Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ոնց կարողացել՝ աշխատել է

Հուլիս 04,2006 00:00

Այդ աշխատանքի արդյունքում Ջերմուկում նոր քաղաքապետ է ընտրվել

Հուլիսի 2-ին Ջերմուկ քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին. ջերմուկցիները քաղաքապետ էին ընտրում: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողներն այս համայնքում 5924-ն էին, որոնց 50 տոկոսից քիչ պակասը՝ 2480 քաղաքացիներ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներով, մասնակցել էին ընտրություններին: Առաջադրված երեք թեկնածուների միջեւ բաշխված ձայների տարբերությունն ակնհայտորեն ՀՀԿ-ի թեկնածու Վարդան Հովհաննիսյանի օգտին է: Նրան վստահության քվե է տվել ընտրություններին մասնակցածների համարյա 100 տոկոսը՝ 2352 հոգի: Մնացած երկու թեկնածուներից ՀՅԴ ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը ստացել էր 800, իսկ անկուսակցական Աշոտ Կարապետյանը՝ 247 քվե:

Անշուշտ, ՀՀԿ անդամ, Ջերմուկի էլցանցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի ստացած մոտ 100 տոկոսանոց քվեն ազդեցիկ ցուցանիշ է, բայց դա մյուս թեկնածուների նկատմամբ բացահայտ առավելություն համարելը ճոխություն կլիներ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ 100 տոկոսանոց քվեն «վաստակելու» համար ե՛ւ այս թեկնածուն, ե՛ւ նրան սատարող ԱԺ գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանը գործի էին դրել վարչական ռեսուրսներն ու ընտրողներին այլեւայլ ծառայություններ մատուցելու՝ օրենքով արգելված միջոցները: Ի դեպ, ընտրությունների օրը Վայոց ձորի մարզպետն էլ էր ժամանել Ջերմուկ: Ու թեեւ հունլսի 2-ին քաղաքի 4 ընտրական տեղամասերում ընտրություններն ընթանում էին առանց լուրջ միջադեպերի ու զանգվածային ընտրախախտումների, որի մասին վկայեցին նաեւ մյուս երկու թեկնածուների վստահված անձինք ու շտաբների ներկայացուցիչները, այդուհանդերձ, դեռեւս մինչեւ ընտրություններն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ պատգամավոր Ա. Արսենյանը, ով Ջերմուկում բազմաթիվ օբյեկտներ ունի, իր աշխատակիցներին զգուշացրել էր, որ բոլորն ընտրելու են Վարդան Հովհաննիսյանին, հակառակ դեպքում աշխատանքից կազատվեն: Բացի այդ, այս թեկնածուի թիմը տրանսպորտային միջոցներ էր հատկացրել Ջերմուկում գրանցում ունեցող ու Երեւանում ապրող ջերմուկցիներին տեղափոխելու համար, ովքեր, բնականաբար, քվեարկելու էին Վարդան Հովհաննիսյանի օգտին: Այն, որ ընտրողներ տանել-բերելու պրոցեսը լավ էր կազմակերպված՝ ակնհայտ էր դեռ Երեւան-Ջերմուկ ճանապարհին: Հենց Ջերմուկ տանող մայրուղում մենք ականատես եղանք երեւանյան երկու «12» երթուղու դեղին ավտոբուսների, որոնցով մարդկանց Ջերմուկ էին տեղափոխել, հետո տեսանք եւս մեկ սպիտակ «Գազել»:

Մենք այցելեցինք քաղաքի բոլոր ընտրական տեղամասեր, որտեղ, մասնավորապես, ՀՅԴ թեկնածու Վաչագան Հովհաննիսյանի վստահված անձանց ասելով, ընտրությունները նորմալ էին ընթանում, թեեւ կային դժգոհություններ՝ մի դեպքում՝ մեկ բաց քվեարկության, մի քանի դեպքերում՝ այսպես կոչված, «9-րդ ձեւ»-ի՝ ժամանակավոր գրանցման տեղեկանքների հետ կապված, որոնք տրվել էին քաղաքի ոստիկանության կողմից: Կոնկրետ ընտրատեղամասերից մեկում Վաչագան Հովհաննիսյանի վստահված անձ Սիմոն Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարեց, «Անունով է «9-րդ ձեւ», ով ուզում է՝ նույն րոպեին այդ թուղթը ստանում եւ գալիս՝ քվեարկում է: Սա արդեն 6-7-րդ դեպքն է (այդ պահին այդպիսի փաստաթղթով մի տղամարդ էր փորձում քվեարկել ու քվեարկեց- Ն. Մ.): Եղել են նաեւ բաց քվեարկության դեպքեր: Արձանագրություններ չենք կազմել, բայց կկազմենք»: Մեր այն հարցին, թե կարո՞ղ է ասել՝ բաց եւ «9-րդ ձեւով» քվեարկություններն ում օգտին են լինում, վստահված անձն ասաց. «Այո, միանշանակ Վարդան Հովհաննիսյանի»:

ՀՅԴ ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Առաքել Առաքելյանը ընտրությունների օրը մեր զրույցի ժամանակ ասաց. «Այս պահի դրությամբ ընտրությունները, կարծես թե, նորմալ հունով են ընթանում, առայժմ միջադեպեր չեն եղել, բայց եղել են խախտումներ. կոնկրետ զինվորներ են ներկայացել ընտրության, ինչը մենք արձանագրել ենք: Կոնկրետ տեղամասերում ակնհայտ խախտումներ, որոնցով ընտրական պրոցեսը կխաթարվեր, չեն եղել: Բայց կոնկրետ այն փաստը, որ դրսի ճնշմամբ քվեի վերահսկման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվում՝ առկա է, թեեւ փաստերով չեմ կարող մատնանշել: «Կարուսելի» կիրառման մասին կասկածներ եղել են, որոնք չենք կարողացել հաստատել: Վարչական լծակների օգտագործման դեպքեր եղել են, ավտոբուսներով բերել են ե՛ւ Ղարաբաղից, ե՛ւ Երեւանից»:

Պարոն Առաքելյանը ընտրությունների օրը վստահեցնում էր, որ իրենց թեկնածուն ունի հաղթելու ռեալ հնարավորություն, իսկ երեկ՝ արդեն ընտրություններից հետո, նա մեզ հետ զրույցում թեեւ նկատելիորեն դժգոհ էր ընտրությունների արդյունքից, բայցեւ ասաց, որ իրենք ԸԸՀ-ին բողոք չեն ներկայացրել, որովհետեւ անիմաստ են համարում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել