Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական նշանակության «մարտեր»

Հոկտեմբեր 27,2006 00:00

Երեկ Վիկտոր Դալլաքյանը դարձյալ ՀՅԴ-ի «բոստանը» քար գցեց, իսկ ՀՅԴ անդամները նրան հակադարձեցին:

Երեկ քննարկվում էր հանրային գերակա շահի մասին օրինագիծը, եւ իր ելույթի հերթն օգտագործելով՝ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Դաշնակցության հասցեին մի քանի «քնքուշ» խոսքեր արտաբերեց. մասնավորապես, դիմելով Դաշնակցության ներկայացուցիչներին՝ ասաց. «Ձեր այն տեսակետի վրա, թե ես առաջ եմ քաշում հարյուր տոկոս համամասնականը՝ մեծամասնականը խթանելու համար, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի հավերն էլ կարող են ծիծաղել»: Նաեւ «Օպերացիա-մեծամասնականի» ձեւակերպման հեղինակ Գեղամ Մանուկյանին հիշեցրեց, որ երեք անգամ ինքը ընտրվել է մեծամասնականով եւ ընտրությունների ժամանակ իր մրցակիցներն են եղել ե՛ւ դաշնակցական, ե՛ւ ժամանակին իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչ, ե՛ւ Արտաշես Թումանյան, ու բոլորին ինքը հաղթել է: Խոսեց նաեւ «Հոկտեմբերի 27»-ի մասին. «Այդ մարդիկ թող հիշեն, որ վաղը հոկտեմբերի 27-ն է եւ այդ իրադարձությանը իրենց մասնակցության մասին մտածեն»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ նման հակամարտություն առաջացավ Դաշնակցության եւ Վիկտոր Դալլաքյանի միջեւ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը ասաց. «Չէ, բոլորովին տարբեր քաշերի մասին է խոսքը: Իսկ նման բանավեճ առաջացավ մի պարզ պատճառով. այն բացահայտումը, որ մենք երկու օրվա ընթացքում արեցինք, եւ այս անուղղակի պատասխանները փաստում են մի բան. նախ, մեր հիմնավորումներին չեղավ հիմնավոր պատասխան, բոլորովին այլ ակնարկներ են արվում, իսկ դա խոսում է այն մասին, որ մեր ասածները, թե հարյուր տոկոս համամասնականի հարցը բերելը բոլորովին այլ նպատակով էր իրականացվում, ամբողջովին ճիշտ էր: Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանի՝ իմ հասցեին հնչեցրած ակնարկներին, ապա ես շատ ուրախ եմ, որ երիտասարդ պատգամավոր եմ եւ հպարտ եմ, ի դեպ՝ Վիկտոր Դալլաքյանը երբեք չի կարող նման բանով հպարտանալ: Ես ամբողջ կենսագրությանս մեջ պատկանել եմ մի կուսակցության: Երեք անգամ չեմ ընտրվել ԱԺ պատգամավոր, բայց շատ ավելի արժանապատիվ է մեկ անգամ ընտրվել մեծ ցուցակով, քան երեք անգամ ընտրվել պատգամավոր, մի անգամ լինել «Բարեփոխում», իշխանափոխությունից հետո դառնալ «Երկրապահ», հաջորդ անգամ ընտրվել իբրեւ հանրապետական, մյուս անգամ խորհրդարան գալ «Արդարություն» դաշինքի հաշվին եւ հետո, կներեք, «քցել» նույն այդ դաշինքին: Այնպես որ, ամեն մեկի խղճի խնդիրն է: Եվ վերջում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Դաշնակցությունը Հայաստանում քաղաքական կայունության ապահովողն էր, իսկ նույն Վիկտոր Դալլաքյանը հոկտեմբերի 27-ի օրը զբաղված էր ահաբեկիչներին ջուր հասցնելով: Այդ օրը պատանդ մնացած պատգամավորները շատ լավ հիշում են, թե ինչպես էր Վիկտոր Դալլաքյանը Նաիրի Հունանյանին ջուր հասցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել