Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՇԵՆՔԻՆ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Օգոստոս 18,2006 00:00

Օպտիմալացման արդյունքում գյումրեցիներն աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում ստիպված են հասնել մայրաքաղաք:

Կառավարության օպտիմալացման ծրագրի համաձայն, Գյումրիում սկսվելու է բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Ընդհանրապես, Շիրակի մարզը օպտիմալացման համար դարձել է փորձադաշտ, որովհետեւ առաջին անգամ էլ, երբ հանրապետությունում օպտիմալացման ծրագիրը նոր էր ներդրվում, սկսեցին այն իրականացնել հենց Գյումրիից: Հաշվի առնելով, որ այդ ժամանակ օպտիմալացման առաջին փուլն ավարտվեց չտեսնված սկանդալներով, նույնպիսի սկանդալներ էլ սպասվում են նաեւ երկրորդ փուլի ընթացքում, քանի որ նորից ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Գյումրիի բազմապրոֆիլ հիվանդանոցների միավորում: Այսինքն՝ 3 նմանատիպ հիվանդանոցից մնալու է երկուսը, մեկ հիվանդանոց արանքից անհասկանալի պատճառներով դուրս է մնալու: Իսկ պատճառներն անհասկանալի են, քանի որ կառավարության որոշումը, ըստ գյումրեցիների, անտրամաբանական է. ինչո՞վ է մի հիվանդանոցը խանգարում կառավարությանը, չէ՞ որ առողջապահությունն էլ բիզնես է եւ շատ թվով հիվանդանոցների առկայությունը պարզապես մրցակցություն կստեղծի, որից թե՛ բուժսպասարկման որակը կլավանա, թե՛ ծառայությունների գները խելքին մոտ կլինեն, դաշտում մենատեր չի լինի:

Մեր տեղեկություններով՝ այս փուլում օպտիմալացման զոհը դառնալու է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Այն միավորելու են մարզային հիվանդանոցին, որի շենքը 3-րդ աստիճանի վթարային է: Իսկ Գյուլբենկյանի շենքը տիպային չէ. այն նախկինում եղել է շրջկենտրոնի շենք, ամուր է եւ նյութատեխնիկական բազայով գերհագեցած: Բացի այդ, բժիշկների ներկայացմամբ՝ հիվանդներին ներգրավելու համար իրենք սեփական միջոցներով այս հիվանդանոցը վերանորոգել են, որի համար միլիոններ են ծախսել: Մինչդեռ, ըստ նրանց, մարզային վթարային հիվանդանոցը վերանորոգելու համար ավելի շատ գումար է պետք: Գյուլբենկյանի հիվանդանոցն ընդհանուր առմամբ ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյանի ֆոնդից, այն, ըստ բուժհիմնարկի աշխատակիցների, երբեք հիվանդի պակաս չի ունեցել ու կառավարության որոշումը աննպատակահարմար է: Օրինակ՝ սրտաբանական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանն իր միջոցներով վերանորոգել է իր կաբինետը, բայց օպտիմալացման արդյունքում նրա ողջ ներդրումները ջուրն են լցվելու, ինչ վերաբերում է բուժտեխնիկային, այն պետք է ապամոնտաժվի եւ տեղափոխվի մարզային հիվանդանոց: Թե ինչու է կառավարությունը որոշել օպտիմալացնել հենց այս բուժհիմնարկը, ըստ շրջանառվող լուրերի` քաղաքի դաշնակցական պաշտոնյաներն արդեն հասցրել են այդ հիվանդանոցի շենքի համար մեծահարուստ «մուշտարի» գտնել:

Գյումրեցիներին օպտիմալացման ծրագիրը վրդովեցրել էր նաեւ այն պատճառով, որ առանց այդ էլ իրենց մոտ հիվանդանոցները քիչ են, ակնաբուժությունը կաղում է, չկան աչքի վիրաբույժներ եւ աչքի հասարակ հիվանդություններ բուժելու համար մարդիկ ստիպված են հասնել մայրաքաղաք կամ սպասել այնքան, մինչեւ բարերարները մասնագետներ կհրավիրեն: Օրինակ՝ վերջին անգամ սոցիալապես անապահով 33 հիվանդներին թանկարժեք վիրահատության ենթարկելու համար (մայրաքաղաքում այն արժե 205 հազար դրամ) «քավոր» կանգնեց Գյումրիի քաղաքապետարանը՝ հրավիրելով Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի վիրաբույժ Հովհաննես Սիմոնյանին, ով առաջին անգամ ոչ մասնագիտական պայմաններում կատարեց կատարախտի վիրահատություն եւ աչքի արհեստական ոսպնյակի տեղադրում: Այդ «քավորությունից» հետո քաղաքապետարանի պաշտոնյաները խոստովանեցին, որ «Շիրակի մարզում ոչ ակնաբուժական կենտրոն կա, ոչ նորմալ տեխնիկա, ոչ էլ վիրաբույժ, անամոթություն է, որ 21-րդ դարում հասարակ վիրահատության համար միայնակ ծերը հսկա ծախս պիտի անի ու Երեւան հասնի, էդ ի՞նչ թոշակ են ստանում խեղճերը, որ կարողանան մայրաքաղաք հասնել, որեւէ տեղ վարձով ապրել, ու դեռ վիրահատվեն»: Նրանք օպտիմալացման ծրագրի համար քննադատում էին առողջապահության նախարարությանը. «Հարգարժան նախարարություն, էդ որ օպտիմալացում էիք անում, մարզի առողջապահությունը բարեփոխումների էիք ենթարկում, է՞դ էր բարեփոխումը, որ հոնքը սարքելու տեղը աչքն էլ հետը հանեցիք. քաղաքի 2-րդ բուժմիավորումում տեղադրված լավագույն ակնաբուժական ծառայությունը վերացրիք»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել