Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկավեներականն էլ կօպտիմալացվի

Նոյեմբեր 01,2006 00:00

Այս հանգամանքը զայրացրել է Գյումրիի քաղաքապետին

Վերջին մի քանի ամիսների ընթացքում գյումրեցի բժիշկները հոգեկան ծանր վիճակի մեջ են. մասնագիտական աշխատանքով զբաղվելու փոխարեն նրանք սթրես են տանում, թե Գյումրիի որ հիվանդանոցը որին է միանալու, ու իրենք պատահաբար գործազուրկների ցուցակում չե՞ն հայտնվելու: Առողջապահության նախարարությունը սկսել է Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է օպտիմալացնել մարզի համար կարեւոր նշանակություն ունեցող, իրենց տեսակի մեջ եզակի բուժհիմնարկներ՝ դրանք միավորելով մարզային հիվանդանոցին, որի շենքը վթարային է եւ մեծ ներդրումներ է պահանջում: Ըստ բարեփոխումների ծրագրի՝ այս հիվանդանոցին կմիացվեն, ոչ միայն Գյումրիի միակ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը, այլեւ Մաշկավեներական դիսպանսերի ստացիոնար բուժման բաժինը:

Բուժհիմնարկների՝ բաժան-բաժան անելը խիստ զայրացրել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն օրերս ավագանու նիստ էր հրավիրել՝ իր դժգոհությունը հայտնելու. «Ի՞նչ եք անունը դնում, որ փակում եք, եթե սա տնտեսում է, էսպիսի տնտեսում մեզ պետք չի, սա մարզի միակ հիվանդանոցն է, էսօր էլ սեռավարակները շատացել են, գնում ես մաշկավեներական հիվանդանոց՝ հերթը չգիտես ուր է հասնում, ուրեմն պահանջարկ կա, չէ՞: Թե՞ ուզում եք մեզ նորից գերի դարձնել երեւանցիներին»: Վ. Ղուկասյանն իր անհամաձայնությունները ձեւակերպել է նաեւ ՀՀ վարչապետին ուղղված նամակում: Մարզի բժիշկների ներկայացմամբ, Մաշկավեներական դիսպանսերն իր տեսակի մեջ միակն է եւ իր հիմնադրման օրվանից սպասարկել է ամբողջ տարածաշրջանի բնակչությանը: Այստեղ, շիրակցիներից բացի, բուժվելու էին գալիս նաեւ հարեւան Վրաստանից: Ըստ բժիշկների, հիվանդանոցը միշտ էլ աշխատել է գերծանրաբեռնված: Ըստ օպտիմալացման ծրագրի, մութ ամպեր են կուտակված նաեւ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի ու ինֆեկցիոն հիվանդանոցի գլխին, որոնց որոշ բաժանմունքներ դարձյալ նախատեսված են տեղափոխել մարզային հիվանդանոց: Սակայն նշենք, որ օպտիմալացման փաստաթղթով այս ամենը պիտի կատարվեր մարզային հիվանդանոցում ֆինանսական ներդրումներ կատարելու դեպքում միայն, ինչը չի արվել: «Մարզային հիվանդանոցի երկու չգործարկված մասնաշենքերը վերանորոգելու համար պահանջվում է 181 հազար դոլարի ներդրում»,- գրված է օպտիմալացման փաստաթղթում: Փաստն այն է, որ այստեղ ոչ մի ներդրում էլ չի կատարվել, միակ ներդրում կատարողները հիվանդանոցի բժիշկներն են, որոնք այցելու չփախցնելու համար անձնական միջոցներով քիչ թե շատ կարգավորել են հիվանդասենյակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930