Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապրենք նույն արեւի տակ»

Հունիս 27,2006 00:00

Թատերական գործիչների միությունից դժգոհ անդամները ստեղծեցին այլընտրանքային թատերական միություն:

«Հայկական թատերական ընկերություն» միավորման (ՀԹԸ) անդրանիկ համագումարում երեկ վեճեր եւ սկանդալներ, անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը բնորոշ է մշակույթի գործիչներին, չէր տիրում: Համագումարին հրավիրված էր նաեւ Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Երվանդ Ղազանչյանը, որը թեեւ խոստացավ ողջույնից անմիջապես հետո հեռանալ, որպեսզի իր կոլեգաները ազատ արտահայտվեն, սակայն մնաց մինչեւ վերջ: «Սրանք հիմնականում Թատերական գործիչների միության նախագահության անդամներն են: Ուրախ եմ, որ վերջապես ԹԳՄ նախագահության անդամները սկսեցին աշխատել»,- «Առավոտին» ասաց պրն Ղազանչյանը: Տիկնիկային թատրոնի ղեկավար, համագումարի ավարտին ՀԹԸ նախագահ ընտրված Ռուբեն Բաբայանն էլ հակադարձեց. «Որ մենք էլ չբզեինք, ԹԳՄ-ն երիտասարդական թատերական փառատոն չէր անի, ամսագիր չէր հրատարակի»:

Ի տարբերություն ԹԳՄ-ի, նորաստեղծ ՀԹԸ-ն որդեգրել է համանախագահների սկզբունքը (Ռուբեն Բաբայան, Արմեն Մազմանյան, Արմեն Մելիքսեթյան, Ժիրայր Դադասյան, Արա Երնջակյան), որոնք տարին մեկ ռոտացիոն կարգով կփոխարինեն միմյանց: 100 անդամից բաղկացած ՀԹԸ-ն ունի 22 հոգանոց վարչության կազմ, որտեղ ներգրավված են նաեւ երիտասարդներ: Ուրբաթ օրը լույս կտեսնի միության «Սկենե» թերթի առաջին համարը:

«Սուսլովյան մտածելակերպով՝ ազգ, թատրոն, պետություն փրկելու ժամանակները վաղուց անցել են, պետք են նոր ֆորմատներ…»,- երեկ ասաց Արմեն Մազմանյանը, ով ժամանակին՝ ԹԳՄ համագումարին հրապարակավ պատռել էր իր անդամության տոմսը՝ հայտարարելով, որ այլեւս դուրս է գալիս այդ միությունից: Ըստ նրա, համանախագահների ինստիտուտը կոչված է «ի սկզբանե վերացնել թայֆաբազության լոգիկան, նախագահի աթոռի հանդեպ գայթակղությունը»: Մազմանյանը նաեւ «սպառնաց», որ ՀԹԸ-ն կստեղծի թատերական բորսա, հարուստ ինտերնետային էջ, սեփական իրավաբանական ծառայություն եւ «ոչ մի թատրոնի կամ դերասանի խնդիր տկանց չի մնա, չի կոծկվի, ոչ մի արվեստի մարդ դատարանում չի նվաստացվի… էնպես չի լինելու, որ համագումարը վերջացնենք, տուֆտենք ու փախնենք»:

«Բազմազանությունն ու մրցակցությունը առաջընթացի գրավականն են: Ինչքան շատ լինեն թատերական կազմակերպությունները, այնքան ավելի լավ: Պետք չէ ալտերնատիվ ամեն ինչ ընկալել որպես նախկինը ոչնչացնող… Հանգիստ կարելի է այս արեւի տակ համագործակցել ի նպաստ թատերական գործի»,- ասաց Ռուբեն Բաբայանը: Ի դեպ, ինչպես վերը նշեցինք, ՀԹԸ-ի անդամներից շատերը շարունակում են մնալ որպես ԹԳՄ անդամներ: «Ցանկանում եմ, որ այս միությունը սատար կանգնի թատրոններին եւ միասին կարողանանք աշխատել»,- ասաց Երվանդ Ղազանչյանը: Նա, այնուամենայնիվ, մտահոգված է. «Զարմանալիորեն սկսել ենք բաժանվել, բաժան-բաժան են լինում նույնիսկ 50-100 տարվա կուսակցությունները… Բայց ինձ ինչ-որ տեղ մխիթարում է այն, որ բոլորը տրոհվելով հանդերձ՝ ուզում են Հայաստանը ավելի լավը դարձնել: Ես ողջունում եմ նորաստեղծ թատերական միությանը եւ ասում՝ մենք մեր արածը կանենք, դուք էլ արեք մեր չարածը»:

ՀԹԸ նախագահ Ռ. Բաբայանը խոստացավ հասարակական հնչեղություն տալ մինչեւ հիմա բաց մնացած բոլոր հարցերին՝ խոսքը Փոսի թատրոնի վաճառված շենքի, Մնջախաղի անտուն թատրոնի, Թատրոնի, Հովանավորչության, Ավելացված արժեքի հարկի եւ այլ օրենքների մասին է: Ըստ Բաբայանի, օրինակ՝ Գերմանիայում, թատրոններին շնորհված է հանրության համար պիտանի գործ կատարող կազմակերպությունների կարգավիճակ, որոնց աջակցող գործարարները ազատվում են հարկային պարտավորություններից: «Գերմանացի կոլեգաներիցս մեկը հրճվանքով պատմում էր, որ իրենց թատրոնին աջակցելու պատրաստակամություն ցուցաբերած գործարարները հիմա հերթ են կանգնել, մնում է որոշել՝ ում հետ համագործակցել»,- նշեց նորընտիր նախագահը: Նա կարեւորեց նաեւ «ազատ բեմի» ստեղծումը, ինչը հնարավորություն կտա երիտասարդներին արտահայտել իրենց ստեղծագործական մղումները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել