Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու գործ կարճվեց

Նոյեմբեր 14,2006 00:00

Մեկը՝ հայցվորի միջնորդության, մյուսը՝ ապացույցների անբավարարության պատճառաբանություններով

Երեկ «Փակագիծ» թերթի խմբագիր ու «Ագապ-հրատ» ՍՊԸ տնօրեն Ագապի Հայկազունին ասաց, թե նոյեմբերի 9-ին ընկերության գույքի ու հաշվեհամարի վրա դատարանի որոշմամբ կալանք դնելուց հետո թերթի աշխատակիցները սեփական հետաքննություն են անցկացրել ու պարզել, որ ՍՊԸ-ին 8,5 մլն դրամի պահանջ ներկայացրած հայցվորը՝ Դանիել Թանյանը, ԺԱԿ կուսակցության վարչության անդամ է: Վերջինս երեկ միջնորդել էր դատարանին հանել կալանքը ընկերության գույքի ու հաշվեհամարի վրայից եւ խնդրել էր կարճել հարուցված գործը: Երեկ Ա. Հայկազունու հետ զրույցից պարզեցինք, որ ԺԱԿ-ն ու «Ագապ-հրատ» ՍՊԸ-ն միմյանց առնչվել են այնքանով, որքանով, ըստ Ա. Հայկազունու, «Փակագիծ» թերթն ու համանուն ակումբը տարածք են զբաղեցրել այդ կուսակցությանը պատկանող տարածքում եւ աշխատել են, ինչպես տիկին Հայկազունին ասաց, «բարտերային» սկզբունքով՝ տարածք՝ լոբբինգի դիմաց: Բայց ինչ-որ բան կողմերի միջեւ եղած պայմանավորվածություններում փոխվել էր, եւ «Ագապ-հրատը» շուրջ մեկ տարի առաջ տեղափոխվել էր այլ տարածք: Այդուհանդերձ, «Փակագծի» հետ կապված ոչ բոլոր հարցերը կարելի էր հարթված համարել՝ նկատի ունենալով այն, որ ի պատասխան «Առավոտի» նոյեմբերի 10-ի՝ «Փակագիծը» փակվեց, հետո բացվեց» հրապարակման, որտեղ թերթի խմբագիր Ագապի Հայկազունին հավաստիացրել էր, թե ինքը որեւէ մեկի հանդեպ պարտավորություն չունի, «Փակագծի» Վանաձորի նախկին թղթակից Գայանե Հովսեփյանն էր հայտարարել, որ Ա. Հայկազունին մինչ օրս իրեն 80 հազար դրամ է պարտք շուրջ 30 հոդվածների դիմաց: Թեեւ թերթի տնօրեն Վահագն Մանուկյանը, Գ. Հովսեփյանի ասելով, դեռ «նոյեմբերի 2-ին հավաստիացրել էր, թե գումարները, իբր, փոխանցվել են «Հայխնայբանկի» Վանաձորի բաժանմունք, մինչդեռ նոյեմբերի 10-ի դրությամբ բանկը նրանից փոխանցում չէր ստացել»։ Երեկ մեր զրույցի ժամանակ Ա. Հայկազունին ասաց, թե այդ գումարն, իրոք, չի փոխանցվել, քանի որ ՍՊԸ-ի հաշվեհամարի վրա կալանք էր դրվել, ու հավաստիացրեց, թե առաջիկա օրերին Գ. Հովսեփյանի գումարն անպայման կվճարվի:

Երեկ նոր տեղեկություններ ենք ստացել նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի գործով: Նոյեմբերի 10-ին Գ. Շամշյանն ու նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից՝ դատախազի տեղակալ Դավիթ Գրիգորյանից գրություն են ստացել, ըստ որի, այս տարվա հուլիսի 12-ին ֆոտոթղթակցի դեմ կիրառված բռնությունների փաստի առիթով հարուցված քրգործը կարճվել է եւ դադարեցվել է այդ քրգործով անցնող Ռոբերտ ու Անդրանիկ Հովհաննիսյանների, Վարդան Հարությունյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը՝ «վերջիններիս գործողություններում հանցակազմի առկայությունը հիմնավորող ապացույցների բացակայության հիմքով»: Անկեղծ ասած, դատախազության այս որոշումն անակնկալ համարել չի կարելի, որովհետեւ մինչ այդ էլ հասկանալի էր, որ այն էլ ընտրությունների շեմին իշխանությունների շահերից չի բխում որեւէ համայնքի թաղապետի նեղացնել, էն էլ՝ լրագրողի վրա հարձակում կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Ռոբերտ Հովհաննիսյանը Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի եղբայրն է, Անդրանիկ Հովհաննիսյանը՝ հայրը, Վարդան Հարությունյանը՝ թաղապետի նախկին տեղակալը:

Ինչ վերաբերում է այս քրգործին իբրեւ հակակշիռ «թխված» մեկ այլ քրգործի ճակատագրին, որտեղ Գ. Շամշյանն արդեն ներգրավված է որպես մեղադրյալ, ապա դրա վերաբերյալ դեռեւս նոր պաշտոնական տեղեկություններ չկան, թեեւ այլ աղբյուրներից հայտնի է, որ այդ գործն, ի տարբերություն նախորդի, դատարան ուղարկելու մտադրություն կա: Համենայնդեպս, երեկ դրանով է Գ. Շամշյանին սպառնացել համայնքի դատախազ Հակոբ Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել