Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ

Մայիս 20,2006 00:00

Խորհրդարանում
ձեւավորվող նոր մեծամասնության առանձնահատկությունները՝ ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ
խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանն արդեն իսկ հրապարակավ է հայտարարել. «Փոխհամաձայնությունների դաշտը մեծանում
է, եւ եղած լծակները կստանան նաեւ մյուսները՝ «Ժողպատգամավորը», ՄԱԿ-ը»: Վերջինիս
ղեկավար Գուրգեն Արսենյանը երեկ արդեն իսկ «Ռեգնումին» հիշեցրել է, որ նախագահական
ընտրություններում ՄԱԿ-ը պաշտպանել էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը, եւ
շարունակելու են համագործակցությունը: Սակայն հիշեցնենք նաեւ մենք, որ ոչ վաղ անցյալում
ՄԱԿ-ը կոալիցիայի նախաձեռնությունները որակում էր ոչ այլ կերպ, քան «քյալլագ»: Եվ
ասենք, անցած տարի հուլիսի 22-ին կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում ՄԱԿ-ը «սառը
պատերազմ» հայտարարեց կոալիցիային, ու Գուրգեն Արսենյանը խոստացավ, թե շարունակելու
են «չորով»: Ավելին՝ նա կուսակցության գաղափարական հակառակորդ հռչակեց ՀՅԴ-ին, վարչական
հակառակորդ՝ ՀՀԿ-ին, մասամբ էլ՝ ՕԵԿ-ին: Իսկ թե ինչպես հակադարձեց ՀՅԴ-ն այս «սառը
պատերազմին»՝ ակնարկներ անելով ՄԱԿ-ի բաժանած ընտրակաշառքների մասին եւ այլն, կարող
եք վերընթերցել «Առավոտի» 26.07.05 համարում: Այս պայմաններում ինչպե՞ս է բացատրում
մինչ ընտրությունները մնացած վերջին տարում ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը
Գուրգեն Արսենյանը՝ հայտնի կդառնա կուսակցության խորհրդի այսօր կայանալիք նիստից
հետո: Իսկ մինչ այդ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին հիշեցրինք
ՄԱԿ-ի այս դիրքորոշումները եւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունն
իրենց հետ նախկինում «սառը պատերազմողի» հետ: «Քաղաքական գործընթացներն ունեն մեկ
տրամաբանություն՝ շահերի բախում կամ համընկնում,- պատասխանեց պրն Աշոտյանը:- Մինչեւ
խորհրդարանական ընտրությունները մնացած ժամանակահատվածում, կարծում եմ, որ հնարավոր
է գտնել համագործակցության, այն է՝ շահերի համընկնման կետեր Ձեր մատնանշած պատգամավորական
ուժերի հետ: Քաղաքականության մեջ որեւէ բան բացառելն ի սկզբանե սխալ է: Եվ այդ պարագայում
ՄԱԿ-ի, «Ժողպատգամավոր»-ի կամ նոր ստեղծվելիք պատգամավորական խմբի հետ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի
համատեղ աշխատանքը, կարծում եմ, կլինի շահերի ընդհանրացման սկզբունքով: Եթե կոալիցիան
կարողացել է ստեղծվել ի սկզբանե գաղափարապես անհամատեղելի քաղաքական ուժերի կողմից,
որոնք մարտավարական ընդհանուր գերակայությունների շուրջ կնքել էին համաձայնագիր եւ
3 տարի աշխատում էին, ապա չեմ բացառում, որ այս քաղաքական ուժերի միջեւ էլ համագործակցությունը
տեղի կունենա՝ թեպետ առանց այդ իրավական ձեւակերպման: Կարծում եմ, ԱԺ աշխատանքը կշարունակվի
բնականոն հունով, եւ քվեարկությունների ժամանակ չի լինի որոշիչ մեծամասնության խնդիր,
քանի որ այն լուծված կլինի քաղաքական համաձայնությունների, շահերի համընկնման սկզբունքի
վրա»: Քիչ հավանական է, սակայն համաձայնությունները կարող են եւ վտանգվել
«Ժողպատգամավորի» պատճառով, որի առանձին անդամների որոշակի հավակնությունները չբավարարվեցին,
ուստի նրանք այնքան էլ տրամադիր չեն համագործակցության կոալիցիայում մնացածների հետ:
Հիշեցնենք նաեւ, որ թեեւ «Ժողպատգամավոր» խումբը վճռական պահերին միշտ քվեարկում
էր այնպես, ինչպես պետք է մեծամասնությանը՝ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ էր
երբեմն-երբեմն հանդես գալիս կոալիցիայի քննադատությամբ: Մեջբերենք նման օրինակներից
մեկը. անցած տարվա փետրվարին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կոալիցիան ոչ միայն
չի կարողանում գործընթացները տանել բնականոն հունով, այլ նաեւ նման ցանկություն էլ
չունի. «Ժամանակին ժողովրդի ականջները շոյելով, մասամբ խաբելով, ձայները գրպանել
են, իշխանությունը կոալիցիոն սկզբունքով իրար մեջ բաժանել են, ու հիմա փոխադարձ մեղադրանքներով
յուրաքանչյուրն ուզում է ընդլայնել իր ունեցած իշխանության տոկոսը: Տպավորությունն
այնպիսին է, որ այս ուժերը իշխանություն են վերցրել ամեն մեկն իր կուսակցությունով
հնարավորինս լավ զգալու համար»: Այս հիշեցմանն ի պատասխան՝ ՀՀԿ խորհրդի անդամն ասաց,
թե մեկնաբանությունները նույնն են, ինչ ՄԱԿ-ից մեջբերումների պարագայում, քանի որ
պատասխանելիս նկատի էր ունեցել նաեւ «Ժողպատգամավոր»-ին. «Վստահ եմ, որ ՀՀԿ-ն եւ
ՀՅԴ-ն կգտնեն հպման կետեր, որոնց շուրջ կարող են համատեղ աշխատել անգամ ամենածայրահեղ
դրսեւորումներ ունեցող պատգամավորների հետ»: Եվ այս կապակցությամբ էլ հավելեց եւս
մի գործոն, որը պիտի խթանի խորհրդարանական ուժերի համագործակցության ցանկությունը.
«Պետության ժողովրդավարական զարգացման համար խիստ անցանկալի են արտահերթ ընտրությունները:
Թեպետ եղել են այդ վտանգը բացառող հայտարարություններ՝ այս հանգամանքը կստիպի քաղաքական
ուժերին աշխատել միասին: Քանի որ քաղաքական ուժերի հետ գերխնդիրն այն է, որ երկիրը
հեռու պահեն ցնցումներից: Չեմ բացառում, որ այն ժամանակահատվածում, երբ արվել են
Ձեր մեջբերած հայտարարությունները՝ նման խնդիր էր դրված ՄԱԿ-ի կամ «Ժողպատգամավորի»
կողմից: Սակայն ժամանակահատվածը եւ իրավիճակը փոխվել են: Եվ բնական է, որ հնարավոր
են նաեւ այլ մոտեցումներ»: Բարձր է հնչում «շահերի ընդհանրացման սկզբունք»
արտահայտությունը, սակայն ամեն ինչ ի վերջո հանգում է պաշտոնների բաշխմանը: Արդյոք
դրանք բավարա՞ր են՝ այն պարագայում, երբ հանուն պաշտոնի ՕԵԿ-ից հրաժարված անձինք
առայժմ բարեհաջող շարունակում են պաշտոնավարել: Սակայն առավել կարեւոր հարցն է, թե
թույլ տալով նրանց շարունակել պաշտոնավարումը՝ արդյոք վարվելակերպի նորմ չե՞ն դարձնում
նման պահվածքը եւ առավել չե՞ն խորացնում այն երեւույթները, որոնց ամենամեղմ բնորոշումը
քաղաքական համակարգի անկատարությունն է: Այս հարցադրմանը ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն
Աշոտյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք խորացնում ենք քաղաքական համակարգի անկատարությունը,
քանի որ նման միջադեպերով չէ միայն, որ քաղաքական համակարգը պիտի հասնի իր կատարելությանը:
Առհասարակ՝ կուսակցությունները մեզանում ակնհայտորեն դեռեւս քաղաքական համակարգի
լիովին կայացած օղակներ չեն, ինչպես նաեւ՝ քաղաքացիական հասարակությանը բնորոշ այլ
օղակները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել