Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՀՆԵՐԳԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ՞

Հոկտեմբեր 26,2006 00:00

\"\"Արդեն իսկ ակնհայտ է, որ խորհրդարանն ուղղակի չի հասցնի իրականացնել սահմանադրական փոփոխություններից բխող պահանջը՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը «Օրհներգի մասին» օրենք ընդունելու վերաբերյալ:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում ՀՅԴ խմբակցությունը 30 օրով հետաձգեց իր «ՀՀ պետական օրհներգի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Կառավարությունն էլ դեռ ՀՀ օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացրել ԱԺ: Մանավանդ որ՝ հանձնաժողովը նաեւ որոշում է կայացրել առաջարկել կառավարությանը՝ հայտարարել նոր մրցույթ հաղթող ճանաչված Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար:

Նման անորոշ պայմաններում հստակ չէ նաեւ (ՀՅԴ-ից բացի) խորհրդարանական ուժերի դիրքորոշումները՝ հօգուտ «Մեր Հայրենիքի՞», թե՞ Սովետական Հայաստանի հիմնի կտան իրենց ձայները: Երեկ մեր զրույցի ընթացքում «Գործարար» խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանն ասաց. «Դեռ վերջնական չենք ուսումնասիրել, քննարկումների փուլում է»: Մրցութային հանձնաժողովում «Ժողպատգամավոր» խումբը ներկայացնող Մկրտիչ Մինասյանը, որը կողմ էր քվեարկել Սովետական Հայաստանի հիմնը վերականգնելու օգտին, մեր հարցին՝ արդյոք սա խմբի՞ դիրքորոշումն էր, թե՞ իր անձնական կողմնորոշումը՝ պատասխանեց. «Դա իմ կարծիքն էր: Անհատական զգացողություն է երգ-երաժշտությունն ու բանաստեղծությունը գնահատելը: Իսկ «Ժողպատգամավորն» այս հարցը դեռ նոր է քննարկելու»:

Սովետական Հայաստանի հիմնի երաժշտության օգտին էր քվեարկել նաեւ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը, որ Անկախության բանակի անդամներից է. «Գտնում եմ, որ մրցութային հանձնաժողովի 2-րդ փուլին ներկայացված ստեղծագործություններից ամենակայացածը, որը կյանքի իրավունք ունի եւ Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության համար կարող է հաղթող ճանաչվել՝ այն ստեղծագործությունն է, որի օգտին քվեարկել եմ»: Իսկ հարցին, թե իր քվեարկությունը նշանակո՞ւմ է, որ ՄԱԿ խմբակցությունը քվեարկելու է Սովետական Հայաստանի հիմնի մեղեդու օգտին՝ պրն Արսենյանը պատասխանեց, թե նրանք ազատ են քվեարկելու:

Հայտնի է, որ «Արդարություն» դաշինքում հիմնի վերաբերյալ հակադիր են դիրքորոշումները՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Մեր Հայրենիքի» կողմնակից է, իսկ ասենք, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության: Ենթադրելի է, որ այս խմբակցությունն էլ ազատ կքվեարկի: Սակայն «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն քննարկել այս հարցը. «Անձամբ ինձ շատ է դուր գալիս Արամ Խաչատրյանի հիմնը: Բայց գտնում եմ, որ այս փուլում օրհներգ փոխելու պատմական անհրաժեշտություն չկա: Մինչեւ հիմնը փոխելը դեռ շա՜տ բան պիտի փոխվի մեր երկրում»:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հետ զրույցից պարզեցինք, որ այս կուսակցությունն էլ է որոշակիորեն կողմնորոշված. «Տարբեր շահարկումներից խուսափելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է պահպանել առկա օրհներգը: Այսօր երկիրը կանգնած է շատ ավելի լուրջ խնդիրների շուրջ եւ կարիք կա հենց այդ խնդիրներով զբաղվել: Իսկ օրհներգի շուրջ շահարկումները չպետք է դառնան երկրի առջեւ ծառացած այդ խնդիրներից շեղելու միջոց: Իհարկե, անհրաժեշտություն կառաջանա անդրադառնալու օրհներգին, սակայն բոլորովին այլ քաղաքական իրավիճակում»: Համանման դիրքորոշում ունի նաեւ «Ազգային միաբանությունը», որի խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանի փոխանցմամբ՝ «Երբ Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առջեւ, երբ հուսալքությունն ու հիասթափությունը հանգեցրել են արտագաղթի մի նոր մեծ ալիքի, եւ այդ ամենին ի պատասխան ձեռնարկվում է անպտուղ մի քննարկում՝ օրհներգի փոփոխության վերաբերյալ, մնում ես զարմացած: Կարծում եմ, օրհներգի շուրջ ծավալված այս անառողջ աժիոտաժին պետք է վերջ տրվի եւ ուժերը նպատակամղվեն այն հարցերի լուծմանը, որոնց կարիքը զգում է բնակչությունը»: Մեր հարցին, թե այնուամենայնիվ՝ «Մեր Հայրենիքի՞», թե՞ Սովետական Հայաստանի հիմնի կողմնակիցն են՝ պատասխանեց. «Մենք այն օրհներգի կողմնակիցն ենք, որը կոգեւորեր մեր պապերին ու ծնողներին, անվանի գիտնականներին ու մշակութային գործիչներին, մատաղ սերնդին եւ ուսանողությանը, Եռաբլուրում հանգչող ազատամարտիկներին: Ավա՜ղ, այսօրվա Հայաստանում, որտեղ բարոյական ու համամարդկային արժեքները քշված են մութ անկյուն՝ ո՛չ գործող օրհներգը, ո՛չ մյուս տարբերակը չեն կարող ոգեւորել մեզ»:

Ասպարեզում առկա երկու տարբերակները կարծես նախընտրելի չեն նաեւ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի համար, որը երեկ ասաց լրագրողներին. «Եթե հնարավոր լիներ ունենալ օրհներգ Չարենցի բառերով եւ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ՝ ես կլինեի այդ հիմնի ամենից մեծ երկրպագուներից, ջատագովներից մեկը»:

Իսկ ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն «Առավոտի» հարցերին, թե իբրեւ նախկին այլախոհ՝ ինչպե՞ս է վերաբերվում մրցութային հանձնաժողովի կայացրած որոշմանը, եւ արդյոք ԱԺ-ին կառաջարկի՞ որպես ՀՀ օրհներգ ընդունել Սովետական Հայաստանի հիմնը, որի հնչյունների ներքո բանտարկել են իրեն՝ պատասխանեց. «Բայց բառերն էլ հետն էին»: Խոստովանեց, թե այդ հիմնի միայն մեղեդին իր համար ընդունելի է. «Բայց եթե դրան համապատասխան բառեր չեն լինում՝ անմիջապես ասոցացվում է հին տեքստը: Եթե լինեն նոր խոսքեր, ապա այդ ասոցիացիան կփոխվի: Սակայն եթե առանց խոսքերի՝ միայն երաժշտությունն ենք լսում, ուրիշ ասոցիացիա չի առաջանում: Բոլորիս համար էլ դժվար է ընկալելը, թե կարող ենք ունենալ հիմն՝ առանց բառերի»: Վարչապետի հետ զրույցից պարզեցինք, թե նրան դեռ չի փոխանցվել հանձնաժողովի առաջարկը՝ նոր մրցույթ կազմակերպել Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար: Այնուամենայնիվ, Անդրանիկ Մարգարյանը հակված էլ չէր նոր մրցույթի հայտարարմանը. «Կասկածում եմ, որ 1 ամսվա ընթացքում կարող են այդ երաժշտությանը համապատասխան այնպիսի տեքստ ներկայացնել, որ ընկալելի լինի բոլորի համար»: Եվ մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Մեր Հայրենիքին»՝ պատասխանեց. «Քանի դեռ ավելի լավը չկա՝ այն պետք է մնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել