Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵԼ «ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"«Իրացնող» կազմակերպություններն արդեն սկսել են բանակցությունները

2006 թվականի քաղաքաշինական ծրագրերի ցանկում է նաեւ Երեւանի Կենտրոնում գտնվող 30-րդ թաղամասը, որն ավելի պոպուլյար լեզվով անվանում են «Ֆիրդուսնոց»: Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի, նախատեսվում է, որ «Ֆիրդուսի» շուկայի տարածքում առաջիկա տարիների ընթացքում կծավալվի վերգետնյա եւ ստորգետնյա շինարարություն: Ի տարբերություն արդեն իրացված այլ գոտիների, այս դեպքում, գումարային փոխհատուցումներին զուգահեռ, իրացվելիք տարածքի բնակիչներին առաջարկվելու է նաեւ բնակարանային փոխհատուցման տարբերակ։ Բնակիչները, իհարկե, չեն հավատում այդ խոստումներին, որովհետեւ, ինչպես ասում են՝ այլոց տառապանքն իրենց համար փորձառություն է եղել:

«Ֆիրդուսնոցում» արդեն իրացման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բայց, բնակիչների ասելով, իրենց հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան: Բնակիչները պահանջում են, որպեսզի փոխհատուցման պայմանները նախապես հստակեցվեն: Իշխանություններն ու մասնավորապես այդ տարածքն իրացնող ընկերությունն էլ արդեն բնակիչների հետ բանակցություններ են սկսել:

Բանակցողներից մեկը «Գլենդել հիլզ» ընկերությունն է, որն «իրացնելու» փորձ արդեն ունի: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 1151-Ն որոշմամբ Կենտրոնի կառուցապատման ծրագրում ընդգրկված է նաեւ Երեւանի գինու գործարանի հարակից՝ 23000 քմ տարածքը: Դրա մի մասն արդեն իրացնում է «Գլենդել հիլզը», որը, միեւնույն ժամանակ, իրացրել ու արդեն սկսել է կառուցապատել Գլխավոր պողոտայում՝ ԱԳՆ-ի եւ էներգետիկայի նախարարությունների ետնամասում գտնվող տարածքի մի հատվածը: «Այդ կազմակերպությունը, երբ սկսեց գինու գործարանի տարածքն իրացնել՝ համապատասխան նախագիծ դեռեւս չուներ, բայց տեղի բնակիչներին արդեն իսկ առաջարկում էր պայմանագիր կնքել՝ հավաստիացնելով, որ բնակիչների համաձայնության դեպքում վերջիններս՝ իբրեւ փոխհատուցում, բնակարաններ կստանան Բուզանդի փողոցում իրենց կառուցվելիք բնակելիներում: Դե, Բուզանդի փողոցի բնակիչներին արդեն համարում են, որ քշել են, հիմա այդ տարածքում բնակարան են խոստանում այլոց»,- երեկ «Առավոտին» պատմեց «պետական կարիքների զոհերից» մեկը:

Պարզվում է, սակայն, որ վերջերս նույն այդ «Գլենդել հիլզ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են արդեն «Ֆիրդուսնոցի»՝ 30-րդ թաղամասի բնակիչներին՝ նրանց հետ բանակցություններ վարելու նպատակով: Նրանք հավաստիացրել են, թե շուտով ՀՀ կառավարության որոշում է հրապարակվելու այդ թաղամասի իրացման վերաբերյալ, որն այնքան էլ նպաստավոր չի լինի բնակիչների համար, իսկ իրենք այնքան բարի են, որ թեեւ հիմա այդ տարածքի տներում գրանցված անձանց առանձին-առանձին փոխհատուցում չի առաջարկվում, բայց ահա իրենք՝ «հիլզեցիք» պատրաստ են վճարել: «Ֆիրդուսի» բնակիչների հետ բանակցություններ վարողները, իհարկե, ներկայացել են այլ՝ «Սիթի դեւելոպեմենթ» ընկերության անվան տակ, թեեւ բնակիչները վստահ են, որ նույն այդ մարդիկ այլ տարածքներում ներկայացել են որպես «Գլենդել հիլզ» ընկերության ներկայացուցիչներ: Վերջիններս «Ֆիրդուսի» բնակիչներին հայտարարել են, թե իրենք կառուցապատման ծրագիր են իրականացնում նաեւ գինու գործարանի հարակից տարածքում, ու «ֆիրդուսցիներին» առաջարկել են այդ տարածքից բնակարաններ հատկացնել: «Պատկերացրեք, մենք համաձայնվում ենք ու պայմանագիր ենք կապում «Սիթի դեւելոպեմենթ» ընկերության հետ, որը մեր տարածքն է իրացնելու: Հետո գնալու ենք գինու գործարանի հարակից տարածքում պահանջելու մեզ խոստացված բնակարանները: Այնտեղից մեզ կպատասխանեն՝ եթե դուք պայմանագիր եք կնքել «Սիթի դեւելոպեմենթի» հետ, կարող եք նրանից էլ պահանջել ձեր բնակարանները, որովհետեւ այս՝ գինու գործարանին հարող տարածքում կառուցապատման ծրագիրն իրականացնում է «Գլենդել հիլզը», որի հետ դուք պայմանագիր չունեք: Քցոցի է լինելու»,- իրենց հետագա ճակատագիրն այսպես են կանխատեսում ֆիրդուսցիները: Ընդ որում, բնակիչներին հայտնի չէ, թե «Սիթի դեւելոպեմենթը» (ի դեպ, բնակիչները այս ընկերության անունը մոտավոր են հիշում) «Գլենդել հիլզի» հետ ինչ առնչություն ունի՝ արդյո՞ք վերջինս լուծարվել եւ դարձել է «Սիթի դեւելոպեմենթ», թե՞ դրանք նույն մարդկանց պատկանող տարբեր ընկերություններ են: «Պետական կարիքների զոհերին» հայտնի չէ նաեւ, թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը: Նրանց գրավոր խնդրանքը՝ ներկայացնել այդ ընկերության փայատերերի անունները՝ մերժվել է:

Պատրաստակամ ենք տպագրել նաեւ հիշյալ ընկերությունների պարզաբանումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել