էր, թե իրենք դուրս են գալիս այլ կուսակցության անդամակցելու համար: Թե որքանով է այդ կուսակցությունը հատկապես Հանրապետականը՝ կարելի է միայն ենթադրել, բայց որ այս կուսակցությունը վերջին ամիսներին սկսել էր կուսակցականացնել ոչ միայն ՀՀ կառավարության անդամներին ու գյուղապետերին, հիմա էլ՝ դպրոցները, այլեւս փաստ է:

Այսպես, երեկ խմբագրություն ահազանգեց Արմավիրի մարզի գյուղական դպրոցներից մեկի տնօրենը, որի անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում եւ ասաց, որ երեկ մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը հավաքել է մարզի դպրոցների տնօրեններին ու նրանց երկու ձեւաթուղթ-դիմում է դեմ տվել: Դրանցից մեկով տնօրենները պետք է անդամագրվեն Հանրապետական կուսակցությանը, իսկ այդ առաջարկին չհամաձայնելու դեպքում պետք է լրացնեն մյուս դիմումը առ այն, որ հրաժարվում են տնօրենի պաշտոնից:

Մեր աղբյուրի ասելով, քչերն են համարձակվել դիմադրել ու դժգոհել, թեեւ միաժամանակ նաեւ շատ խիստ խոսակցություններ են եղել: Այդուհանդերձ, բոլորը մեկ մարդու նման մի քանի րոպեում դարձել են ՀՀԿ անդամներ: Վարչության պետ տիկին Սայադյանը, որ մարզպետ Ալբերտ Հերոյանի հովանավորյալն է, հանրապետական դարձած նորաթուխ տնօրեններին նաեւ հրահանգել է 10-օրյա ժամկետում իրենց դպրոցներում «կուսակցական բջիջներ» ստեղծել: Ավելի պարզ ասած, անդամագրել նաեւ իրենց ուսուցիչներին:

Մեր զրուցակից տնօրենը նեղսրտած էր, թե իր գործընկերներն անդամագրվել են, որովհետեւ այլ ելք չունեն՝ ընտանիք են պահում, թեեւ ընդհանուր ոչինչ չունեն ՀՀԿ-ի հետ: Բայց հիմա, նրա ասելով, տնօրեններին ու մասնավորապես իրեն այլ բան է մտահոգում՝ ինչպե՞ս են, իր բառերով ասած՝ «վերբովկա անելու» ուսուցիչներին. «Բա էդ ուսուցիչները չե՞ն ասի՝ դու ծախվել ես, հիմա էլ մեզ ես ստիպում կուսակցական դառնա՞լ»:

Երեկ մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ հենց մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանից: Պարզվեց՝ նա մեկնել էր դպրոցներ՝ թերեւս տեղերում իր հրահանգների կատարման նախապատրաստություններին ծանոթանալու համար: Երբ քարտուղարուհուց խնդրեցինք նրա բջջայինի հեռախոսահամարը, քարտուղարուհին իմանալով, որ զանգողը լրագրող է, շտապեց հայտարարել՝ այդ դեպքում չեմ կարող համար տալ, վաղը զանգեք:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա՝ այս կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Արտակ Զաքարյանը, ով արդեն համանման ահազանգ էր ստացել, խոստացավ տեղեկությունները ճշտել ու պաշտոնական պատասխան տալ արդեն այսօր:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել