Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե գործիչներ են, այլ գործիքներ»

Հունիս 10,2006 00:00

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը սա համարում է այսօրվա խորհրդարանի հիվանդությունը

Արամ Մանուկյանը խնդրեց լրատվամիջոցներին (քանի որ, իր ասելով, ուրիշ առիթ չի ունենա այսքան շատ լրատվամիջոցների առջեւ նման հայտարարություն անել), որ հատուկ ուշադրություն դարձնեն հեռուստաընկերությունների, ռադիոների եւ թերթերի ռուսաֆիկացմանը. «Բոլոր հեռուստատեսություններն արագ տեմպով ռուսաֆիկացվում են, ռուսական ծրագրերի քանակը գնալով ավելանում է: Ռաբիսացման դեմն առեք, խնդրում եմ, այս ազգը մեղք է այս իշխանության, այս մշակույթի, այս այլանդակության ձեռքը»:

Արամ Մանուկյանը որպես օրինակ ներկայացրեց օրերս բացված Թումանյանի արձանի միջոցառումը, որի ժամանակ հնչել է «Սիբիր, ռոդինա մայա, տի բոլշայա» երգը: «Ռաբիսության այս մակարդակը, այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ոչ թե մշակույթի հարց է, այլ՝ ազգային անվտանգության: Երբ քո ժողովրդին նպատակային իջեցնում են զոմբիական աստիճանի, փչացնում են ականջը, մտածողությունը, աչքը, այդ տեսակը դառնում է խոնարհ, հեզ, մանկուրտային տեսակ: Սա քաղաքականություն է, սա մշակույթ չէ, խնդրում եմ՝ փորձեք ձեր ուժերը ներդնել այս ամենի դեմն առնելու համար»,- ՄԱԱ-ում երեկ բուն թեմայից դուրս առաջարկեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին բուռն քննարկումների առարկա դարձած օրհներգի, զինանշանի եւ դրոշի հարցերին: Հիշեցրեց, թե ժամանակին ինչու եւ ինչպես ընդունվեց հենց այն օրհներգը, որն այսօր ունենք, այն զինանշանը, որ ունենք, եւ հենց այն դրոշը, որը մեր այսօրվա եռագույնն է: «Մենք այդ բոլոր երեք սիմվոլներն ընտրել ենք՝ որպես առաջին հանրապետությունից փոխանցված սիմվոլներ, որը նշանակում էր Առաջին հանրապետության մանդատի շարունակություն կամ Առաջին հանրապետության խորհրդանիշների հարգում: Մենք դա չենք ընդունել որպես լավ երաժշտություն, գեղեցիկ զինանշան կամ գունային երանգներով ներդաշնակ եռագույն: Ոչ, դա եղել է բոլոր քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում, եղել է մեծ մասամբ Դաշնակցության առաջարկի հիման վրա, եւ հիմնական նպատակը եղել է Առաջին հանրապետության անկախության արժեքները հարգելու իմաստն ու շարունակությունը: Խնդրում եմ, այ, սրա դեմն էլ կռիվ տաք: Պուճուր-մուճուր մտավորականներ, երաժիշտներ, նկարիչներ են հայտնվում, որոնք սկսում են բացատրել, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը ավելի լավն է, քան Բարսեղ Կանաչյանինը: Իհարկե: Բայց մենք երաժշտություն չենք ընտրել, մենք ընտրել ենք խորհրդանիշ, որի հնչյունների ներքո բոլորս ոտքի ելնենք, կանգնենք»:

Արամ Մանուկյանը ներքաղաքական կյանքի համար խիստ կարեւոր է համարում հատկապես Ղարաբաղի հարցը. «Հայաստանի ներքաղաքական բոլոր քայլերը կապված են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, եւ տնտեսական, ե՛ւ խորհրդարանական, բոլոր, բոլոր հարցերը: Ես այսօր էլ գտնում եմ, որ այդ հարցը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ: Տեմպերի, որակի առումով Հայաստանը ետ է մնում, միջազգային հանրությունը, կազմակերպությունները այս հարցով նորից ու նորից շեղվում են դեպի Ադրբեջան, եւ Հայաստանի շանսերը գնալով քչանում են: Ղարաբաղի հարցը չլուծելու՝ Հայաստանի իշխանությունների բացատրությունը շատ հեշտ է, բոլորդ գիտեք, Ռուսաստանի աջակցությունը շատ պարզունակ է, բոլորս գիտենք՝ ինչը ինչի համար է արվում: Բայց ինձ համար տարօրինակ է, եւ չեմ ուզում այդպես լինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը, գործիչները իրենց արդար, համարձակ մեկնաբանությունները չեն ներկայացնում ժողովրդին: Սա մեզ համար ամենաբացասական գործընթացն է, որի մեջ այսօր գտնվում ենք»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել