Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբոստի մահը

Նոյեմբեր 27,2006 00:00

\"\"Հինգշաբթի երեկոյան Լոնդոնի hիվանդանոցներից մեկում մահացավ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն:

Նախընթաց երեք շաբաթների ընթացքում բժիշկներն արեցին ամեն ինչ՝ փրկելու 43-ամյա փախստական հետախույզի կյանքը, բայց՝ ապարդյուն: Չափազանց «արհեստավարժ» էր այն թույնը, որն էլ, լոնդոնյան մասնագետների հավաստմամբ, դարձավ Լիտվինենկոյի հանկարծահաս հիվանդության, ապա եւ՝ մահվան պատճառը: Հատկանշական է, որ դրա բաղադրության բացահայտման վրա մինչ այժմ գլուխ են կոտրում ու չեն հաջողում Միացյալ Թագավորության լավագույն փորձագետները: Հենց այս հանգամանքն էլ արեւմտյան եւ անգամ՝ որոշ ռուսական լրատվամիջոցների հարկադրել էր կարծիքներ շրջանառել, թե կատարվածը սովորական մահափորձ չէր. թեկուզեւ այն պատճառով, որ ՌԴ ԱԴԾ նախկին աշխատակցին թունավորել են ոչ սովորական նյութով: Այնպիսի նյութով, որը պարզապես հասու չէր կարող լինել սովորական մարդասպաններին: Կարճ ժամանակ անց այդ կարծիքներն օրինաչափորեն վերաճեցին Կրեմլի դեմ ուղղված բացահայտ մեղադրանքների:

Ալեքսանդր Լիտվինենկոն կնոջ եւ որդու հետ ՌԴ-ից հեռացել էր 2000 թվականին: Վերջին տարիներին նա ժամանակ առ ժամանակ հայտնվում էր միջազգային առաջատար ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում՝ տարբեր առիթներով Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրելով ՌԴ նախագահ Պուտինի հակառակորդների սպանությունները կազմակերպելու մեջ: Լիտվինենկոյի վերջին՝ աղմկահարույց բացահայտումը վերաբերում էր ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը: Ինչպես հայտնի է, վերջերս սպանված Պոլիտկովսկայայի պրոֆեսիոնալ հետաքրքրությունների շրջանակում էր պաշտոնական Մոսկվայի համար այնպիսի մի ոչ հարմարավետ թեմա, ինչպիսին Չեչնիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներն են: Հիշեցնենք, որ այս սպանության հետ Կրեմլի ունեցած հավանական առնչությունների թեման եւս մամուլում շրջանառվել է: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ինքը՝ արդեն մահամերձ Լիտվինենկոն պնդում էր, որ իրեն թունավորել են այդ գործի կապակցությամբ իր ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: Լոնդոնյան մի ռեստորանում կայացած վերջին՝ ճակատագրական հանդիպմանը նրան պետք է փոխանցեին մի նամակ, որը լույս էր սփռելու լրագրողուհի Պոլիտկովսկայայի սպանության որոշ հանգամանքների վրա: Ի դեպ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն արդեն պաշտոնապես հերքել է Լիտվինենկոյի թունավորմանն իր հնարավոր առնչությունը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե որեւէ պարագայում այնտեղից կարող էր եւ այլ արձագանք հնչել: 2002 թ. ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով Լիտվինենկոն ՌԴ-ում հեռակա կարգով դատապարտվել էր: Մեծ Բրիտանիան նրան քաղաքական ապաստարան, ապա եւ քաղաքացիություն էր շնորհել: Նա համարվում էր ռուսաստանցի վտարանդի գործարար Բերեզովսկու մտերիմ ընկերներից մեկը: Հայաստանի հանրությանը Լիտվինենկոյի անունը ծանոթ է «Հոկտեմբերի 27»-ի գործից: Հիշեցնենք, որ նա այդ ահաբեկչության ակունքներում եւս «ռուսական հետք» էր նկատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել