Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Նոյեմբեր 09,2006 00:00

Եթե մեկն ինչ-որ վատ բան է անում, ապա պետք է չվախենա, որ ամբողջ Հայաստանը դրա մասին կարող է իմանալ: Խոսքը վերաբերում է Տիգրան Թորոսյանին, որը 3 տարի լինելով ԱԺ նախագահի տեղակալ՝ 3 բառ չի ասել, որ ԱԺ-ում անարդյունավետ կառույցներ են գործում:

Իսկ տեղյա՞կ է Տիգրան Թորոսյանը, թե լուծարված խորհուրդներն ու վարչությունները քանի հազար դիմումներ են ստացել ու լուծումներ տվել, թե քանի հարյուր հանդիպումներ ու ընդունելություններ են կազմակերպել Երեւանում ու մարզերում, թե քանի օրենսդրական նախաձեռնություն է ծնվել այս մարդկանց աշխատանքի արդյունքում: Ավելին՝ նա մեղադրում է ՕԵԿ պատգամավորներին, թե մենք այդ կառույցների նպատակահարմարության մասին երբեք չենք խոսել: Փոքրոգության եւ չարության ինչպիսի՜ պոռթկում:

Մի փաստ եւս. թող Տիգրան Թորոսյանը ստուգի, թե քանի հազար դիմումներ են հասցեագրվել Արթուր Բաղդասարյանին եւ լուծարված խորհուրդներին ու կառույցներին, եւ քանիսն են այսօր հասցեագրվում Թորոսյանին: Դրանց տարբերությունն առնվազն մի քանի տասնյակ հազար է: Մարդկանց, որոնց հարցերին ու դարդերին լուծումներ են տրվել:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում աշխատող ՕԵԿ-ականներին, ապա անկեղծ ասած՝ ես էլ եմ զարմանում, որ Տիգրան Թորոսյանը զարմանում է, թե ԱԺ-ում 600 հոգու մեջ կարող էր աշխատել 38 ՕԵԿ-ական: Շատ չզարմանալու համար խորհուրդ կտայի Տիգրան Թորոսյանին նայել շուրջն ու տեսնել, թե ՀՀԿ-ն հանրապետականացման ինչպիսի գործընթաց է իրականացնում ողջ երկրով մեկ:

Իսկ ինչ մնում է ԱԺ նախագահին առընթեր խորհուրդներ ձեւավորելուն, ապա կարծում եմ՝ դա թթու թան չէ եւ ամեն մարդու բան չէ:

Կուզեի հիշեցնել, որ քաջ Նազարի բախտին արժանացած պաշտոնյաները թող հիշեն հեքիաթի ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել