Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՄԱՆՈՒԿԻ

Նոյեմբեր 01,2006 00:00

Կարելի է հպարտ մեկնաբանություն անել, թե հենց Աջափնյակում են ապրում ամենաանկաշառ ընտրողները:

Կամ էլ՝ ցինիկ մեկնաբանություն, թե Աջափնյակի մասին այնքա՜ն ասացին, որ այս համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունն ապարանցիներ են, որ մարդիկ իրենց իրոք պահեցին ապարանցիների պես: Այս մեկնաբանությունների առիթը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հայտնած տեղեկությունն է, թե Աջափնյակի համայնքապետի ընտրություններում «ընտրակաշառքի գումարը շատ բարձր է եղել՝ 100 դոլար»: Ստացվում է, թե մարդիկ իրենց ձայները չվաճառեցին 100 դոլարով, եւ նստած մնացին տանը: Համենայնդեպս՝ այդպես վարվեց ընտրողների 75%-ը:

ԺՈՒԿ նախագահի պնդումների կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանի մտերիմներից մեկն ասաց. «Ես Մանուկ Գասպարյանի ասածներին հավատ չեմ ընծայում, քանի որ նախապես էլ հրապարակավ հայտարարեց, թե 16 թաղամասում հանրահավաք է անելու՝ 4 հազար մասնակիցներով: Բայց հանրահավաքին մասնակցեցին 15-20 հոգի: Հիմա ինչպե՞ս հավատանք նրան: Թող ասածներն ապացուցի՝ թեկուզ մեկի անուն տա, որը 100 դոլար փող է ստացել Ռուբեն Հովսեփյանին ձայն տալու համար»:

Մանուկ Գասպարյանը հայտարարել էր, թե դատախազական ու կադաստրի համակարգի, նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուբեն Հովսեփյանի շտաբում էին: Մեր զրուցակիցը պնդեց, թե Աջափնյակի դատախազությունից որեւէ մեկը չի մասնակցել ընտրարշավին. «Ասում եմ մի բան, որ Ռուբեն Հովսեփյանը հաստա՛տ չի ասի՝ մեզ ինչ-որ տեղ խանգարել է ե՛ւ գլխավոր դատախազի, ե՛ւ «Նիգ-Ապարանի» հանգամանքը: Միշտ կրկնում էին՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբա՜յրը, «Նիգ- Ապարա՜նը»… Մինչդեռ Ռուբեն Հովսեփյան մարդուն հաշվի չէին առել: Մոռացել էին, որ 20 տարուց ավելին նա աշխատել էր այստեղ, եւ մարդիկ իրեն հարգում եւ սիրում են»:

Հ. Գ. Ուշագրավն այն է, որ ԺՈՒԿ-ի կողմից Աջափնյակի համայնքապետի թեկնածու առաջադրված Իշխան Արշակյանը երեկ այցելել է Ռուբեն Հովսեփյանին եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել