Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Դրական նոտաներ» եւ ոչ մի հույս

Նոյեմբեր 23,2006 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մի քանի ամիս առաջ մեր տարածաշրջան կատարած նախավերջին այցից ի վեր, ըստ էության, փոխվել է միայն մեկ բան՝ միջնորդների արած պատկերավոր համեմատությունները:

Երեկ առավոտյան Բաքու մեկնելուց առաջ ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովն ու Բերնար Ֆասյեն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ճեպազրույց տվեցին, որի ընթացքում Բերնար Ֆասյեն բանակցային գործընթացն այս անգամ համեմատեց ոչ թե «մասամբ ջրով լցված բաժակի» հետ, ինչպես արել էր նախկինում, այլ պատի հետ, որի վրա «ամեն անգամ աղյուսներ են դրվում»: Մնացած մեկնաբանություններն ու գնահատականները, ընդհանուր առմամբ, նույնն էին: Այսպես. ըստ Յուրի Մերզլյակովի, իրենց հանդիպումները ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ «արդյունավետ» են եղել: Նա ասաց, թե «հայկական կողմը համաձայնություն է տվել նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համար», սակայն իրենք «պետք է հաստատում ստանան նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից»: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացակայությունը, Մերզլյակովի խոսքերով, պայմանավորված է «պարտականությունների բաժանմամբ»: Ըստ այդմ, առաջիկայում Բրայզան պետք է հանդիպի այս պահին ԱՄՆ-ում գտնվող՝ ԼՂ ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ: «Ընդհանուր առմամբ, տարին եզրափակում ենք բավականին դրական նոտայով, ու եթե մենք կարողանանք պահպանել կողմերի նման տրամադրվածությունը, ապա 2007 թ. մուտք կգործենք բավական լավ հեռանկարներով, չնայած հանգամանքին, որ սպասվող ընտրությունները որոշակի արգելակող ազդեցություն են ունենում բանակցությունների վրա»,- ամփոփեց ռուսաստանցի համանախագահը: Իր հերթին, Բերնար Ֆասյեն, զարգացնելով իր պատկերավորած «պատի» թեման, նշեց, որ ներկա պահին այդ պատը, այնուամենայնիվ, այնքան էլ ամուր չէ, որ կողմերին թույլ տա խաղաղության պայմանագիր ստորագրել: «Սակայն մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպումը թույլ կտա մոտեցնել որոշակի բարդ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները»,- ասաց ֆրանսիացի համանախագահը: Պատասխանելով, մասնավորապես, ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ ճարտասանությանը վերաբերող հարցին, Յուրի Մերզլյակովն ասաց, թե դա, անշուշտ, խանգարում է բանակցություններին, հատկապես, երբ նման հայտարարություններ են հնչում «կարեւոր հանդիպումների նախաշեմին»: Այդուհանդերձ, Մերզլյակովի գնահատմամբ, այդօրինակ ճարտասանությունը «վերջին շրջանում նկատելիորեն նվազել է»: Եվ, վերջապես՝ կարեւորագույն մի հարցի մասին. բանակցային գործընթացին ԼՂ-ի՝ իբրեւ բանակցող կողմի մասնակցության հնարավորությունը: Այս կապակցությամբ Մերզլյակովը նշեց, թե բանակցությունների այն մասով, որն անմիջականորեն առնչվում է Ղարաբաղին, հետագայում կմշակվի ԼՂ ներկայացուցիչների մասնակցության «ինչ-որ կոնկրետ ձեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել