Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԵՐԲԵ՛Ք ՉԵՄ ՄԵՂԱԴՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «27»-Ը ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ»

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Վազգեն Սարգսյանի եղբոր այս հայտարարությամբ առանձնացավ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական տարելիցը:

«Ազատություն» ռ/կ-ն երեկ հեռարձակեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցը, ուր նա հերթական անգամ պնդեց, որ մինչեւ գործող իշխանությունները չհեռանան՝ «27-ի» ոճրագործության իրական կազմակերպիչներին հնարավոր չէ բացահայտել: Սակայն պատասխանելով քաղաքական այլ ուժերի՝ իշխանության գալուց հետո այս գործով նոր նախաքննության հնարավորության մասին հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց, թե դա այն գործընթացը չէ, որ ասես՝ փոխվեցին, դե եկեք սկսենք. «Բոլորս կասկածում ենք, որ դա «այնտեղից» է, ու թող բացվի, որ «այնտեղից» է, քանի որ ճշմարտությունն է դա: Ճշմարտությունը որեւէ մեկը այսօր չի կարող ասել: Ես՝ որպես անհատ, որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որպես քաղաքական գործիչ եւ նախկին վարչապետ, երբե՛ք չեմ մեղադրել այս իշխանություններին «հոկտեմբերի 27» կատարելու մեջ: Ես մեղադրել եմ այս իշխանություններին, որ նրանք ոչինչ չարեցին, որ «հոկտեմբերի 27» տեղի չունենա, եւ, երկրորդ, ամեն ինչ արեցին, որ «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի: Ես սրանում եմ մեղադրել նրանց: Եվ որպես մարդ՝ ես ավելի շատ կողմնակից եմ Հուդայի զղջմանը»:

Բավական վիճելի պնդում է, թե Արամ Սարգսյանը երբեք չի մեղադրել իշխանությանը «հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ: Արդյոք նման անուղղակի մեղադրանքնե՞ր չեն 2002-ի դեկտեմբերի 3-ին «Հանրապետության» արտահերթ համագումարում նրա խոսքերը. «27»-ի ոճրագործությունը ցմահ ծանրացած է լինելու Ռոբերտ Քոչարյանի խղճին: Նախ՝ որ չկանխեց, երկրորդ՝ որ ամեն ինչ անում է չբացահայտվելու ու ընդհանրապես մոռացության տալու համար, երրորդի մասին էլ դուք մտածեք»: Կամ՝ արդյոք նման անուղղակի մեղադրա՞նք չէր սահմանադրական հանրաքվեից առաջ Արամ Սարգսյանի բազմիցս արած հայտարարությունը, թե «հոկտեմբերի 27»-ն իշխանություններինն էր, իսկ «նոյեմբերի 27»-ն էլ իրենցն է լինելու:

Երեկ փորձեցինք պարզել, թե արդյոք նույնանո՞ւմ են տուժողների իրավահաջորդների գնահատականները: Եվ Ստեփան Դեմիրճյանն է՞լ է իշխանությանը մեղադրում միայն այն կապակցությամբ, որ նրանք չեն կանխել ոճրագործությունը եւ խոչընդոտել են բացահայտմանը: «Մեր գնահատականները հայտնի են եւ հստակ,- ասաց պրն Դեմիրճյանը:- Միշտ իմ գնահատականները տվել եմ՝ հիմնվելով փաստերի վրա: Բազմիցս ենք նշել եւ այսօր էլ եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ իշխանություններն ամեն ինչ արեցին գործը կոծկելու համար: Եվ որ դատավարությունը ոչ թե փարատեց, այլ հակառակը՝ էլ ավելի խորացրեց հասարակության մեջ առկա կասկածները: Ի՞նչ էր նշանակում այս գործով անցնողին համաներում շնորհելը, վկաներին կրճատելը… օրինակներ շատ կարելի է բերել, որոնք ապացուցում են, թե ամեն ինչ արվել է, որ հանցագործությունը չբացահայտվի»:

Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, համամիտ էր որդու պնդումներին. «Հիմա ես նույն կարծիքին եմ: Մենք հիմա չենք կարող ասել, թե այո՛, կազմակերպիչը հենց իշխանություններն էին եւ նման բան Արամը չի էլ ասել: Բայց որ իշխանությունները նախապես իմացել են, եղել են ահազանգեր ու անվտանգության նախարարությունը պիտի զբաղվեր այդ հարցով, որ պիտի կանխվեր դա եւ չի արվել… Այդ լկտիները, տականքներն ինչպե՞ս հայտնվեցին խորհրդարանում՝ այդքան զենքով, երբ խորհրդարան առանց անցաթղթի չէին թողնում նույնիսկ լրագրողներին: Այդ ո՞նց եղավ, որ նրանք բոլորը մտան ներս, եթե չկար նրանց հովանավորող ու կազմակերպիչ: Կա՛ն: Ուղղակի նաեւ անվտանգության նախարարությունն էր մեղավոր, որ չապահովեց խորհրդարանի անվտանգությունը»: Մեր նկատառմանը, թե նախկինում, այնուամենայնիվ, մեղադրանքներն ավելի ուղղակի էին՝ այժմ մեղմացնելու միտում կա, Գրետա Սարգսյանն այսպես արձագանքեց. «Արամի կողմից երբե՛ք չեն հնչել ուղղակի մեղադրանքներ: Բացարձակապե՛ս, ի սկզբանե՛ եւ մինչ այսօր: Մեղադրանքներ հնչել են իմ կողմից: Ես ասել եմ, որ այո՛, իշխանություններն իմացել են, եւ թե նրանց մեղքն է, որ այդ ստահակները հայտնվեցին խորհրդարանում: Չեղա՞վ, որ իշխանություններն են մեղավոր: Ես նույնը նաեւ ասել եմ բարձր մակարդակով՝ իրենց երեսին: Հետագայում էլ դատաքննությունը դարձրին շոու, չօժանդակեցին բացահայտմանը: Ուրեմն, ինչ-որ բան կա, չէ՞, որ կոծկում, ծածկում են: Բայց այս գործը կոծկված չի մնա՝ անպայմա՛ն կբացահայտվի»:

… Ռոբերտ Քոչարյանն այս տարի էլ չայցելեց ահաբեկչության զոհերի շիրիմներին: Հիշեցնենք, որ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր. «Նախագահը գրեթե երբեւէ չի մասնակցում սգո արարողություններին: Պատճառն այն է, որ երկրի ղեկավարի այցը նման միջոցառումներին մշտապես նախօրոք պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում պահպանության ծառայության կողմից, որը հատկապես սգո արարողության ժամանակ կարող է խնդիրներ առաջացնել»: Հաշվի առնելով այն, թե ինչպես էին Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը դանդաղ ու հանգիստ անցնում նրանց շուրջկալած ամբոխի միջով՝ պարզ է դառնում, որ այդ «մի շարք միջոցառումները» հրատապ են դառնում հատկապես սգո արարողությունների ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ կար միայն Վազգեն Սարգսյանի շիրմի մոտ: Վարչապետի եւ ՀՀԿ-ի անունից պսակները Պանթեոն՝ Կարեն Դեմիրճյանի շիրմին ուղարկվել էին, իսկ Եռաբլուր Անդրանիկ Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը, Մանուկ Թոփուզյանը, նաեւ Գագիկ Ջհանգիրյանն ու Մանվել Գրիգորյանն այցելեցին անձամբ: Առանձին այցելել էին նաեւ «Ազգային միաբանության» եւ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները:

«Ժողովուրդը գալիս է, իմ երկրապահները, բանակը, զոհվածների ծնողները, մեր ազատամարտիկները… բոլորն այստեղ են՝ վերջացա՛վ, անհատներն այդքան էլ կարեւոր չեն,- ասաց մեզ Գրետա Սարգսյանը:- Թե նախագահն ինչո՞ւ չի գալիս եւ ինչո՞ւ է միայն ծաղկեպսակ ուղարկում՝ դրանով չեմ էլ հետաքրքրվում: Կուզի՝ կգա. դա իր խղճի հարցն է, չի ուզի՝ թող չգա»: Մեր այս զրույցին ունկնդիր կանանցից մեկը նետեց՝ «Երեսատե՛ղ պիտի ունենան, որ գան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել