Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱ՞Ն ԵՔ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼՈՒ

Ապրիլ 05,2008 00:00

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել էին մարտի 8-ին, եւ ինչպես երեկ հայտնեց ՄԱԱ-ում մեր հարցին ի պատասխան՝ դրանից հետո այլեւս չեն անհանգստացրել: Մարտի 1-ին պրն Դեմիրճյանը շատ վատառողջ լինելով (մեր տեղեկություններով՝ հիվանդ էր թոքաբորբով)՝ գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ եւ ելույթ ունեցել՝ կոչ անելով, որ հանդարտ ու հանգիստ կանգնեն՝ մինչեւ հարցի լուծումը. «Եվ լավ կլիներ, որ նույնն անեին իշխանության ներկայացուցիչները: Որեւէ մեկը չեկավ, չհանգստացրեց: Միայն ուժի միջոցով են խոսում ժողովրդի հետ: Պետք է գային ու կանգնեին ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»:

ՀԺԿ նախագահը գնահատեց, թե մարտի 1-ի գիշերը կատարվածը հետեւանք էր խաղաղ ցուցարարների նկատմամբ առավոտյան գործադրված ուժի, որը «բացարձակապես հիմնավորված չէր»: Ըստ նրա՝ «Ընդդիմության մյուս լիդերները թե՛ Ազատության հրապարակում եւ թե՛ Մյասնիկյանի արձանի մոտ ամեն ինչ արել են, որ հանրահավաքը կրի խաղաղ բնույթ»: Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց. «Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հանրահավաքն էր տեղի ունենում՝ ամեն ինչ շատ հանդարտ ու խաղաղ էր: Այդ մասերում որեւէ մեկը խանութ չէր ջարդում.. Եվ այդտեղ էլ պետք չէր ուժ գործադրել: Ի վերջո, դրանից հետո մարդիկ դիմեցին ինքնապաշտպանության: Ինչքա՞ն կարելի է ուժի լեզվով խոսել ժողովրդի հետ»:

ՀԺԿ նախագահը հերքեց պնդումները, թե ընդդիմությունը նոր հանրահավաքներ է ծրագրում՝ նոր բախումներ հրահրելու նպատակով. «Բախում չի լինի, եթե իշխանությունները չգնան բախումների: Եվս մեկ անգամ նշեմ՝ ընդդիմության բոլոր հավաքները կրել են խաղաղ բնույթ»:

Ըստ նրա՝ ներկայումս երկրում իրավիճակը իսկապես լարված է, անգամ պայթյունավտանգ, եւ իրական քայլեր պետք է արվեն այդ լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ. «Պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարել պարզապես անհնար է, երբ ոչինչ ավարտված չէ, մարդիկ վիրավորված են, վրդովված: Եվ արտաքուստ հանդարտությունը որեւէ բան չի նշանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել