Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱԿՈՒՈՒՄԸ

Դեկտեմբեր 08,2006 00:00

Երբ կուսակցությունները պասիվ են, նրանց տեղն են զբաղեցնում «վերքաղաքական» միավորումները

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայաստանյան քաղաքական իրականության բավականին հետաքրքիր պատկեր է ձեւավորվել: Կուսակցությունների մեծ մասը չի զբաղվում իր անմիջական պարտականություններով՝ քաղաքական գործունեությամբ: Եվ սա առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, որոնց առաջնային խնդիրը պետք է լիներ ապագա խորհրդարանական ընտրությունների միջոցով իրագործել յուրաքանչյուր քաղաքական ուժի գերնպատակը՝ օրենսդիր մարմնում նվաճել քաղաքական մեծամասնություն: Ինչպես ձեւակերպում են իրենց հրապարակային ելույթներում ընդդիմության լիդերները, նրանք սպասում են պատեհ առիթի՝ քաղաքականապես ակտիվանալու համար: Նման առիթ 2003-ի համապետական ընտրություններն էին, իսկ հաջորդ առիթը 2007֊ի մայիսի 12-ն է լինելու՝ խորհրդարանական ընտրությունների օրը: Եվ քանի որ այլ հարմար առիթ նրանք չեն տեսնում, միանգամայն բնական է, որ առաջացած այդ վակուումը պետք է լցնեն ապաքաղաքական կամ, ինչպես իրենք են ներկայացնում, վերքաղաքական ուժերը:

Այդպիսի վերքաղաքական միավոր է, օրինակ, «Քաղաքացիական անհնազանդությունը»: Այնքան վերքաղաքական է, որ նրա հերթական ցախավելային ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի ներկայությամբ սկսում են հայհոյել նախկին իշխանություններին: Ապաքաղաքականությունը որպես գաղափար հռչակած տարբեր շարժումները, որոնք քաղաքական կուսակցությունների պասիվության պատճառով լցրել են ընդդիմության դատարկ տարածությունը, պետք է պատրաստ լինեն նաեւ բազմաթիվ այլ կազուսների: Որովհետեւ մի տեղ, ուր չկան գաղափարներ եւ ծրագրեր, կամ որտեղ կան միաժամանակ բոլոր գաղափարները ու բոլոր ծրագրերը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վազգեն Մանուկյանի նորաստեղծ «Քաղաքացիական նախաձեռնությունում» է, հնարավոր է ամեն ինչ: Նման իրավիճակների մենք ականատես եղել ենք, երբ մի 2 տարի առաջ, այսպես կոչված, միասնական ընդդիմության հանրահավաքներում մեկը կոչով դիմում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մյուսը կոչով դիմում էր Արեւմուտքի ղեկավարներին, իսկ երրորդը կոչ էր անում հարթակից քշել Հյուսիսի ու Արեւմուտքի կամակատարներին:

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների տրանսֆորմացիայի ակնհայտ պրոցես է սկսված, եւ այն կուսակցությունները, որոնց խնդիրը պետք է լիներ գործող իշխանությանը լուրջ, ծրագրային եւ գաղափարական այլընտրանք ներկայացնելը, սահուն կերպով հայտնվել են լուսանցքում՝ մնացած խոպան դաշտը թողնելով այս կամ այն պատճառով ակտիվացած շարժումներին: Մինչդեռ, հայտնի է, որ ժողովրդավարության բանաձեւը կայացած բազմակուսակցական համակարգն է, երբ կա հստակ հավասարակշռություն իշխանության եւ ընդդիմության քաղաքական ուժերի միջեւ: Վերապահումով եմ վերաբերվում նաեւ «այլընտրանքին», որովհետեւ իրենց գործունեության համար այդ միավորումն ընտրել է չափից դուրս կոշտ նախապայման՝ հայտարարելով, որ իրենց համախոհները նրանք են, ովքեր ընդունում են Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր այդ հոդվածը չեն կարդացել:

Ընդդիմադիր դաշտը զբաղեցրած քաղաքական կուսակցությունների «աշխատանքային անգործության» հետեւանքով չի բացառվում, որ վաղն էլ ստեղծվի ապաքաղաքական ու վերգաղափարական մի շարժում, որը որոշի ոչ թե ցախավելով, այլ «դիխլոֆոսով» վերացնել իշխանություններին, կամ հայտնվի մի նախաձեռնություն, որը հայտարարի, թե իր հետեւորդները կարող են լինել միայն նրանք, ովքեր կարդացել ու ընդունում են Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»:

«Առավոտի» ընթերցողների տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել