Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ՉՔՄԵՂԱՑԵՔ»

Հոկտեմբեր 27,2006 00:00

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ԱԺ-ում իր հայտարարությունը, թե իրենց դեմ սեւ քարոզչությունը կազմակերպում են վարչապետն ու պաշտպանության նախարարը՝ որոշ մարդիկ փորձեցին տեղափոխել անձնական դաշտ, կին-տղամարդ հարաբերությունների ոլորտ՝ մոռանալով հայտարարության բուն բովանդակության մասին, «որը ճիշտ էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ մարդկային, ե՛ւ բարոյական տեսանկյունից:

Քանի որ երբ շուրջ 6 մարզային հեռուստակայաններով, խախտելով «Քրեական օրենսգրքի» պահանջները, վարկաբեկիչ նյութեր տարածվեցին ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի հասցեին, ընդ որում՝ ցուցադրվեց միեւնույն տեսանյութը, մենք փորձեցինք ճշտել, թե ովքեր են կանգնած այս վարկաբեկիչ նյութերի հետեւում: Քանի որ ստացանք տեղեկություն, թե այս ամենի թիկունքում են Սերժ Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը՝ ես որոշեցի ՀՀԿ-ական իմ պատգամավոր գործընկերներից ճշտել լուրի իսկությունը եւ առաջարկեցի կա՛մ հերքել, որ դրանք կազմակերպում են նշյալ պաշտոնյաները, կա՛մ դադարեցնել սեւ քարոզչությունը: Արդյունքում ոչ միայն պատասխան չստացա, այլ նաեւ նույն տեսանյութը կրկին ցուցադրվեց Հրազդանի հեռուստաընկերությամբ՝ մեր հանդիպումից անմիջապես հետո: Իսկ եթե որոշ ուժերի կամ մարդկանց թվում էր, թե կարող են չարախոսել ու պատասխան չստանալ՝ չարաչար սխալվում են»: Մեր հիշեցմանը, թե վարչապետն ու պաշտպանության նախարարը հերքեցին իր մեղադրանքները՝ տիկին Բիշարյանն այսպես արձագանքեց. «Ուշադրություն դարձրեք՝ նրանք ասում են, թե ավելի կարեւոր գործեր ունեն, քան արգելելը, որ ցույց տան մեր հարցազրույցները: Մինչդեռ մեր մեղադրանքը խիստ որոշակի էր եւ բոլորովին այլ բովանդակությամբ: Խոսքը պատվիրված սեւ քարոզչության մասին է՝ պատվիրված տեսաժապավենի եւ այն տարածելու մի շարք մարզային հեռուստաընկերություններով, որոնք վախենում են (հասկանալի պատճառներով) նշել վճարովի նյութի պատվիրատուների անունները:

Վերջում մի բարեկամական հորդոր. չքմեղանալու անհրաժեշտություն չկա: Մենք բերել ենք փաստեր, որոնք ո՛չ միայն չհերքվեցին, այլեւ ավելին՝ հաստատվեցի՛ն: Ուղղակի մեծ հավակնություններ ունեցող գործիչներն իրոք չպետք է իրենց թույլ տան զբաղվել փոքրիկ գործերով: Հիմքում պետք է քաղաքակիրթ պայքարը լինի, այլ ոչ թե սեւ քարոզչությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել