Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներիս ստամոքսը սովածությունից ցավում է»

Նոյեմբեր 20,2006 00:00

\"\"Խաչատրյանների ընտանիքի մայրը չի կարողանում երեխաներին կերակրել, էլ ուր մնաց բժշկի տանել:

Մոտ 20 օր է՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի վեցամյա բնակիչ Հրաչյայի ոտքը կոտրված է, սակայն ծնողները գումար չունենալու պատճառով երեխային չեն կարողանում հիվանդանոց տեղափոխել: Հրաչյան առանց որեւէ բուժօգնության՝ տանը պառկած է, ոտքն անգամ գիպսի մեջ չէ եւ ամեն անգամ, երբ ծնողները նրան գրկած տեղաշարժում են, երեխան ցավից գալարվում է: Հրաչյայի մոր՝ Հասմիկ Խաչատրյանի պատմելով, երբ երեխայի ոտքի ցավը սաստկանում է՝ ցավազրկելու համար օղիով շփումներ է անում. «Ոտքը գիպս դնելու համար ամենաքիչը 7-8 հազար դրամ է հարկավոր: Հիմա առանց փողի մեզ ո՞վ բուժօգնություն ցույց կտա: Նույնիսկ ճանապարհածախս չունենք, որ երեխային տաքսիով հիվանդանոց տանենք: Մի կերպ յոլա ենք գնում, օրերով միայն ցամաք հաց ենք ուտում, երեխաներիս ստամոքսը սովածությունից ցավում է»: Կարին գյուղին ամենամոտ հիվանդանոցը գտնվում է Աշտարակ քաղաքում, որը Կարինից հեռու է մոտ 40 կմ: Հրաչյայի ծնողները խիստ անհանգստացած են, որ տան պայմաններում, առանց գիպսի ինքնաբուժումը լուրջ հետեւանքներ է թողնելու երեխայի առողջության վրա. «Արդեն երեւում է, որ երեխայիս ոտքը ծուռ է կպչում: Տան բուժածը, առանց գիպսի, ինչ պետք է լինի, թեթեւ վնասվելու դեպքում երեխան կրկին խնդիրներ կունենա»: Նրանց պայմաններն այնքան վատ են, որ նույնիսկ հնարավորություն չունեն շրջկենտրոնից բժիշկ հրավիրել, որ գոնե երեխային զննի, խորհուրդներ տա:

Սոս Խաչատրյանի ընտանիքը 1988թ. գաղթել է Ադրբեջանի Աղսուի շրջանի Հինքար գյուղից: Խաչատրյանները գաղթելու օրվանից ի վեր ապրում են սոցիալապես ծանր վիճակում: Ընտանիքը զուրկ է կենցաղային նվազագույն պայմաններից: Նրանց ունեցած-չունեցածը մեկ սենյականոց բնակարան է, մեկ զույգ փայտե մահճակալ ու խորհրդային տարիներից պահպանված հեռուստացույցը: Խաչատրյանների ավագ որդին՝ 17-ամյա Խաչիկը եկող տարի բանակ է գնալու, բայց մոր պատմելով՝ իր քույր ու եղբայրների հետ հագնում են ուրիշի տված հագուստները. «Աղջիկս վեցերորդ դասարանում է, տետրն ու գրիչն ինչ է, որ ժամանակին չենք կարողանում գնել, մեկ-մեկ էլ դասընկերներն են տալիս, երեխան ամաչում է եւ օրերով դպրոց չի գնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930