Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՆ»

Հոկտեմբեր 26,2006 00:00

\"\"Երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպված IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մամուլի ասուլիսի ժամանակ շատերի ուշադրությունը գրավել էր գեղեցկատես մի օրիորդ: Նա Վիկի հարսնացուն էր՝ Օլգա Ստովբունը:

«Առավոտը» մի քանի օր առաջ Վախթանգի հետ պայմանավորվել էր հարցազրույց անցկացնել Օլգայի հետ եւ երեկ զրույցը կայացավ:

– Ինչպե՞ս ծանոթացաք Վիկի հետ:

– Ծանոթացել ենք յոթ տարի առաջ՝ Սիդնեյում: Վախթանգն այն ժամանակ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերին: Իսկ ես Լիպեցկի պետական մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո գնացել էի բարձրագույն կրթության երկրորդ դիպլոմն ստանալու: Օլիմպիական խաղերում իմ ընկերուհին աշխատում էր Հայաստանի հավաքականի հետ: Խաղերի ավարտին մի անգամ մենք միասին գնացինք սուրճ ըմպելու: Այդտեղ էլ ծանոթացանք ու արդեն գրեթե յոթ տարի միասին ենք:

– Ավստրալիայում մնալու մտադրություն ունեի՞ր:

– Ոչ: այդ երկիրը մի տեսակ օտար էր ինձ համար: Միակ հարազատս քույրս էր: Նա որոշ ժամանակ անց վերադարձավ Ռուսաստան ու, որքան գիտեմ, հիմա զղջում է: Այնպես որ, հանգամանքների բերումով Ավստրալիայում միակ հարազատս Վիկը դարձավ:

– Երբ Վախթանգը ռինգում մենամարտում է, ի՞նչ զգացումներով ես հետեւում:

– Ոչ ոքի չէի ցանկանա, որ հայրը, եղբայրը կամ որդին այդ մարզաձեւով զբաղվի: Երբ ներկա ես լինում մարզումներին, զգացումներդ ինչ-որ չափով սովորական են լինում: Իսկ երբ պատասխանատու մենամարտ է, ասենք, ինչ-որ տեղ Լաս Վեգասում, ապրումներդ միանգամայն այլ են: Դահլիճում՝ բազմահազար հանդիսատես, ռինգի կենտրոնում՝ քո սիրելի անձնավորությունը: Բռնցքամարտն անկանխատեսելի, շատ վտանգավոր մարզաձեւ է, որտեղ ամեն բան կարող է վճռել մեկ հարվածը: Սարսափելի է:

– Վիկին բռնցքամարտը թողնել չե՞ս համոզում:

– Ամեն ոք ծնվել է իր տաղանդով: Վախթանգն իրականում հաճույք է ստանում այն բանից, ինչով ցանկանում է զբաղվել: Բոլորս էլ այդպես ենք ծնվել: Ես ոչ մի կերպ չեմ կարող արգելք հանդիսանալ իմ սիրած մարդուն, որովհետեւ ուզում եմ նրան ուժեղ տեսնել:

– Աստված չանի, իսկ եթե հանկարծ պարտվի՞:

– Ես այդ հարցը մի քանի անգամ տվել եմ: Նա այդ «հանկարծ» բառը լսել անգամ չի ուզում: Իսկ եթե անգամ պարտվի, նրա հետ կմնան առաջին հերթին ծնողները, ես եւ այն ընկերները, մարդիկ, ովքեր այս ընթացքում կանգնած են եղել թիկունքին:

– Համոզված եմ, որ Վախթանգը շատ է պատմել Հայաստանի մասին: Հիմա առաջին անգամ եկել ես նրա հայրենիք: Ի՞նչ տպավորություններ ունես:

– Ամենադրական: Ինձ առաջին հերթին շատ են դուր գալիս մարդիկ: Հայերը հյուրասեր են, սրտաբաց, տաղանդավոր: Այսքան փոքր երկիրը զարմանալիորեն հարուստ է տաղանդներով: Բայց, ցավոք, շատերը հեռանում են: Երկիրը, իրավասու պաշտոնյաները պետք է անեն այնպես, որպեսզի տաղանդները չգնան: Ես, որպես կին, ուզում եմ, որպեսզի իմ երեխաները ապրեն եւ մեծանան բարեկեցիկ, ծաղկող երկրում: Դրա համար է, որ Վախթանգը շատ է ուզում ու անում է ամեն բան, որպեսզի մնանք այստեղ: Վիրավորական է, երբ քո չեմպիոնները, ովքեր իրենց քրտինք ու արյունով քարտեզի վրա Հայաստանի նման փոքր երկրին մեծ հեղինակություն են բերում, իսկ երկիրը դա չի գնահատում: Պետք է անել այնպես, որպեսզի չեմպիոնները մշտապես վերադառնան հայրենիք, լինեն իրենց ծնողների ու ժողովրդի հետ, որտեղ էլ նրանք հաղթած լինեն:

– Այսինքն, եթե նա որոշի, որ մնում է, կհամաձայնե՞ս:

– Իսկ ինչո՞ւ ոչ:

– Վախթանգի ծնողների, հարազատների հետ ե՞րբ ես ծանոթացել:

– Ծնողների հետ շուտ ենք ծանոթացել: Նրանք տարիներ առաջ եղել են մեզ մոտ՝ Ավստրալիայում: Հիմա էլ հույս ունեմ, որ միասին կմեկնենք Սիդնեյ: Կցանկանայի, որ միասին ապրենք: Իսկ հիմա Վիկը կազմել է բարեկամների, հարազատների մի ամբողջ ցուցակ: Շատերի հետ ծանոթացա երեկ, երբ Վանաձորում էինք: Բոլորն էլ հայկական կոլորիտով ու շատ լավ մարդիկ են: Կոլորիտը՝ կոլորիտ, բայց Հայաստանի ղեկավարությունը, իմ կարծիքով, պետք է ավելի հայրենասեր լինի ու ամբողջ ուշադրությունն ու ներդրումները չկենտրոնացնի միայն Երեւանի վրա: Երեւանից հենց դուրս ես գալիս, մարդկանց ապրուստը, ճանապարհները, շենքերը տխուր վիճակում են: Հայրենիքը միայն Երեւանը չէ: Հարկավոր է կարգի բերել ամբողջ Հայաստանը:

– Իսկ Վախթանգը քո ծնողներին տեսե՞լ է:

– Ցավոք, ոչ: Ճանաչում է միայն հեռախոսով: Ծնողներս էլ պետք է գային Հայաստան: Բայց հայրս վերջին շրջանում առողջության հետ կապված խնդիրներ ունի: Դրա համար էլ նրանց գալն առայժմ հետաձգվում է: Հույս ունեմ, որ այստեղից մեկնելիս կկարողանանք այցելել ու նրանք էլ կտեսնեն Վիկին:

– Քիչ առաջ խոսեցիր ձեր ապագա երեխաների մասին: Քանի՞սը կուզեիր ունենալ:

– Տղա եւ աղջիկ: Սկզբի համար այդքանը, կարծում եմ, բավարար է: Իսկ հետոն ապագան ցույց կտա:

– Դուք մտադիր էիք Հայաստանում հարսանիքով ամուսնանալ:

– Այդ ուղղությամբ աշխատում ենք: Հարսանիք, գուցե, չանենք, բայց եկեղեցով ամուսնանալ երկուսս էլ ուզում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել