Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԼԱԴԻՄԻՐ

Մայիս 30,2006 00:00

ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է» Ռուսաստանի հավաքականի առաջատար Վլադիմիր Կրամնիկն այս խոսքերն ասել է այն բանից հետո, երբ Թուրինում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի եւ Ռուսաստանի հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Լեւոն Արոնյանը ներկայումս աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է,- ասաց նա:- Եվ նրան հաղթելն ինձ համար իսկապես մեծ պատիվ է: Կարծում եմ, օլիմպիական ոսկու համար հիմնական պայքարն ընթանալու է Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ»: Ինչպես ցույց է տալիս մրցապայքարի հետագա ընթացքը, Կրամնիկը չի սխալվում: Վեցերորդ տուրում մեր Արոնյան, Հակոբյան, Ասրյան, Սարգսյան գրոսմայստերական քառյակը 2,5:1:5 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանին, իսկ մինչ այդ մեզ հետ հավասար միավորներ ունեցող Ռուսաստանը նույն հաշվով տանուլ տվեց Հոլանդիային: Ու Հայաստանն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաջորդ՝ 7-րդ տուրում հայ տղաները զարգացրին հաջողությունը՝ 3:1 հաշվով առավելության հասնելով այս մրցաշարում անչափ ուժեղ հանդես եկող Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթական միավոր վաստակեցին, համապատասխանաբար՝ Իվան Սոկոլովից եւ Էրվին Լամիից: Սերգեյ Տիվյակով-Վլադիմիր Հակոբյան, Լյուկ վան Վելի-Կարեն Ասրյան զույգերը միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղությամբ: Այսպիսով, 7 տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը 21,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 20,0 միավորով Ռուսաստանն է, իսկ առաջատարների եռյակը 19,5 միավորով եզրափակում է Կուբան: Երեկ ութերորդ տուրում Հայաստանը հանդիպելու էր Կուբայի հետ: Կանանց առաջնությունում մեր աղջիկները 7-րդ տուրում 1,5:1,5 խաղացին Բելառուսի հետ: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Նադեժդա Ազարովային, Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Նատալյա Պոպովայի հետ, իսկ Նելլի Աղինյանը տանուլ տվեց Տատյանա Բերլինին: Յոթ տուրից հետո մեր աղջիկների թիմը 13,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում: Երեկ Հայաստանի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն էր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել