Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Փետրվար 13,2008 00:00

Եվ ընդդիմությունը փորձելու է դրանք կանխել հենց քվեարկության օրը

Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկության օրը մոտենալուն զուգահեռ, ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական կրքերը գնալով շիկանում են: ՀՀ իշխանությունները՝ ի դեմս պետական առանձին գերատեսչությունների, նաեւ ՀՀ նախագահի թեկնածու եւ վարչապետ Սերժ Սարգսյանի թիմի, ոչ միայն անձնագրեր են հավաքում կամ ընդդիմադիր թեկնածուների, տվյալ դեպքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ բռնություններ են կիրառում, այլեւ հետեւողականորեն մշակում են ընտրակեղծիքի նոր մեխանիզմներ: Իհարկե, այս դեպքում ընտրական տեխնոլոգիաների մասնագետները հեծանիվ չեն հայտնագործելու, այլ կիրառելու են անցած ընտրություններում փորձարկված մեխանիզմների կատարելագործված տարբերակներ: Դրանք բոլորն էլ, ի դեպ, այս կամ այն կերպ առնչվում են ընտրացուցակներին եւ անձնագրերին: Ընտրակեղծիքի այն մեխանիզմը, որի մասին մեզ հուշեցին մասնավորապես Լ. Տեր-Պետրոսյանի՝ տարբեր համայնքներում եւ մարզերում գործող նախընտրական շտաբի ներկայացուցիչները, կարելի է ընդհանրացնել կոնկրետ համայնքների՝ Մալաթիա-Սեբաստիայի եւ, ասենք՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ շրջակա գյուղերի օրինակով:

Այսպես, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրացուցակները, որոնք 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակվել են, եւ որոնք, ըստ ոստիկանության լիազոր մարմնի հավաստիացումների, պետք է արդեն «մաքրված» լինեին, ըստ էության, մնացել են նույն վիճակում եւ այդպես էլ փակցվել են տեղամասային կենտրոնների պատերին: Դրանցում առաջվա նման ընդգրկված են մահացած մարդկանց անուններ, որոշ հասցեներում գրանցված են միանգամայն կողմնակի անձինք, կամ կան հաշվառումից վաղուց դուրս եկած անձանց տվյալներ, շենքեր կան, որոնք ընդգրկված չեն ցուցակներից որեւէ մեկում, բայց փոխարենը ընդգրկված են շենքերի հասցեներ, որոնք իրականում գոյություն չունեն: Օրինակ, Արարատյան 1-ին զանգվածում 16 շենքի 29 բնակարանը ընդգրկված չէ այն ցուցակում, որտեղ քվեարկելու են այդ նույն շենքի մյուս բնակիչները: Նույն վիճակն է նաեւ այդ զանգվածի 8/1 բն. 5-ի պարագայում:

Եղվարդում Սպանդարյան 17 հասցեում գրանցված են կողմնակի մի քանի անձինք, որոնց տան տերը՝ Ջիվան Հովհաննիսյանն ընդհանրապես չի ճանաչում: Ընդ որում, այդ մարդկանց՝ ընտրացուցակից հանելը, պարզվում է, շատ բարդ գործ է: Բանն այն է, որ այդ տան տերը՝ Ջիվան Հովհաննիսյանը փորձել է հիշյալ անճշտությունն ուղղել: Համապատասխան գերատեսչությունից նրան պատասխանել են, որ նա նախ՝ պիտի դիմի պատկան մարմնին՝ տեղեկանք ստանալու առ այն, որ այդ կողմնակի անձինք իրոք այդ հասցեում հաշվառված չեն, հետո դիմի դատարան՝ դատական կարգով նրանց հաշվառումից դուրս բերելու համար: Հասկանալի է, որ սա արդեն արհեստական քաշքշուկ է եւ մինչեւ քաղաքացին ապացուցի, որ ինքն «ուղտ չի», ընտրություններն ավարտված կլինեն: Սրանք ընտրացուցակներում առկա, մեղմ ասած՝ անճշտությունների միայն մեկական օրինակ են, թեեւ գոնե Լ. Տեր-Պետրոսյանի շտաբում նման դեպքեր արձանագրված են մի քանի տասնյակ թղթի էջերում:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքի մեխանիզմներին, ապա թեկուզ դրանք կանխարգելելու համար հարկ ենք համարում ներկայացնել դրանցից հիմնականը, որի մասին տեղյակ են նաեւ այս շտաբների անդամները: Նրանց ասելով, այն ընտրացուցակը, որը փետրվարի 19-ին վերջնական «ճշգրտումից» հետո փակցված է լինելու ընտրական տեղամասի պատին, եւ այն ցուցակը, որը քվեարկության օրը լինելու է տեղամասային հանձնաժողովի անդամի ձեռքի տակ՝ լինելու են միանգամայն տարբեր ցուցակներ:

Մեր աղբյուրի ասելով, իշխանությունները հույսները դրել են նաեւ անձնագրերի մանիպուլյացիայի վրա: Ըստ որոշ տեղեկությունների, «ՕՎԻՐ»-ը վերջին օրերին սկսել է մեծ քանակությամբ հին անձնագրեր վերադարձնել անձնագրային բաժիններ, մասնավորապես այն քաղաքացիների, որոնք այլեւս ՀՀ քաղաքացիներ չեն: Ըստ ամենայնի, այդ անձնագրերը քվեարկության ժամանակ կրկնակի կամ եռակի օգտագործման համար են, եւ այդ մեխանիզմը կիրառվելու է մասնավորապես այն ընտրատեղամասերում, որտեղ, իշխանությունների տվյալներով, ընդդիմության եւ մասնավորապես Տեր-Պետրոսյանի վստահված անձինք կամ չեն լինելու, կամ բավարար պատրաստված չեն լինելու, հանձնաժողովներում անդամներ չեն ունենալու: Թեկնածուի շտաբի անդամներից մեկի համոզմամբ, դա է նաեւ պատճառը, որ հիմա իշխանության ներկայացուցիչները կենտրոնացել են իրենց թեկնածուի վստահված անձանց եւ նրանց «հանձնաժողովականների» վրա, որոնց վախեցնում են, նաեւ՝ փորձում կաշառել: Կոնկրետ Մալաթիա-Սեբաստիայում շատ են այն հանձնաժողովի անդամները, որոնց չի հաջողվել կաշառել կամ վախեցնել, իշխանության թեկնածուի կողմը քաշել, ավելին՝ շատ դեպքերում այդ ճնշումներին չդիմանալով՝ հանձնաժողովի հիշյալ անդամներն իրենք են նախընտրել ուղղակի դուրս գալ հանձնաժողովից: Դրա թարմ օրինակներից մեկը այդ համայնքի թիվ 112 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի նախագահ Շմավոն Գալստյանն է, որին օրերս ձերբակալել են եւ հիմա նրան պատժելու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսել: Հիշեցնենք, որ նա «Ոգու փորձություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Հակոբյանի մտերիմներից էր, որը հրաժարվել էր մասնակցել այդ տեղամասի ընտրակեղծիքներին: Ավելին, Հ. Հակոբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ նույն պատճառաբանությամբ հանձնաժողովներից ինքնակամ կամ ստիպողաբար հեռացել են նաեւ եւս 3-4 ընտրատեղամասերի անդամներ, ընդ որում՝ մի մասը ՀՀԿ կողմից նշանակված, բոլորն էլ Հ. Հակոբյանի շրջապատից, որոնք այսօր հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Իհարկե, այս ամենով հանդերձ՝ Տեր-Պետրոսյանի շտաբում հայտարարում են, թե իշխանությունը ընտրակեղծիք անելու որեւէ հնարավորություն չի ունենալու, կամ նման փորձերը հանգեցնելու են անիմաստ բախումների, որոնց պատասխանատվությունը կրելու են հենց իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829