Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կլինեն լայնածավալ բարեփոխումներ»

Ապրիլ 05,2008 00:00

ՕԵԿ նախագահը երեկ հայտարարեց, որ երկիրը պետք է ընթանա համերաշխության եւ համագործակցության ճանապարհով:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ապրիլի 9-ից հետո՝ նաեւ ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել: Պարոն Բաղդասարյանը որոշել էր նախ շնորհավորել լրագրողուհիներին՝ կանանց միամսյակի շրջանակներում, սակայն դեռ չէր հասցրել շնորհավորանքն ավարտել, երբ լրագրող Գագիկ Շամշյանը, իր հերթին, բարձր ձայնով առաջարկեց. «Նախքան ասուլիսն սկսելը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը»: ՕԵԿ նախագահը համաձայնեց: Սակայն սա դեռ վերջը չէր, արդեն ասուլիսի ավարտին նույն լրագրողը մոտեցավ ՕԵԿ նախագահին եւ հիշեցնելով Տիգրան Կարապետյանի հայտնի ոտանավորը՝ «Բիշարյանն էլ՝ դոշիցդ կախ», հարցրեց. «Պարոն Բաղդասարյան, այդքան մեծ ծանրությունը ո՞նց եք դոշից կախ տանում»: Արթուր Բաղդասարյանն էլ իրեն չկորցրեց. «Է՜, Գագիկ ջան, այդպիսի՞ ծանրություններ եմ տարել, էլի կտանեմ»:

Այսքանը ասուլիսի «մշակութային» բաժնից, իսկ քաղաքական բաժնում լրագրողները ՕԵԿ նախագահին ուղղեցին բոլոր այն հարցերը, որ այս օրերին հնչում են ՕԵԿ-ի եւ կոալիցիայի հասցեին: Մենք դրանց կանդրադառնանք մասամբ, քանի որ մի քանի օր առաջ ենք մեծածավալ հարցազրույց վերցրել ՕԵԿ նախագահից: Արթուր Բաղդասարյանը պատասխանելով հարցին՝ արդեն գիտի՞, թե երբ է դուրս գալու կոալիցիայից՝ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հարցի առաջին մասը «ոչ կոռեկտ» բնորոշեց, իսկ երկրորդ մասին ի պատասխան՝ ասաց, որ ինքը մտադրություն չունի մասնակցել Հայաստանի նախագահի հաջորդ ընտրությանը:

Պարոն Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, որ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո երկրում կլինեն «լայնածավալ բարեփոխումներ» քաղաքական ու սոցիալական ոլորտներում, եւ իրենք վճռական են այդ հարցում: Լրագրողները ձգտում էին պարզել՝ ՕԵԿ-ը ի՞նչ պաշտոններ է ակնկալում նոր կառավարությունում: Ի պատասխան՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ կոալիցիոն կառավարության կադրային հարցերը դեռ չեն քննարկվել եւ դրանց պետք է սպասել ապրիլի 9-ից հետո: Սակայն չխուսափեց թվարկել այն հատկանիշները, որոնք, ըստ իրեն, պետք է ունենա երկրի նոր վարչապետը: Ըստ այդմ, ե՛ւ նոր նախարարները, ե՛ւ վարչապետը պետք է լինեն ընդունելի հանրության համար: Իսկ նոր վարչապետը պետք է ունենա «բարի համբավ, լինի քաղաքականապես փորձառու, քաղաքական դաշտին ծանոթ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձառությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել