Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 26,2006 00:00

Տնտեսությունն աճում է, բիզնեսը բարգավաճում է, բայց օլիգարխների վճարած հարկերը նախորդ տարիների համեմատ քիչ են ավելանում:

Վերջին շրջանում Հայաստանում գործող որոշ օլիգարխների գործերը բավականին հաջող են ընթանում, բայց, չգիտես ինչու, նրանց վճարած հարկերը ավելանալու փոխարեն տարեցտարի հիմնականում նվազում են: Այս մասին է վկայում Հարկային պետական ծառայության՝ նախօրեին հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը:

Օրինակ, Սամվել Ալեքսանյանի՝ շաքարավազի ներկրմամբ զբաղվող «Ֆլիտֆուդ» ընկերությունը, որը նախորդ տարվա արդյունքներով խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը, այս տարվա 9 ամիսների կտրվածքով արդեն հայտնվել է 97-րդ տեղում: Այս ընկերությունը դեռ առաջին եռամսյակում 32-րդ տեղում էր եւ վճարել էր 245 մլն դրամ, իսկ վերջին 6 ամիսներին ընդամենը 74 մլն դրամ է մուտքագրել բյուջե՝ վճարելով ընդամենը 319 մլն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունն անցյալ եւ նախանցյալ տարի շահութահարկ 100 տոկոսով չի վճարել՝ որպես օտարերկրյա ներդրումով տեղական ընկերություն, իսկ այս տարի արդեն զրկվել է այդ արտոնությունից, հնարավոր է, որ Ս. Ալեքսանյանը կամ պարզապես թողել է շաքարավազի բիզնեսը, քանի որ շահութահարկ պետք է վճարի, կամ ինչ-ինչ պատճառներով գործերը վատ են ընթացել: Այս մասին լրացուցիչ կանդրադառնանք առաջիկայում:

Սամվել Ալեքսանյանի մյուս ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», որն առաջին եռամսյակում 150 մլն դրամ էր վճարել եւ գրավել 51-րդ տեղը, 9 ամսվա տվյալներով՝ 46-րդ տեղում է եւ վճարել է 640 մլն դրամ:

Ինչպես տարվա սկզբում, այնպես էլ հիմա Հրանտ Վարդանյանը ամենաշատ հարկ վճարող օլիգարխն է: Նրա գործերը հիմա էլ բավականին հաջող են ընթանում: «Գրանդ տոբակոն» 10-րդ տեղում է, «Մասիս տաբակը»՝ 12-րդ, «Գրանդ Քենդին»՝ 41-րդ: Այս երեք ընկերությունները միասին պետբյուջե են մուտքագրել մոտ 7 մլրդ դրամ: «Գրանդ տոբակոն», որը առաջին եռամսյակում մոտ 1 մլրդ հարկ է վճարել, վերջին հրապարակված ցուցակում արդեն 2 անգամ ավելացրել է վճարումները: Մոտ 3 մլրդ դրամ էլ «Մասիս տաբակն» է վճարել, 735 մլն էլ՝ «Գրանդ Քենդին», որի վճարած հարկերը առաջին եռամսյակային ցուցակում 100 մլն դրամի էին հասնում: Հրանտ Վարդանյանի «Գրանդ Սան» ընկերությունը 300 խոշոր հարկատուների ցանկում չկա: Այն ընդգրկված էր նախորդ 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ գրավելով 434-րդ տեղը:

Բարսեղ Բեգլարյանի՝ բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, որը ցանկում առաջին հնգյակում է, առաջին եռամսյակում մոտ 2 մլրդ դրամ էր վճարել, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին 3.5 անգամ ավելացրել է վճարած հարկերը՝ հասցնելով այն 7 մլրդ դրամի:

Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պարես Արմենիան» առաջին տասնյակում է եւ վճարել է մոտ 5 մլրդ դրամ, իսկ հունվար-մարտ ամիսներին ընդամենը 1.8 մլրդ դրամ է վճարել:

Միխայիլ Բաղդասարովի երեք ընկերությունները՝ «Միկա Արմենիա թրեյդինգը», «Միկա ցեմենտն» ու «Արմավիան» միասին այս տարվա 9 ամիսներին վճարել են մոտ 1.5 մլրդ դրամ, որից 1 միլիարդը մուտքագրվել է «Միկա Արմենիա թրեյդինգի» կողմից, իսկ «Արմավիայի» մասնաբաժինը կազմում է ընդամենը 168 մլն դրամ:

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Լեոնն» ու «Արարատցեմենտը» միասին մոտ 658 մլն դրամի հարկ են վճարել: Միայն «Մուլտի Լեոնը», որը 76-րդ տեղում է, վերջին 9 ամիսներին վճարել է 411 մլն դրամ՝ համարյա թե այնքան, որքան պարոն Ծառուկյանի բոլոր ընկերությունները միասին էին վճարել առաջին եռամսյակում:

Գուրգեն Արսենյանի «Արսօյլ» ընկերությունն առաջին եռամսյակում վճարել է 411 մլն դրամ եւ գտնվել 21-րդ տեղում, վերջին ցուցակում էլ ընկերության դիրքն ըստ էության չի փոխվել. այն 23-րդ հորիզոնականում է եւ վճարել է մոտ 1 մլրդ դրամ: Բայց նկատենք, որ այս ընկերությունը նույնպես ընդգրկված է շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրմամբ տեղական ընկերությունների ցանկում եւ թե՛ այս, թե՛ անցյալ, թե՛ նախանցյալ տարի 50 տոկոս շահութահարկ չի վճարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել