Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառի ցուցմունքը

Դեկտեմբեր 08,2006 00:00

\"\"Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրեն Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց կավատության մեջ մեղադրվող Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Ռուզան Բաղդասարյանի եւ Մայրանուշ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը:

Դատարան էր ներկայացել գյումրեցի Նաիրա Սահրադյանը, որն, ըստ մեղադրանքի, տուժող է՝ սեռական շահագործման զոհ: Նա ճանաչեց ամբաստանյալներից միայն Գայանե Մելքոնյանին: Դատարանին երեկ Նաիրան հայտնեց, որ սովորել է Գյումրիի Մխիթար Հերացու անվան քոլեջում եւ դասերը սկսվելուց տասն օր հետո հանդիպել է իր ծանոթին՝ Անուշ Հարթանյանին: Երբ ներկայացրել է իր վիճակը, այն է՝ գտնվում է սոցիալական ծանր վիճակում, հայրը 10 տարի բաժանված է մորից, ուսման վարձը տալիս է տատիկը, Անուշը Նաիրային տարել է իր ծանոթի՝ Գայանե Մելքոնյանի տուն, ասելով, որ նա կարող է օգնել իրեն աշխատանք գտնել: Երբ գնացել են Գայանե Մելքոնյանի տուն, այնտեղ են եղել «Սեւան» մականունով Մելինե Գեւորգյանը, ինչպես նաեւ Վիկա եւ «Չախկալ Գայանե» մականունով կանայք: Նաիրան զրուցել է Մելինեի հետ, որն էլ առաջարկել է մատուցողի աշխատանք Թուրքիայում: Անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին Գյումրիի ավտոկայանից Գայանե Մելքոնյանը տուժողին ճանապարհել է Երեւան: Թուրքիայի Այդնուշադաս քաղաքում իրեն, Մելինեին, Նելլի Մինասյանին (նա վերջերս է մահացել Գյումրիում) դիմավորել է Մուժդատ անունով քուրդը, որը Մելինեի ամուսինն էր: Առաջին օրը նրանք տեղավորվել են հյուրանոցում: Տուժողն ասաց, որ հաջորդ օրը Մելինեն իրեն եւ Նելլիին հայտնել է, թե մատուցողի աշխատանք չկա եւ որ իրենք պետք է զբաղվեն մարմնավաճառությամբ: Այդ պահին որեւէ գումար չի եղել տուժողի մոտ, առաջին անգամ էր մեկնել արտասահման, ընդհանրապես թուրքերեն չի իմացել: Մելինեն ասել է՝ բոլորը զբաղվում են դրանով (մարմնավաճառությամբ): «Այստեղ Հայաստանի պես չէ եւ վատ չեն նայում մարմնավաճառներին»,- երեկ իր դատաքննական ցուցմունքում ասաց Նաիրա Սահրադյանը: Նա չորս ամիս է մնացել Թուրքիայում, որից 3-ը զբաղվել է մարմնավաճառությամբ: Երեկ Ն. Սահրադյանը նաեւ հայտնեց, որ հաճախորդներից ստացած գումարը կիսել է Մելինեի հետ, քանի որ վերջինս հայտնել էր, թե արդեն 460 դոլար է ծախսել իր վրա: Հաճախորդի 1 ժամը 50 դոլար է եղել: Երբ ամբաստանյալ Գայանե Մելքոնյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը հարցրեց, թե հնարավո՞ր էր, արդյոք, հրաժարվել մարմնավաճառությունից, զոհը պատասխանեց, որ քուրդ Մուժդատը սպառնացել է իրենց, թե կվաճառի Անթալիայի կամ Ստամբուլի կավատներին: Քուրդը, ըստ զոհի՝ «Մելինեի թիկունքն էր»: Ամբաստանյալ Գայանե Մելքոնյանը հետաքրքրվեց տուժողից, թե ինչո՞ւ երբ իրենք միասին ապրել են Թուրքիայի հյուրանոցում, Նաիրան ոչ մի բանից չի դժգոհել, չի բողոքել: Նաիրան դրան պատասխան չգտավ: Երբ հակասություններ առաջացան երեկ դատարանում տված եւ նախաքննության ցուցմունքների միջեւ, այդ կապակցությամբ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները, պարզվեց, որ Ն. Սահրադյանին 250 դոլարով Գայանե Մելքոնյանը վաճառել է Մելինեին: «Ես չասացի, ուրիշ մարդկանց ներկայությամբ անհարմար զգացի»,- երեկ դատարանում արդարացավ Գայանեն:

Իսկ Նաիրան դատաքննության ժամանակ նշեց, որ երկու օրվա ընթացքում շատ գումար է աշխատել, որով կարողացել է տալ Մելինեի «պարտքը»: «Մարդը հո տրակտոր չէ, սակայն, որ անընդհատ աշխատի»,- Թուրքիայում իր աշխատանքի դժվարությունները նկարագրեց տուժողը: Նա ընդամենը դատարանից պահանջում էր իր բարոյական վնասի փոխհատուցումը, որ իրեն խաբել են, ասելով, որ Թուրքիայում կաշխատի որպես մատուցող, քանի որ նյութական առումով ոչ մեկին ոչինչ պարտք չի եղել: Ամբաստանյալների 80-ամյա փաստաբան Իսաջանյանին հետաքրքրեց, թե կո՞ւյս է եղել զոհը մինչ Թուրքիա գնալը: Դատարանը չնայած հարցը հանեց, սակայն նախաքննության փուլում Նաիրան հայտնել էր, որ մինչեւ քոլեջ ընդունվելը 2004-ին ունեցել է ընկեր, որի հետ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել