Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց

Մայիս 18,2006 00:00

Առանց ՀՀ իշխանությունների կյանք չունի ՌԴ քաղաքացի Արա Աբրահամյանը խոստանում է մասնակցել, բայց չխառնվել հայաստանյան քաղաքականությանը: «Առանց ՀՀ իշխանությունների օգնության մենք հաջողությունների չենք հասնի, ինչպես առանց Սփյուռքի հնարավոր չէ լուծել Հայաստանում տնտեսական, քաղաքական, հասարակական խնդիրներ: Արդեն գտել ենք միջոցներ տարաձայնությունները հարթելու եւ միասնական աշխատելու համար»,- երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ասուլիսի ժամանակ կոնգրեսի նախագահն ամփոփեց իրենց կատարած աշխատանքների արդյունքները: 2.5 տարվա գործունեության ընթացքում կոնգրեսի համար առաջնային է եղել Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացման, ցեղասպանության, Սփյուռք-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերություններին վերաբերող խնդիրները: Նա ասաց, որ ցեղասպանության հարցով եւս կատարվել են բազմաթիվ աշխատանքներ: Փորձագետների խումբն արդեն երրորդ անգամ է Հայաստանում եւ ՀՀ իշխանությունների առաջ հանդես է եկել առաջարկություններով՝ «ցեղասպանության հարցը հանձնել միջազգային դատարան, քանի որ ձեռքի տակ բազմաթիվ նյութեր ունենք»: Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ 2007-ին կկայանա մի գիտաժողով, որին կմասնակցեն եւ ՀՀ իշխանությունները, եւ փորձագետների խումբը: Ասուլիսի ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ. «Հայաստանը գտնվում է պրոբլեմների կենտրոնում, այն, ինչ կատարվում է երկրի շուրջ, անմիջականորեն ազդում է նաեւ Հայաստանի վրա: Ուստի Կովկասին վերաբերող քննարկումների վայր Հայաստանն ընտրելը՝ տեղին է»,- ասաց Արա Աբրահամյանը: Ասուլիսի ընթացքում նա անընդհատ խոսում էր խոշոր կառույցների շուրջ կազմակերպությունների համախմբման մասին: Հարցին, թե ինչու իրենք չեն մտնում որեւէ խոշոր համաշխարհային կազմակերպություն, նա պատասխանեց, թե առաջարկություններ չեն արել: Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցել-չմասնակցելու մասին ասաց. «Չեմ կարող անտարբեր լինել Հայաստանի քաղաքականությանը: Կմասնակցենք, ոչ թե կխառնվենք»: «Առավոտի» հարցին, թե արդյոք հավաստի՞ են այն խոսակցությունները, թե Արա Աբրահամյանը եւ ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը մի բանկի փայատեր են, Ա. Աբրահամյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները զուտ բամբասանքային մակարդակի են, եւ նույնիսկ չի էլ ցանկանում արձագանքել դրանց: Նա ասաց, որ դրանք անհիմն են, քանի որ նմանատիպ որեւէ բան չկա: Նա չժխտեց, որ 2003-ին ՀՀ ԳԱԱ-ին տրամադրել է 210 հազ. ԱՄՆ դոլար, եւ ավելացրեց, որ տեղյակ է՝ գումարներն ինչպես են ծախսվել, ինչ նպատակների համար: Վստահորեն էլ ասաց, որ նպատակային են ծախսվել: Իսկ թե ինչու ԳԱԱ-ում չեն տրամադրում այդ հաշվետվությունը, Ա. Աբրահամյանը խորհուրդ է տալիս պարզել ՀՀ վարչապետից: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել