Լրահոս
Օրվա լրահոսը

Տարակարծություններ ՆԱՏՕ-ում

Ապրիլ 02,2008 00:00

Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու դառնալու առաջարկ կարվի: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: «Ֆրանսիան կանաչ լույս չի տա Ուկրաինայի եւ Վրաստանի համար»,- պատկերավորել է Ֆիյոնը, հավելելով, որ պաշտոնական Փարիզի կարծիքով, Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխախտի հավասարակշռությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությանը երեկ դեմ է արտահայտվել նաեւ Գերմանիան, թեեւ, ի համեմատ Ֆրանսիայի, շատ ավելի մեղմ ձեւակերպումներով: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչը հայտարարել է, թե այդ երկու հետխորհրդային հանրապետությունները, մի շարք ցուցանիշներով, դեռեւս պատրաստ չեն դաշինքի լիարժեք անդամներ դառնալուն: Մերկելի ներկայացուցիչը, սակայն, չի բացառել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ավելի ուշ:

Չնայած եվրոպական պետությունների մտահոգություններին, պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ Կիեւում հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի լավ գործընկերն է տարածաշրջանում, եւ ինքը կցանկանար այդ երկրին տեսնել դաշինքի կազմում: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հակազդեցությանը, այս կապակցությամբ Բուշը հույս է հայտնել, թե Մոսկվայի հետ ծագող բոլոր խնդիրները կարելի է կարգավորել երկխոսության միջոցով: ԱՄՆ նախագահի այս լավատեսությունը, սակայն, չի խանգարել, որ պաշտոնական Մոսկվան հանդես գա Կիեւի դեմ ուղղված հերթական սպառնալիքներով: Այս անգամ Մոսկվա-Կիեւ հարաբերությունների հավանական խզմանն առնչվող ծանոթ սպառնալիքները հնչեցրել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

Երեկ իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Բուխարեստ է մեկնել Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Մ. Սահակաշվիլու գլխավորությամբ: Վրացական «Մզե» հեռուստաընկերության հաղորդմամբ, Վրաստանը հույս ունի Բուխարեստում ստանալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամության Գործողությունների ծրագիրը: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակում է Եվրոպայի անվտանգության սահմանների ընդլայնում»: «Մենք ուզում ենք լինել այդ համակարգի մասը, դա մեր ինքնիշխան եւ օրինական իրավունքն է»,- ասել է Բաքրաձեն:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից երեկ հաղորդեցին, որ վաղը Բուխարեստ կմեկնի նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահների հերթական հանդիպումը: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, ակնկալվում է, որ միջնորդները հանդիպումներ կունենան նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել