Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՇՎԻՆ

Նոյեմբեր 09,2006 00:00

\"\"Գործարանատերը քաղաքային իշխանությունների համաձայնությամբ Այգեստան փողոցը նեղացնում է \"\"

Երեւանի քաղաքապետարանը կենտրոնի ծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելու համար՝ վերջերս լուրջ միջոցներ ծախսեց նոր փողոցներ ավելացնելու, եղածները լայնացնելու եւ երկկողմանի դարձնելու ուղղությամբ: Սակայն Կենտրոն համայնքի Այգեստան փողոցում Վեդիի գինու գործարանի տնօրեն Սարգիս Վարժապետյանին նույն քաղաքապետարանը թույլտվություն է տվել, որ փողոցի հաշվին իր մի քանի առանձնատները կառուցի: Ինչի հետեւանքով, Այգեստան փողոցի մի հատվածը, մոտ 3 մետր, նեղացել է՝ 8.20 սանտիմետրից դառնալով 5.30: Ընդ որում, կառուցապատվել է փողոցի հենց այն հատվածը, որը նախկինում վարորդներին ծառայում էր շրջադարձի համար:

Այժմ Այգեստանի 5-րդ թաղամասով անցնող վարորդները հայտնվում են «տուպիկի» մեջ ու հետ դառնալու համար ստիպված են իրենց հետեւից եկող մեքենաներին հետ դարձնել: Թիվ 15 եւ 19 տների բնակիչներն էլ իրենց մեքենաները չեն կարողանում ավտոտնակներից հանել, քանի որ Ս. Վարժապետյանի կառուցած նոր ցանկապատը խանգարում է: Այս առնչությամբ երբ թաղամասի բնակիչները բողոքել են եւ փորձել խոչընդոտել շինարարական աշխատանքներին, գործարանատիրոջ կողմնակիցները մարդկանց նկատմամբ բռնություններ են գործադրել: Բնակիչների պատմելով, բանը հասել է նրան, որ ծեծի է ենթարկվել բնակիչներից մեկը՝ 86-ամյա սրտային հիվանդ Հրանտ Կարապետյանը, որի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ տուժողը: Նրա խոսքերով. «Ինձ այդ օրը նույնիսկ տարել են քաղմաս եւ պահել մինչեւ ուշ գիշեր, որպեսզի չխանգարեմ շինարարությանը»: Բնակիչների դժգոհություններին ու բողոքներին ի պատասխան, Կենտրոնի թաղապետարանից ասել են, որ ամեն ինչ օրինական է, այդ հողակտորները գտնվում են Ս. Վարժապետյանի հողամասի անմիջական հարեւանությամբ, եւ նա իրավունք ունի այդ հատվածում շինարարություն կատարել:

Այս հարցի վերաբերյալ, որքան էլ տարօրինակ է, Երեւանի քաղաքապետարանը միանգամայն այլ դիրքորոշում է ընդունել: Չնայած մի ձեռքով քաղաքապետարանը կառուցապատողին տվել է բոլոր օրինական փաստաթղթերը՝ փողոցի հաշվին առանձնատներ կառուցելու, սակայն երբ այգեստանցիները կառուցապատման դեմ բողոքել են քաղաքապետ Երվանդ Զախարյանին, նա եկել է այն եզրակացության, որ սխալ որոշում է կայացրել ու հորդորել անմիջապես կասեցնել շինարարությունը: Պարոն Զախարյանը իր իսկ ստորագրած որոշումը տեղում անվավեր է համարել: Մեր տեղեկություններով, նա նույնիսկ այս խնդրի հետ առնչություն ունեցող քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների խիստ նկատողություն է տվել: Բնակիչները կարծելով, որ քաղաքապետի կասեցման որոշումը վերջնական է եւ որ փողոցը նախկին տեսքին կբերվի՝ պայքարը դադարեցրել են:

Սակայն պարզվում է, Ս. Վարժապետյանը, չհաշտվելով քաղաքապետի նոր դիրքորոշման հետ՝ դիմել է դատարան եւ վճիռ ստացել հօգուտ իրեն: Ընդամենը երկու օր առաջ կառուցապատողը մեծ թափով սկսել է փողոցի նեղացման աշխատանքներն իրականացնել: Քանի որ Ս. Վարժապետյանը քաղաքից բացակայում էր, դստեր փոխանցմամբ՝ Եղեգնաձորում է, ուստի մեզ չհաջողվեց նրանից էլ պարզաբանումներ վերցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել