Լրահոս
Օրվա լրահոսը

Սգում են ռուս լրագրողի մահը

Հոկտեմբեր 30,2006 00:00

\"\"Հայ հասարակական գործիչների հայտարարությունը

Հայաստանյան մի շարք հայտնի հասարակական գործիչներ, կազմակերպություններ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ ու լրագրողներ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտեն, հասարակական գործիչ, Օլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր Անահիտ Բայանդուրը, հասարակական գործիչ Միքայել Հայրապետյանը, փորձագետ, կոնֆլիկտագետ Խաչատուր Բեզիրջյանն ու այլք, երեկ անդրադառնալով ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը եւ նրան որակելով իբրեւ «անսակարկ նշավակողի դերն ստանձնած կնոջ»՝ իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են մասնավորապես հետեւյալը. «Ազատության, խղճի, ճշմարտության սպանությունը Ռուսաստանում այլեւս սովորական է դարձել: Այսօր ողջ աշխարհը սգում է անձնազոհ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի ողբերգական մահը:

Մենք կարող ենք ասել, որ մեր կողքին ապրում եւ գործում էր Ժաննա դԱրկը. մենք գիտեինք նրա մասին, նա ճանաչված էր «Նովայա գազետայի» իր հոդվածներով, իր վարքով, մարդկանց ծառայելու գաղափարին իր անվերապահ նվիրվածությամբ, անսահման խիզախությամբ:

Նա միշտ այնտեղ էր, ուր իր կարիքը կար, նա կատարում էր իր ներքին պարտքը՝ փրկելու, պաշտպանելու նրանց, ում վտանգ էր սպառնում, կարելին անելու նրանց համար, պահպանելու նրանց մեջ հավատն արդարության հանդեպ: Եվ արդարությունն այդ մարդկանց առջեւ հաճախ կանգնում էր նրա կերպարանքն առած: Ոչ ոք չի արել չեչեն ժողովրդի համար այն, ինչ նա արեց: Շատ արժանավոր մարդիկ՝ լրագրողներ եւ ոչ միայն լրագրողներ, գնում էին այնտեղ, գրում էին իրենց տեսածի մասին, ահազանգում էին՝ փորձելով ճեղքել պաշտոնական կեղծիքը, բոլորին հայտնի դարձնել ճշմարտությունը, թույլ չտալ, որ աշխարհը մոռացության մատնի Ռուսաստանի համար ամոթալի այս պատերազմն իր անհավատալի դաժանությամբ եւ ցինիզմով, երբ ավելի քան տասը տարի շարունակ մարդկանց ոչնչացնում են ազգային պատկանելության համար»:

Մատնանշելով այն օտարազգի գործիչներին եւ իրավապաշտպան կազմակերպությունների անունները, «ովքեր իրենց ուժերի սահմաններում փորձել են պաշտպանել թե՛ Չեչնիայի բնակիչներին եւ թե՛ ռուս ժամկետայիններին, որ «ռազմական մկրտություն» էին ստանում այդ դժոխային մսաղացում», հայտարարության հեղինակները նրանց թվում առանձնացրել են Աննա Պոլիտկովսկայային, ով միակն էր, որ «անտեսելով արգելքներն ու սպառնալիքները, նորից ու նորից գնում էր Չեչնիա՝ այն ժամանակ, երբ արդեն ոչ ոք չէր գնում այնտեղ»: «Նա ապրում էր մահվան մշտական սպառնալիքի տակ, որովհետեւ գործում էր ընդդեմ պետական մեքենայի, ընդդեմ նրանց, ում ձեռքին է գերագույն իշխանությունը, ընդդեմ դաշնային իշխանությունների ճղճիմ շահերի եւ անհագ ախորժակի, այն ստորին բնազդների դեմ, որ ջրի երես բարձրացան այս անարդար պատերազմում թե՛ մի կողմից, թե՛ մյուս, ընդդեմ նոր թափ առնող ֆաշիզմի: Իր ընտրությունը նա կատարել էր գիտակցաբար եւ համոզված: Շրջանն աստիճանաբար նեղացավ, եւ Աննան աշխատում էր բոլորի փոխարեն, որովհետեւ չէր կարող լքել նրանց, ովքեր հավատում էին իրեն. պարզապես այլ կերպ չէր կարող:

Մենք խոնարհվում ենք Աննա Պոլիտկովսկայայի հիշատակի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել