Լրահոս
Օրվա լրահոսը

Կապի

Մայիս 25,2006 00:00

Կապի նախարարության երեք անկապ պատասխանները 2005թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրությունները ստանալու՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է երեք միմյանց հակասող պատասխան։ Նախ, նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը գրավոր պատասխանեց. «Մինչեւ 2006թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը Կարգավորողին է փոխանցել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի գրությունում բարձրացված հարցի կարգավորման նպատակով Ձեզ անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։ Կենտրոնը հետեւեց նախարարի տեղակալի խորհրդին եւ դիմեց հանձնաժողով, որի նախագահ Ռոբերտ Նազարյանը, սակայն, գրավոր տեղեկացրեց, որ «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը 2005 թվականի ընթացքում նախարարության եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրություններ չի փոխանցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։ Հակասությունն ակնհայտ էր։ Պաշտոնյաներից մեկը ստում էր, մնում էր պարզել, թե՝ ով։ ԻԱ կենտրոնը պատճենեց Ռոբերտ Նազարյանի գրությունը եւ ուղարկեց տրանսպորտի եւ կապի նախարարին, որին այլ բան չէր մնում, քան խոստովանել, որ տեղեկություններն իսկապես նախարարությունում են, բայց, ցավոք, դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք, ուստի պահանջեցին որոշակիացնել, թե ԻԱ կենտրոնը ո՛ր արձանագրությամբ է հետաքրքրված։ Երկրորդ գրությամբ, փաստորեն, նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը հավաստեց, որ ստել գիտի, բայց օրենք լավ չգիտի։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է գաղտնիք, ապա տեղեկություն տրամադրվում է մյուս մասի վերաբերյալ։ Այսինքն, նախարարությունը պարտավոր է տրամադրել բոլոր այն արձանագրությունները, որոնք գաղտնիք չեն պարունակում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին ուղարկված երրորդ գրավոր պատասխանով տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանն ապացուցեց, որ ստելու հետ միաժամանակ նաեւ սկզբունքային է, ինչն օրինավոր գործելուց վեր է դասում։ Երրորդ գրությամբ նախարարությունն ուղղակի մերժեց տեղեկությունները տրամադրել՝ հիմնավորելով, որ տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից, ուստի նախարարությունը չի կարող բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջը։ Վ. Առաքելյանին հիշեցնենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանված է գործող Սահմանադրությամբ, որի նորմերը գործում են անմիջականորեն։ Այսինքն, նույնիսկ եթե գոյություն չունենա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, առավել եւս՝ կառավարության սահմանած կարգը, տեղեկությունը պետք է տրամադրվի։ ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել