Լրահոս
Օրվա լրահոսը

Ականը սկսեց աշխատել

Մայիս 25,2006 00:00

Ականը
սկսեց աշխատել Թեեւ Ջորջ Բուշը նախօրեին հայտարարել էր, որ
«Միացյալ Նահանգները ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային հարցը»,
խնդրո առարկա տարածաշրջանում զարգացող վերջին իրադարձությունները ցույց են տալիս,
որ ցանկալի նպատակին հասնելու համար Վաշինգթոնին խորթ չեն բոլոր հնարավոր ճանապարհները:
Դրանցից մեկի մասին մամուլում արդեն մի շարք անդրադարձներ են եղել, եւ այն,
ինչ այս օրերին տեղի է ունենում Իրանի հյուսիսում կամ, այսպես կոչված՝ Հարավային
Ադրբեջանում, ըստ էության, այս կամ այն չափով արդեն կանխատեսված է: Միանգամից նշենք,
որ խոսքը Թեհրանի ռեժիմը «ներսից» թուլացնելուն միտված գործողությունների մասին է,
մասնավորապես՝ իրանական ադրբեջանցիների ձեռամբ իրավիճակն ապակայունացնելու միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», երկու օր առաջ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության
դեսպանատան առջեւ անցկացվել է բողոքի ցույց՝ Իրանի Թավրիզ քաղաքում ադրբեջանցի ցուցարարների
գնդակահարության կապակցությամբ: Ցույցին մասնակցել են Ադրբեջանի եւ Իրանի (Հարավային
Ադրբեջան) քաղաքական կազմակերպությունների տասնյակ ակտիվիստներ: Չնայած ոստիկանության
դիմակայությանը՝ բողոքի ցույցը կայացել է, որի մասնակիցները ցուցադրաբար այրել են
Իրանի դրոշը: Ցուցարարներից չորսը ձերբակալվել է, որոնց թվում է «Միասնական Ադրբեջան»
միավորման վարչության անդամ Ագիլ Սամեդբեյլին: Նշենք, որ մի քանի օր առաջ
Թավրիզում ցույց կազմակերպած ադրբեջանցիները գնդակոծվել էին ոստիկանների կողմից:
Երեկ այդ գնդակոծման հետեւանքով զոհվածների թիվն արդեն հասել էր 18-ի: «Թուրանի»
փոխանցմամբ, որն իր հերթին հենվել է «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» կազմակերպության
Բաքվի Բյուրոյի տարածած տեղեկատվությանը, վիրավորների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Ինչ վերաբերում է թեթեւ վիրավորներին, ապա, աղբյուրի հավաստմամբ, Իրանի անվտանգության
ուժերի ներկայացուցիչները վերջիններիս տանում են անհայտ ուղղությամբ եւ նրանց հետագա
ճակատագիրն անհայտ է: Երեկ Թավրիզում բողոքի գործողությունները պետք է շարունակվեին:
Այսպիսով, կարող են արձանագրել, որ մոտեցել է Իրանի հարավադրբեջանական դանդաղ
գործողության ռումբի պայթելու ժամը, եւ հիմա շատ կարեւոր է դառնում հարցը, թե ինչ
սցենարով կզարգանան Իրանի ադրբեջանցիների բողոքի գործողությունները: Վաշինգթոնը,
իհարկե, կձգտի առավելագույն օգուտ քաղել այս իրադարձություններից, սակայն, դրանով
հանդերձ, ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ Իրանի պառակտմանն ուղղված միտումները անվերահսկելի
բնույթ ստանան, ինչը, ի դեպ, խիստ անցանկալի կլիներ նաեւ մեզ՝ Իրանի հարավադրբեջանական
շրջաններին անմիջականորեն սահմանակցող Հայաստանի համար: Մինչ այդ նշենք, որ
Թեհրանի քաղաքականությունից դժգոհ ադրբեջանցիները մտադիր են առաջիկայում բողոքի ցույցեր
անցկացնել միաժամանակ Ուրմիայում, Մարաղում, Միանում եւ Իրանի այլ քաղաքներում: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել