Լրահոս
Օրվա լրահոսը

Բրենդը կփոխե՞ն

Դեկտեմբեր 08,2006 00:00

«ԱրմենՏելի» նոր սեփականատերերն ընկերությունում մի շարք փոփոխություններ են կատարելու

Երեկ առաջին անգամ «ԱրմենՏելի» նոր ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության նոր ռազմավարությունն ու առաջիկա ծրագրերը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում է, բայց արդեն նկատել է, թե ինչ վատ որակի կապ է Հայաստանում: Նրա խոսքերով՝ «երբեմն շտապօգնություն կարող է չհաջողվի զանգել»: Ներկայումս «ԱրմենՏելը» ֆիքսված կապի շուկայում ունի 600 հազար բաժանորդ, իսկ թվային հեռախոսակապով ապահովված է մոտ 50%-ը, որը, «Բիլայնի» մասնագետների գնահատմամբ՝ չափազանց քիչ է:

Նոր սեփականատերերը «տասնյակ միլիոնավոր դոլարներ» են պատրաստվում ներդնել Հայաստանում՝ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի որակի բարելավման նպատակով: «Վիմպելկոմը» խոստանում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք հայ բաժանորդի համար լրիվ նորություն են: Թե այս ամենի դիմաց բաժանորդները որքա՞ն պետք է վճարեն՝ պարզ չէ, քանի որ ռուս սեփականատերերը դեռ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ այն ամենի հետ, ինչ գնել են հույներից: Բայց եթե մոտ մեկ շաբաթ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում Օլեգ Բլիզնյուկը հավաստիացնում էր, որ իրենք չեն պատրաստվում սակագները բարձրացնելու միջոցով եկամուտ ստանալ, ապա երեկ արդեն չէր բացառում, որ որոշ ժամանակ անց նման հայտով դիմեն հանձնաժողովին. «Մենք դեռ հաշվարկում ենք, եւ ուզում ենք, որ սակագները ճիշտ լինեն, ամենայն հավանականությամբ, կգտնվի հավասարակշռված որոշում. որոշ սակագներ կաճեն, որոշ սակագներ կիջեցվեն, դա ոչ թե սակագների բարձրացում է նշանակում, այլ՝ բալանսավորում»: Խոսքը, ըստ երեւույթին, սակագնային վերաբալանսավորման մասին է, որի քաղաքականությունը վարում էին նաեւ հույները: Ըստ այդ քաղաքականության, մինչեւ 2010-ը ընկերությունը տարեկան առնվազն 2 անգամ սակագների փոփոխման հայտ է ներկայացնելու: «Վիմպելկոմի» ներկայացուցիչներն արդեն երեսով էին տալիս, որ «ԱրմենՏելն» իրենց վրա շատ ավելի թանկ է նստել, քան իրենք սպասում էին, ուստի այն գումարը, որ մտել է հույների գրպանը, էլի մեր բաժանորդների «ջանից» է դուրս գալու:

Նոր սեփականատերերը ներկայումս քննարկում են այն հարցը, թե արժե՞ փոխել «ԱրմենՏելի» բրենդը: Ինչպես նկատեց ընկերության կորպորատիվ զարգացման հարցերով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոն, «ԱրմենՏելը» Հայաստանում սիրված է, եւ նոր բրենդը կարող է ռիսկային լինել: «Վիմպելկոմի» նպատակն է այնպես անել, որ բաժանորդները սիրահարվեն իրենց օպերատորին եւ նույնիսկ «դժվար օրերին» իրենց կողքին լինեն:

Պարոն Բլիզնյուկը հերքեց այն լուրերը, որ մինչ «ԱրմենՏելը» լիովին իրենց ձեռքը վերցնելն արդեն սկսել էին կադրային կրճատումներ անել. «Դեռ 2 շաբաթ է, ինչ շփվում ենք մարդկանց հետ, մենք նոր պիտի հասկանանք՝ ով ով է, նոր կրճատենք»:

Առայժմ «Վիմպելկոմին» է պատկանում «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը, իսկ ՀՀ կառավարությանը պատկանող 10% բաժնեմասով թեեւ ընկերությունը խիստ հետաքրքրված է, բայց, ըստ Օ. Բլիզնյուկի, վերջնականապես դեռ իրենց չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել