Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական կրքերը շարունակվում են

Նոյեմբեր 09,2006 00:00

Տնօրենի պաշտոնն ամուսնուց անցավ կնոջը

Երեկ ԳԱԱ նախագահության նիստում հաստատվեցին եւս 4 ինստիտուտների տնօրենների թեկնածություններ. Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվեց Վլադիմիր Հարությունյանը, Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Նիկոլայ Կնյազյանը, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Գեւորգ Գեւորգյանը: Այս 3 ինստիտուտների դեպքում թեկնածուները միակն էին: Իսկ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էր 2 թեկանածու. ինստիտուտի գիտական աշխատակազմն առաջադրել էր նախկին տնօրեն Լեւոն Մանվելյանի կնոջ՝ Քնարիկ Ղազարյանի թեկնածությունը, իսկ Բնական գիտությունների բաժանմունքի բյուրոն՝ ինստիտուտի գիտաշխատող Վաղինակ Սարգսյանի: Երեկ տնօրենի պաշտոնում հաստատվեց Քնարիկ Ղազարյանը: Հիշեցնենք՝ ինստիտուտում կայացած ընտրությունների արդյունքում գիտխորհուրդը միայն 2 ձայնի առավելություն էր տվել Քնարիկ Ղազարյանին, եւ թեկնածուների հարցում լուրջ լարվածություն էր սկսվել կոլեկտիվի ներսում: Թերեւս կրքերը հանդարտեցնելու համար էր, որ բաժանմունքը որոշեց առաջադրել Վ. Սարգսյանի թեկնածությունը: Սակայն արդյունքում՝ պաշտոնը փոխանցվեց ամուսնուց կնոջը: Իսկ Լ. Մանվելյանին էլ տնօրենի պաշտոնը 2003 թ. անցել էր իր քրոջ ամուսնուց՝ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանից: Ի դեպ, ԳԱԱ պաշտոնական կայքում մինչ օրս Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վախճանված Վ. Ֆանարջյանն է:

Այսպիսով, սակայն, չենք ուզում նսեմացնել Ք. Ղազարյանի վաստակը. արդեն անդրադարձել ենք բոլոր այն առավելություններին, որոնք հնչեցրել էր նրա ամուսինը՝ Լ. Մանվելյանը, կնոջ հասցեին:

Ուրբաթ օրը տեղի կունենա բնագիտական բաժանմունքի մյուս ինստիտուտների տնօրենների հաստատումը: Այդ շարքում հատկապես հետաքրքիր ընթացք է սպասվում Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի ընտրությանը: Այստեղ, ինչպես արդեն հայտնի է, նախկին տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի կողմից առաջադրված է Աստղիկ Փեփոյանի թեկնածությունը, ով գիտխորհրդի ձայների մեծամասնությունն էր ստացել, իսկ բաժանմունքի ակադեմիկոս Գագիկ Ստամբոլցյանի կողմից՝ փոխտնօրեն Աննա Բոյաջյանինը: Չնայած բաժանմունքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հակառակորդ կողմից փորձ էր արվել կեղտ շպրտել Ա. Փեփոյանի հասցեին, թե իբր նա տապալել է որոշ գրանտային ծրագրեր, սակայն այս օրերին նմանատիպ խոսակցություններին փոխարինել են անհանգստությունները, թե բաժանմունքը, հնարավոր է, առաջադրի մի 3-րդ թեկնածուի: Այս մտահոգությունները, սակայն, մեզ հետ զրույցում ցրեց բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանը՝ ասելով, որ նախ առաջադրումների ժամկետն է լրացել, բացի այդ, 2 թեկնածուներն էլ բավական լուրջ հավակնորդներ են, եւ առանց այն էլ այդ 2-ի միջեւ բավական դժվար ընտրություն է սպասվում:

Ինչպես մյուս ինստիտուտների դեպքում, այստեղ էլ որեւէ գիտնական չցանկացավ իր անունից հանդես գալ եւ հայտնել իր կարծիքը՝ ինստիտուտում տիրող մթնոլորտի եւ մտավախությունների մասին: Իսկ գիտաշխատող Կառլեն Հովնանյանը բավարարվեց միայն Ա. Փեփոյանի հասցեին գովասանքի խոսքեր ասելով ու ներկայացնելով վերջինիս կազմակերպած գիտական սեմինարը, որ անցկացվել է օրերս՝ «Միջբջջային փոխազդեցությունների» լաբորատորիայում՝ աղիքային դիսբիոզների, նոր պրոբիոտիկների ստացման թեմայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել