Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիրդուսնոցն» էլ կիրացվի

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"Բողոքում են, որ մյուսների օրը չընկնեն

Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Կոզեռնի թաղամասի բնակիչների ճակատագրին չարժանանալու համար Երեւանի 30 հասցեի (Ֆիրդուսի տոնավաճառի տարածքը) բնակիչները նախօրոք դժգոհության ալիք են բարձրացրել: Մոտ ժամանակներս նախատեսվում է վերակառուցել նաեւ այս թաղամասը: Արդեն քանի օր է՝ Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներն ու այդ տարածքի բնակիչները դիմում են ՀՀ նախագահին, վարչապետին եւ այլոց՝ պահանջելով վերջ դնել հակասահմանադրական որոշումներին եւ թույլ չտալ մարդու իրավունքների խախտում: Նրանց ներկայացմամբ, պետական կարիքների անվան տակ ՀՀ իշխանությունները նախատեսում են տասնյակ ընտանիքների վտարել իրենց պապական օջախներից՝ թողնելով անտուն: Բնակիչների աչքը վախեցած է, որ եթե նույնիսկ իրենք համաձայնվեն էլ ու դուրս գան, ապա համարժեք փոխհատուցում չեն ստանա իրենց բնակարանների դիմաց, ինչպես եղավ մյուս թաղամասերի վտարված բնակիչների դեպքում:

Բնակիչները պահանջում են, որպեսզի փոխհատուցման պայմանները նախապես հստակեցվեն: Նրանց խոսքերով՝ «Կբերեն համարժեք գումար կտան՝ դուրս կգանք, չեն տա՝ չհավատան, որ դուրս կգանք, ոչ մեկից վախեցողը չենք»: Բնակիչների ներկայացմամբ, դեռ մեր հարցերը չլուծած, մեզ հետ չպայմանավորված, ինչ-որ մարդիկ արդեն եկել, տարածքում չափուձեւ են անում, իսկ փոխհատուցման մասին խոսք անգամ չկա: Բնակիչների հարցերին ի պատասխան՝ չափուձեւ անողները պատասխանել են, որ «մենք մեր գործն ենք անում, սա օտարման գոտի է՝ պետք է քանդվի»: Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մեծ մասն էլ, որոնք իրենց ավտոտնակներն ու նկուղները հատկացնում են առեւտրականներին, անհանգստանում են ոչ միայն տունը, այլեւ եկամուտը կորցնելու համար: Արթուր Աթանեսյանի խոսքերով՝ «մեր տան բակը ամբողջությամբ տվել եմ 50 առեւտրականների, ամսական մոտ 500 դոլար եկամուտ եմ ստանում, եւ մեր ու հարեւաններիս ապրուստի միակ միջոցն այդ շուկան է: Եթե տարածքն իրացնեն, պարտավոր են մեզ փոխհատուցել նաեւ աշխատանքով, թող խանութներ սարքեն եւ մեզ ու այդ առեւտրականներին տեղ հատկացնեն: Հո սովի չե՞նք մատնվելու»:

Երեկ այս առնչությամբ քաղաքապետարանից այսպես պարզաբանեցին. «Դեռ գույքագրման գործընթացը չսկսած, բնակիչները խուճապի մեջ են ընկել: Ո՞վ է ասել, որ փոխհատուցում չի լինելու, կլինի, բայց առայժմ կփոխհատուցվեն միայն տների համար, այլ ոչ թե վարձակալական տարածքների դիմաց: Տաղավարները, ավտոտնակները եւ այլ տարածքներ, որոնք տրված են վարձակալական հիմունքներով, դրանց դիմաց փոխհատուցում նախատեսված չէ: Բնակիչներից շատերը գոհ են, որ իրենց հին տները փոխարինվելու են նորերով, եւ բողոքող բնակիչները հիմնականում նրանք են, ովքեր իրենց տարածքները վարձով հատկացրել են առեւտրականներին եւ այդպիսով փող են աշխատում ու չեն հաշտվում այն մտքի հետ, որ այդ եկամտից կզրկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել