Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈ 2008»-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼՆԵ՞Ր ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Նոյեմբեր 24,2006 00:00

Դատելով որոշ զանգվածային լրատվամիջոցների տարածած վերջին հրապարակումներից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, հնարավոր է՝ հնչեղ սկանդալներ առաջանան:

Դրանցից երկուսը, մասնավորապես, առնչվում է «A» խմբի (որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականը) մեր մրցակիցներին: Օրինակ, «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ազգային հավաքականի եւ Աղդամի «Ղարաբաղ» ակումբի պաշտպան Սերգեյ Սոկոլովը, ով ժամանակին խաղացել է Նախոդկայի «Օկեան» թիմում, կարող է ֆուտբոլից հեռացվել վեց ամսից մինչեւ երկու տարի ժամանակով: Հոկտեմբերի 11-ին մրցակցի դաշտում կայացած Բելգիա-Ադրբեջան հանդիպումից հետո, որում հարեւան հանրապետության հավաքականը 0:3 հաշվով խոշոր պարտություն էր կրել, Սերգեյ Սոկոլովի դոպինգ ստուգումը դրական արդյունք է ցույց տվել: Այդ ինֆորմացիան հետագայում հաստատել է Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը: Նա հայտարարել է. «Երկու-երեք շաբաթ առաջ մենք ՈՒԵՖԱ-ից ֆաքս ենք ստացել, որում ասվում էր, թե Սոկոլովի դոպինգ զննումը դրական արդյունք է տվել: Ի պատասխան, մենք ՈՒԵՖԱ-ին ուղարկել ենք դեղամիջոցների այն ցուցակը, որ ֆուտբոլիստին նշանակել էր հավաքականի մարզիչը: Ստացված պատասխանում նշված էր, թե դրանցից ոչ մեկն արգելվածների ցանկում չկա: Այդ ժամանակ մենք նմանատիպ ցուցակ պահանջեցինք «Ղարաբաղ» ակումբից, որի կազմում խաղում է ֆուտբոլիստը: Պարզվեց, որ նա ամռանը վնասվածքից հետո բուժում է անցել հիվանդանոցներից մեկում: Հիվանդանոցը նույնպես մեզ տրամադրել է անհրաժեշտ բոլոր ցուցակները, որոնք ուղարկել ենք ՈՒԵՖԱ»:

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ասադովը չգիտի այդ արգելված դեղամիջոցի անունը: Իսկ Սոկոլովը պետք է պատրաստվի կրկնակի դոպինգ զննում անցնել: Եվ եթե «B» սրվակն էլ դրական արդյունք ցույց տա, ֆուտբոլիստը կորակազրկվի բավականին երկար ժամկետով:

Մյուս սկանդալը վերաբերում է նոյեմբերի 15-ին Բրյուսելում կայացած Բելգիա-Լեհաստան հանդիպմանը, որում հյուրերը 1:0 հաշվով հաղթանակ են տարել: ՈՒԵՖԱ-ն օրերս հայտարարել է ընտրական այդ հանդիպման հետ կապված նախնական հետաքննություն սկսելու մասին: Դրա համար հիմք են ծառայել խաղից ոչ շատ առաջ մի քանի ֆուտբոլիստների հայտարարությունները եւ մամուլի հրապարակումները: Մասնավորապես, Լեհաստանի հավաքականի պաշտպան Յացեկ Բակը տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոստովանել է, որ հանդիպումից առաջ ինչ-որ անհայտ մարդիկ իր թիմի պարտությանն աջակցելու դիմաց կաշառք են խոստացել: Նա ասել է նաեւ, որ սեփական տուգանային հրապարակում խաղի կանոնները խախտելու համար իրեն առաջարկել են 10 հազար եվրո:

Ավելացնենք նաեւ, որ լեհ ֆուտբոլիստի հայտարարությունների հետեւանքով առաջացած իրավիճակի քննություն կազմակերպել պահանջել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել