Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿԱՇԱՌՔ ԷԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ»

Փետրվար 22,2008 00:00

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն եւ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը զեկույց են ներկայացրել

Զեկույցում նշված է. «Կոմիտեն եւ հիմնադրամը իրականացրին ՀՀ նախագահի 2008թ. ընտրությունների նախընտրական քարոզարշավի եւ քվեարկության օրվա դիտարկում: Դիտարկումն իրականացվել է ՀՀ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գյումրիում Ախուրյանում, Վանաձորում, Գուգարքում, Իջեւանում, Դիլիջանում:

Քվեարկության օրվա դիտարկման համար գրանցվել էր 159 դիտորդ:

Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի թվով 51 ընտրատեղամասերում (Գյումրի՝ 17, Ախուրյան՝ 5, Վանաձոր՝ 9, Գուգարք՝ 3, Դիլիջան՝ 10, Իջեւան՝ 7) ընտրությունների ընթացքը դիտարկվել է սկզբից մինչեւ վերջ՝ տեղամասի բացման պահից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկման եւ արձանագրությունների կազմման ավարտը: Օրվա ընթացքում նրանց փոխարինել են այլ դիտորդներ: Եղել են նաեւ շրջիկ դիտորդներ: Իրավական նախաձեռնության «թեժ գծի» շրջանակներում այցելել ենք նաեւ Գյումրի քաղաքի այլ ընտրատեղամասեր:

Դիտարկման արդյունքները կամփոփվեն առաջիկայում, եւ կներկայացվի ամփոփ հաշվետվություն:

Դիտորդական առաքելության արդյունքում արձանագրում ենք, որ ընտրական տեղամասերում հիմնականում քվեարկությունը անցել է հանգիստ, առանց արտառոց դեպքերի, օրենքով սահմանված կարգով են անցել նաեւ ընտրությունների արդյունքների հաշվարկի գործընթացները: Գրեթե բոլոր դիտորդներին տրամադրվել են ամփոփիչ արձանագրությունները կամ քաղվածքներ այդ արձանագրություններից՝ ստորագրված ու կնքված հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի կողմից:

Սակայն ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության օրը, ամենատարբեր ձեւերով օգտագործվել են վարչական ռեսուրսները ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին աջակցելու համար: ՀՀԿ շտաբները տեղակայված են եղել հանրային նշանակության շենքերում, ՀՀԿ շտաբից բաժանվել է օգնություն (սննդամթերք), հանրահավաքի օրը տեղական իշխանությունների պահանջով հանրային տրանսպորտը եղել է անվճար, նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդկանց հարկադրաբար բերել են հանրահավաքների (դպրոցներում դա կատարվել է տնօրենների միջոցով, իսկ ուսուցիչներին պարտադրվել է հանրահավաքի բերել աշակերտների ծնողներին, բուհերում դա կատարվել է հաստատության ռեկտորի հրահանգով եւ մասնակցությամբ՝ ուսանողներին ստիպելով ներկա գտնվել հանրահավաքին):

Տեղական եւ տարածքային մարմինների քաղաքացիական ծառայողները աշխատանքային ժամերին ներկա են եղել ՀՀԿ թեկնածուի հանրահավաքին: Շենքերում ցուցակներով բաժանվել են դրամական միջոցներ՝ հօգուտ ՀՀԿ թեկնածուի քվեարկելու համար: Վանաձոր, Դիլիջան եւ Իջեւան քաղաքներում նախընտրական կաշառքներ բաժանվել են քվեարկության նախորդ օրերին, մինչդեռ Գյումրի քաղաքում նման դեպքերի կարելի էր ականատես լինել հենց քվեարկության օրը:

Կարելի է ասել, որ ընտրակաշառքների բաժանումը Գյումրիում կրում էր զանգվածային բնույթ: Կաշառքները բաժանվել են ընտրատեղամասերի հարեւանությամբ, մասնավորապես՝ «Զանգակ» նախակրթարանի հարեւանությամբ, Երկաթգծի կայարանում տեղակայված ընտրատեղամասի հարեւանությամբ, թիվ 1 դպրոցում, ինչպես նաեւ 34 ընտրատարածքի այլ տեղամասերում: Զանգվածային բնույթ են կրել նաեւ ընտրողներին «Գազել» մակնիշի մեքենաներով տեղամասեր տանելու եւ նրանց ուղղորդելու փաստերը, մասնավորապես՝ Գյումրու թիվ 33 ընտրատարածքում:

Համատարած ընտրակաշառքի փաստերը ոչ միայն արձանագրվել են մեր դիտորդների կողմից, այլեւ ցուցադրվել նաեւ «Գալա», «Ցայգ» տեղական հեռուստաընկերությունների եթերում:

Քվեարկության օրվա դիտարկումից պարզվեց, որ համարյա բոլոր ընտրատեղամասերում եղել են ընտրողների կուտակումներ, որոշ ընտրատեղամասերում կային ոստիկանության ներկայացուցիչներ՝ համազգեստով, եղել են խմբակային քվեարկության, ժամկետանց անձնագրով քվեարկության, բաց քվեարկության դեպքեր: Կար տեղամաս, որտեղ ընտրողների ցուցակները փակցված էին նույն սենյակում, որտեղ տեղի էր ունենում քվեարկությունը»:

Սեփ. լր. Հ. Գ. «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որի ավելի քան 4 հազար ներկայացուցիչները դիտարկել են Հայաստանի նախագահական ընտրությունները, երեկ հայտարարել է, որ «մի շարք խախտումներն ու թերությունները ստվեր են գցել ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ մեր սպասումների վրա»:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշել է, որ քվեարկության օրը նկատվել է որոշակի լարվածություն. «Որոշ միջադեպեր պայմանավորված են եղել ոչ քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերված անհանդուրժողականությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել