Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ի «հեքիաթային» բացահայտումները

Հոկտեմբեր 26,2006 00:00

ԿԳ նախարարությունը ուսումնասիրություններ է կատարել Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում՝ սեպտեմբերի 7-ին մեր թերթում հրապարակված «Դժբախտ պատահար «Հեքիաթում» հոդվածի կապակցությամբ եւ «հեքիաթային» բացահայտումներ արել:

Օգոստոսի 17-ին «Հեքիաթ» մանկապարտեզում, 2 երեխաների վեճի արդյունքում կոտրվել էր նրանցից մեկի ծնոտը: Իսկ դաստիարակը բավական ուշացումով, միայն երեխայի ջերմությունից է հասկացել, որ նա վատառողջ է: Մեր թղթակիցը եղել էր տեղում, պարզել, որ մանկապարտեզում հաշվի չեն առնված շենքային պայմաններն ու սանիտարահիգիենիկ նորմերը, որ տնօրենը չափից ավելի երեխաներ է ընդունել, իսկ դաստիարակներն ի վիճակի չեն այդքան երեխաներին միաժամանակ հոգ տանել: Ինչն էլ բերում է նման դժբախտ պատահարի, որը, ի դեպ, մեր տվյալներով, վերջին շրջանում միակը չէ: Տնօրեն Նունե Եղոյանը, իհարկե, ասել է, որ սովորաբար բացականեր են ունենում եւ պահանջվող թվից՝ 280-300 երեխայից ավելի մանկապարտեզ չի հաճախում: (ԿԳՆ տվյալներով, միայն ապրիլ-հունիս ամիսներին գրանցված է եղել 339 երեխա): Դե, ամռանը երեխաները հանգստանալու են գնում, ձմռանը ցրտի, իսկ աշնանն ու գարնանը գրիպի ու այլեւայլ հիվանդությունների պատճառով բացակայում են: Այսինքն՝ տնօրենը երեխա է ընդունում՝ հույսով, որ վերջինս հիվանդանալու է ու չի գալու մանկապարտեզ: Նշենք, որ երեխաների թվի հետ կապված անհամապատասխանություն կա տնօրենի եւ ուսումնասիրությունն իրականացրած մասնագետների տվյալներում: Ըստ տնօրենի, ամռանը շատ ծանրաբեռնված են եղել, խմբում եղել է 30-35 երեխա: Իսկ ԿԳՆ տվյալներով, ապրիլ ամսից սկսած՝ ամենաքիչ թվով երեխաներ եղել են հուլիս-օգոստոս ամիսներին՝ համապատասխանաբար 220 եւ 155 երեխա՝ 11 խմբի կտրվածքով:

Սակայն ԿԳՆ ուսումնասիրությունների արձանագրության մեջ ամենազավեշտալին հետեւյալն է: ԿԳՆ մասնագետները «բացահայտել» են, որ, իսկապես, ըստ «Քանաքեռ-Զեյթուն» բուժմիավորման էպիկրիզի, երեխան ծնոտի կոտրվածք է ստացել, որ դաստիարակչուհին իսկապես չի նկատել երեխաների կռիվը, սակայն, միեւնույն ժամանակ, հանդիմանում են լրագրողին, թե վերջինս ուռճացրել է փաստերը՝ գրելով, թե «երեխայի ծնոտն անվերականգնելիորեն վնասվել է»: Ասենք, որ մասնագետների հետ զրույցում լրագրողը պարզել է, որ ծնոտի կոտրվածքը բազմաթիվ բարդություններ կարող է առաջացնել, եւ լավագույն դեպքում երկար տարիներ անց միայն ծնոտի նախկին դիրքը կարող է վերականգնվել: Նունիսկ էպիկրիզի խորհուրդներում է նշված, որ երեխային միառժամանակ դինամիկ հսկողություն է պետք:

Բացի այդ, ԿԳՆ մասնագետները «բացահայտել» են, որ լրագրողը տուժող երեխայի տարիքը սխալ է գրել, որ այսինչի հետ հեռախոսով է խոսել, իսկ այնինչի հետ՝ կենդանի շփմամբ եւ այլն: Իսկ որ դաստիարակչուհին ու նրա օգնականը «երեխաների կյանքի եւ առողջության նկատմամբ ոչ բավարար ուշադրություն եւ հսկողություն են ցուցաբերել» (սա մեջբերում է դաստիարակչուհուն ու օգնականին տված՝ տնօրենի գրավոր նկատողությունից), դա կարելի է ներել եւ շարունակել մի խմբում 30-40 երեխա ընդունել ու պատասխանատվությունը բարդել 2 հոգու վրա: Պատկերացրեք՝ ինչ վեճ ու ծեծկռտուք կարող է լինել 2 մանկահասակ՝ 6 տարեկան երեխաների միջեւ, որ գործը հասնի ծնոտ կոտրելուն ու այդ ողջ ընթացքում դաստիարակները ուղտի ականջում քնած լինեն: Ուրեմն՝ ոլորտի պատասխանատուներին խորհուրդ ենք տալիս լրագրողներին դաս տալու եւ մասնագիտական ունակությունները գնահատելու փոխարեն խիստ վերահսկողություն իրականացնել ուսումնական կենտրոններում եւ հատկապես մանկապարտեզներում, որտեղ գործ ունեն մանկահասակ երեխաների կյանքի ու առողջության հետ, էլ չենք ասում՝ դաստիարակության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել