Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ

Մայիս 27,2006 00:00

«ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ» Երեկ խորհրդարանական ճեպազրույցների մեխը «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի եւ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հեռակա բանավեճն էր: Այն ծագել էր Արթուր Բաղդասարյանի հետ Արտաշես Գեղամյանի բանավեճից հետո, որի ընթացքում «Ազգային միաբանության» առաջնորդն ասել էր. «1998-ի նախագահական ընտրությունների նախաշեմին մինչեւ գիշերվա ժամը 2-ը երջանկահիշատակ Կարեն Սերոբիչենց տանն եմ եղել: Իր հետ եկել ենք պայմանավորվածության՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցի ծայրաստիճան բարդ լինելը՝ երկուստեք, ինքը համոզվել է, որ ճիշտ կլինի, որ, այո՛, ինքը դառնա վարչապետ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը վստահվի Ռոբերտ Քոչարյանին, եւ ինքն այդ հարցն առաջ տանի: Երջանիկ պահեր ապրեցինք, միասին տանը կոնյակ խմեցինք: Երջանիկ վերադարձա տուն: Մի ժամ հետո մեր ընդհանուր բարեկամներից մեկը զանգ է տալիս՝ էս ի՜նչ ես արել, փոշմանացրել ես Կարեն Սերոբիչին: Եվ ցավոք սրտի, դրա հաջորդ օրը հայտնի դարձավ, որ երջանկահիշատակ Կարեն Սերոբիչը դնում է իր թեկնածությունը»: Վերահաստատելով իր պնդումները՝ Արտաշես Գեղամյանն «Առավոտին» ասաց. «Մեծագույն ստորություն եմ համարում իմ խոսքերի նենգափոխումը, թե իբր Կարեն Դեմիրճյանին առաջարկել եմ դառնալ վարչապետ: Այս նենգափոխումն ակնհայտորեն հետապնդում է ստեղծված իրավիճակում երկրորդ ճակատ բացելու, թշնամանք սերմանելու նպատակ»: ԱՄ առաջնորդը երեկ ճեպազրույցում շեշտեց իր խոսքի այն հատվածը, թե Կարեն Դեմիրճյանն ի՛նքն է եկել համոզման, որ ճիշտ կլինի, եթե դառնա վարչապետ. «Չափազանց կարեւորելով Հայաստանի խաղաղ զարգացումները՝ ի՛նքը պետք է որոշում կայացներ: Իսկ ենթատեքստն այն է, որ կուզենար՝ կդառնար նախագահ, կուզենար՝ կդառնար վարչապետ»: Արթուր Բաղդասարյանի հետ բանավեճի ընթացքում Արտաշես Գեղամյանը նաեւ հայտարարել էր, թե Կենտրոնի թաղապետի թեկնածու, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանին իրենք բնականաբար չէին պաշտպանելու. «Ունեինք մեր թեկնածուն՝ մեր Վիլեն Արեւշատյանը, որը 5 անգամ ավելի ձայն հավաքեց ավագանու ընտրություններին, քան Ռուզան Խաչատրյանն էր հավաքել»: Այս պնդումից հետո էլ Ռուզան Խաչատրյանն էր հիշեցրել, որ Վիլենը հավաքել էր 2 հազար 677 ձայն, իսկ իր օգտին գրանցվել էր 4 հազար 470 ձայն։ Սրան ի պատասխան երեկ պրն Գեղամյանը նշեց, թե Գագիկ Բեգլարյանը ստացել էր 32 հազար ձայն. «Այսինքն՝ Ռուզանից 6 անգամ ավելի: Իսկ Վիլեն Արեւշատյանը ավագանու 49 թեկնածուներից ստացել էր 2700: Այսինքն՝ 49-ից 2700 ստանալը, եւ 2 թեկնածուներից 4500 ձայնը… սխալվե՛լ եմ, տեսակարար կշռով ոչ թե 5 անգամ ավելին է ստացել Վիլենը, այլ 15 անգամ: Ես ուղղակի չուզեցա այդ աղաղակող թվերի մասին ասել»: Անդրադարձավ նաեւ 2003-ի փետրվարի 19-ի հայտարարությանը՝ ընտրությունների առաջին փուլի արդյունքները չճանաչելու մասին: Այն ընդամենը նախագիծ էր, որն ԱՄ առաջնորդը, ըստ նախագահի այլ թեկնածուների, հրապարակել էր՝ դրժելով պայմանավորվածությունը: «Ես դա առաջին անգամ հրապարակել եմ փետրվարի 25-ին կամ 26-ին՝ ԱԼՄ-ով, եւ ոչ թե փետրվարի 19-ին»,- պնդեց պրն Գեղամյանը: Եվ դժգոհեց. «Քաղաքական բանսարկուներն ուզում են անպայմանորեն սեպ խրել իմ եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Կարծում եմ՝ չի հաջողվի»: Իր հերթին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ճեպազրույցում հայտարարեց. «Ամեն անգամ չէ, որ ես արձագանքում եմ, երբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է հայտնվում: Սակայն ես չեմ կարող հանդուրժել, երբ խեղաթյուրվում է իրականությունը՝ կապված Կարեն Դեմիրճյանի հետ, ո՛ւմ կողմից էլ դա արվի»: Եվ անդրադարձավ Արտաշես Գեղամյանի պնդումներին Դեմիրճյանի տանը կայացած հանդիպման մասին՝ խոստանալով, թե այլեւս չի անդրադառնալու այդ թեմային. «Պետք չէ ակնկալել որեւէ բանավեճ: Պետք չէ ակնկալել որեւէ շոու: Խոսակցությանը ես ներկա եմ եղել: Կարեն Դեմիրճյանն առաջարկել է «Ազգային միաբանության» ղեկավարին դառնալ շտաբի պետ: Առաջարկությունը մերժվել է նրա կողմից: Եվ եթե առաջարկվել է, բնականաբար արդեն որոշում էր կայացվել առաջադրվել որպես նախագահի թեկնածու»: Հավելեց. «Նա իրավունք չունի՛ խեղաթյուրել իրականությունը՝ հատկապես կապված Կարեն Դեմիրճյանի հետ: Կրկնում եմ՝ շատ բան կարող եմ հանդուրժել, բայց գոյություն ունի սահման»: Նշենք, որ ճեպազրույցից հետո «Առավոտի» հետ զրույցի ընթացքում պրն Գեղամյանը վստահեցրեց, թե ինքն էլ չի հանդուրժի Կարեն Դեմիրճյանի հասցեին որեւէ ապատեղեկատվություն, սակայն ճշտեց, թե իր հիշատակած զրույցը կայացել է մինչեւ Կարեն Դեմիրճյանի առաջադրվելը: Ընդ որում, ընդգծեց, թե այդ զրույցն ընթացել է առանց որեւէ 3-րդ անձի մասնակցության: Մինչդեռ Ստեփան Դեմիրճյանն, ըստ պրն Գեղամյանի, խոսել է 2-րդ հանդիպման՝ «առաջադրման հաջորդ օրը կայացած զրույցի մասին, երբ ինձ առաջարկ է արվել դառնալ շտաբի պետ»: Ստեփան Դեմիրճյանը ճեպազրույցում նաեւ նշեց, թե հարկ չի համարում անդրադառնալ 2003-ի ընտրությունների 1-ին փուլի հետ կապված փաստաթղթին. «Սպառիչ պատասխանը տրվել է հենց 2003-ին: Այս օրերին էլ հիշեցման կարգով խոսվել է այդ մասին»: Խոսքը մեր հիշեցման մասին է, թե ՀԺԿ նախագահը բազմիցս էր նշել, որ պրն Գեղամյանը չսատարելով՝ ալիբի էր ստեղծել ընտրակեղծիքների համար: ՕԵԿ-ի կողմից վերստին շրջանառության մեջ դրված այն վարկածի առնչությամբ, թե Արտաշես Գեղամյանը Սերժ Սարգսյանից ստացած գումարի դիմաց չպաշտպանեց Ստեփան Դեմիրճյանին՝ ՀԺԿ-ից միակ արձագանքը Ստեփան Զաքարյանինն էր, որն ԱԺ-ում հայտարարեց. «Եթե առողջ հասարակություն լիներ՝ առաջին հերթին ոչ թե պետք է հետաքրքրվեր՝ դա այդպե՞ս է, թե՞ չէ, այլ, թե որտեղի՞ց պաշտպանության նախարարին այդքան փող, որ կարող է թե՛ քաղաքական գործիչ գնել, թե՛ կուսակցություն»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, թե ՀԺԿ-ի համար տարակույս չի հարուցում այն հանգամանքը, որ կաշառքը եղել է, եւ միակ հարցականն այն է, թե որտեղի՞ց Սերժ Սարգսյանին այդքան փող: Ստեփան Դեմիրճյանը վրդովվեց. «Իհարկե, ո՛չ: Առհասարակ ճիշտ չեմ համարում ինձ նման հարցեր տալը: Ես ոչ դատախազ եմ, ոչ էլ դատավոր: Հրաժարվում եմ նման թեմաներով խոսել, թե ով, ում, ինչ… եւ այլն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով հարցին, թե արդյոք ՕԵԿ-ն իրապե՞ս ընդդիմության շարքերն է անցել, թե՞ դա խաղ է՝ ասաց. «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: Մենք կասկածամտությամբ չենք տառապում: Գտնում ենք, որ ավելի լավ է սխալվել հավատալով, քան սխալվել չհավատալով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել