Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ

Ապրիլ 09,2008 00:00

\"\"Երաժիշտների պարզաբանումները՝ ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի առիթով

\"\"«Առավոտը» մշտապես անդրադարձել է հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների ձեռքբերումներին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իսկապես ունենք կայացած վոկալ դպրոց, ինչի ապացույցն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստացած վոկալիստների փայլուն ելույթները՝ եվրոպական հեղինակավոր բեմերում, տարբեր միջազգային մրցույթներում նրանց շահած մրցանակները: Բայց, չգիտես ինչու, հենց այս ոլորտում տեղի ունեցող հայաստանյան ցանկացած միջոցառում, հատկապես մրցույթ՝ միշտ ավարտվում է մասնագետների դժգոհություններով:

Այս առումով օրինաչափ էր ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի համար օրերս անցկացված մրցույթը: Հաղթող է ճանաչվել երիտասարդ երգիչ, պետկոնսերվատորիայի ուսանող Ասատուր Բալջյանը: Ճանաչված երաժիշտներից միայն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը համաձայնեց մեզ հետ կիսել իր եւ գործընկերների տեսակետները՝ մրցույթի վերաբերյալ: Ըստ մեր զրուցակցի, մրցույթի հաղթողը որոշվել է ոչ արդարացի: Ի հաստատումն այս պնդման, դիրիժորը հայտնեց, որ մրցույթի վերջին փուլ անցած երեք վոկալիստների հետ մասնակցել են եւս չորսը, որոնք 2007թ. նույն մրցույթին են մասնակցել ու ոչինչ չեն շահել: «Կարծում եմ, այդ չորս հոգին ուղղակի իրավունք չունեին միանգամից մասնակցել եզրափակիչ փուլին»,- ասաց պարոն Թոփչյանը:

Ինչ վերաբերում է մրցույթի հաղթող Ասատուր Բալջյանին, դիրիժորը տեղեկացրեց, որ երգիչը ուսանում է կոնսերվատորիայում, պրոֆեսորներ Վալերի Հարությունյանի եւ Հասմիկ Հացագործյանի դասարաններում, որոնք ընդգրկված էին ժյուրիի կազմում, ինչը, հեղինակավոր մրցույթների կանոնադրությամբ, չի թույլատրվում: «Ի զարմանս ինձ, ժյուրին հաղթող չճանաչեց Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Հովհաննես Այվազյանին (պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարան), որը, չնայած իր երիտասարդ տարիքին, օժտված է բնատուր տաղանդով ու հասցրել է դժվարագույն դերերգերով (Լեոնկավալլոյի «Պայացներում»՝ Կանիո, Վերդիի «Ռիգոլետտոյում»՝ Հերցոգ եւ այլն) հանդես գալ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, նաեւ Ազգային օպերային թատրոնում: Ժյուրիի կողմից հաշվի չի առնվել երիտասարդ արվեստագետի հարուստ երգացանկը, մինչ մրցույթը ունեցած նրա ելույթները, որոնք արժանացել են մասնագետների դրվատանքին: Ես Հովհաննես Այվազյանին համարում եմ տարվա հայտնություն եւ գտնում, որ նույնիսկ ամոթ է երկրորդ փուլ անցած մասնակիցների հետ Հովհաննեսը մրցեր»,- հայտնեց Էդ. Թոփչյանը: Նա հավելեց նաեւ, որ այս առիթով դիմելու է հանրապետության նախագահին, մշակույթի նախարարին եւ մրցույթի հովանավորներին:

Մեր հետաքրքրությանը՝ կարո՞ղ է երիտասարդի հետ բարեկամներ եք կամ մտերիմներ, որ այդչափ մտահոգված եք նրա համար, դիրիժորի պատասխանը հակիրճ էր. «Հովհաննես Այվազյանը մտերիմս չէ, ոչ էլ բարեկամս, բայց մի բան հաստատ է. նա իր արվեստով հանդիսատեսի ե՛ւ բարեկամն է, ե՛ւ մտերիմը»: Կապվեցինք մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, ճանաչված օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ: Նա պարզաբանեց. «Այո, մրցույթի եզրափակիչ փուլ անցած երեք երգչին միացել են նաեւ չորսը: Վերջիններիս լսել էինք 2007թ. նույն մրցույթում: Միջազգային օրենք կա, ըստ որի՝ նախորդ տարվա մրցույթի եզրափակիչ հասած մասնակիցը իրավունք ունի մասնակցել հաջորդ տարվա նույնանուն մրցույթի եզրափակչին: Ես եւ ժյուրիի անդամները գտնում ենք, որ այս տարվա ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակին արժանի է հենց Ասատուր Բալջյանը: Ինչ վերաբերում է Հովհաննես Այվազյանին, ինքս անձամբ դեռ երեք տարի առաջ եմ նկատել երգչին եւ առաջարկել իմ մասնագիտական օգնությունը: Նա հրաժարվել է: Չեմ ժխտում, որ երիտասարդն իրոք ունի գեղեցիկ տեմբր, բայց ունի նաեւ տեխնիկական պրոբլեմներ՝ վոկալի առումով: Դրանք առաջացել են նրան մեծ դերերգերի ծանր բեռի տակ դնելու պատճառով: Նման դերերգեր կատարում են առնվազն 30 տարին բոլորած վոկալիստները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել