Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ՆԿԱՐՆԵՐԸ

Մայիս 30,2006 00:00

«Կառավարության ընդունելությունների
տնից 3 նկար անհետացել է»,- վստահեցնում են աշխատակիցները: Օրերս «Առավոտի»
խմբագրություն էին դիմել Կառավարության ընդունելությունների տան մի քանի աշխատակիցներ՝
հայտնելով, որ ընդունելությունների տնից մոտ 2 տարի առաջ շատ թանկարժեք 3 նկար է
անհետացել, եւ մինչ օրս իրենց համար մութ է մնացել, թե ինչու պատկան մարմինները դրանով
չզբաղվեցին եւ հարցը ներքին կարգով փակեցին: Աշխատակիցների անունները հասկանալի պատճառներով
չենք հրապարակում, քանի որ, վերջիններիս ներկայացմամբ՝ տնօրինությունը նրանց հորդորել
է այս թեման այլեւս չշոշափել, այլապես աշխատանքից կհեռացվեն: Ըստ աշխատակիցների,
նկարների անհետացման մասին տեղյակ է եղել նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարությունը, բացի այդ, հեռուստաեթերով էլ այդ մասին հայտարարություն է եղել,
բայց ոչ մի ընթացք խնդրին չի տրվել: Այն, որ նման աղմկահարույց խնդիրը սուսուփուս
է լուծվել, աշխատակիցների համոզմամբ՝ «նշանակում է նկարների գործով ներսի մարդու
մատն է խառը»: Նկատենք, որ Կառավարության ընդունելությունների տան արտաքին
հսկողությունը շատ խիստ է, եւ ցանկացած միջոցառման ժամանակ այցելուներին անհրաժեշտ
է առնվազն կես ժամ շուտ գալ՝ միջոցառումը բաց չթողնելու համար, քանի որ արդեն դարպասների
մոտից անվտանգության մի խումբ աշխատակիցներ փաստաթղթերից, պայուսակից ու հագուստից
սկսած մանրամասն ստուգում, շոշափում, նոր ներս են թողնում: Այնպես որ, աշխատակիցների
առաջ բերած այն վարկածը, որ թանկարժեք նկարները «տակով» են արել ներսում, ավելի հավանական
է: Կառավարության ընդունելությունների տան տնօրեն Թամարա Իկնոյանն ընդհանրապես
հերքեց, որ իրենց շենքից նկար է անհետացել՝ հավաստիացնելով, որ Ազգային պատկերասրահի
կողմից իրենց ժամանակավորապես ի պահ հանձնված 12 նկարն էլ իրենք «ողջ-առողջ» վերադարձրել
են պատկերասրահին, եւ ոչ մի ցուցանմուշ չի պակասել: Բայց, մեր տեղեկություններով,
չգիտես ինչու, այս նկարների գործով հետաքրքրվել եւ նույնիսկ ընդունելությունների
տանը ստուգումներ է անցկացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչը հաստատեց նաեւ
տիկին Իկնոյանը: Այդ դեպքում առավել քան տարօրինակ է, թե դատախազությունը ինչու պետք
է առանց որեւէ պատճառի ստուգումներ կատարեր: «Առավոտի» այս հարցին տնօրենն էլ որեւէ
էական պատասխան չտվեց, միայն ասաց, որ իրենք Ազգային պատկերասրահի հետ պարտք ու պահանջ
չունեն: Այս առնչությամբ Թ. Իկնոյանը նույնիսկ գրավոր դիմել է պատկերասրահի
տնօրենին՝ խնդրելով գրավոր տեղեկանք տրամադրել, որ «2001թ. մայիսի 22-ի 07 ակտով
մեզ ի պահ տված թանգարանային առարկաները վերադարձվել են Ազգային պատկերասրահին, եւ
պատկերասրահը պահանջ չունի այդ աշխատանքների նկատմամբ»: Այնուամենայնիվ, նկարների
շուրջ ինչ-որ գլխացավանք ստեղծվել է: Եթե նույնիսկ պատկերասրահի եւ Կառավարության
ընդունելությունների տան միջեւ նկարների տալ-առնելը փաստաթղթով ամրագրվում է, պատկերասրահը
գրավոր տեղեկանք այսպես թե այնպես պետք է տար, եւ հարկ չէր առաջանա, որ տնօրենը խնդրեր:
Ի պատասխան տիկին Իկնոյանի գրավոր խնդրանքին՝ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը
գրել-ստորագրել է, որ «12 գեղանկարները 2004-ի նոյեմբերի 30-ին վերադարձված են Ազգային
պատկերասրահին, եւ մենք այդ թանգարանային առարկաների վերաբերյալ որեւէ պահանջ չունենք»:
Թ. Իկնոյանը պատրաստակամություն հայտնեց մեզ հետ միասին այցելել պատկերասրահ
ու մեկ առ մեկ նկարները ստուգել, ինչը պատրաստվում ենք անել առաջիկայում: Սակայն
կարելի է ենթադրել, որ բոլոր նկարներն էլ արդեն տեղում են. խնդիրն առաջացել է 2 տարի
առաջ, եւ այս ընթացքում չի բացառվում, որ բոլոր հարցերը ներքին կարգով լուծած կլինեն:
Սովորաբար, Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվում են միջազգային
ու միջպետական համաժողովներ, կոնֆերանսներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Հյուրերի աչքը շոյելու համար սրահները զարդարվում են թանգարանային նմուշներով: Պատկերասրահի
12 թանկարժեք նկարները եւս ընդունելությունների տանը տրամադրվել էին այդ նպատակով:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել