Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճգնաժամը շարունակվում է

Ապրիլ 11,2008 00:00

Ստեփան Սաֆարյանի մեկնաբանությունները

«Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ թվարկեց այդ իրավիճակից դուրս գալու որոշ լուծումներ. «Նախ պիտի հասկանալ, թե ով ինչ պատասխանատվության չափ եւ բաժին ունի: Կասկածից վեր է, որ երկրի պատասխանատվություն ստանձնած ուժերը կամ այդպիսի հայտարարությամբ հանդես եկողները նախ պիտի գիտակցեն, որ իրավիճակի թիվ 1 պատասխանատուն իրենք են եւ նախաձեռնությունը պիտի բխի իրենցից: Ցավոք, մինչ այսօր չեմ հիշում որեւէ կոնկրետ քայլ, որն արվել է զուտ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»:

Իսկ այն մասին, որ հաճախ իշխանությունները ստեղծված իրավիճակը միջազգային դավադրության, գունավոր հեղափոխության փորձ կատարելու, միջազգային կազմակերպությունների գործունեության հետեւանք են համարում, պատգամավորն ասաց. «Եթե գնահատականը սա է, ապա պիտի խոստովանենք, որ որեւէ հանգուցալուծում չի լինելու: Նման գնահատականը նշանակում է՝ պատերազմ հայտարարել միջազգային հանրությանը, ինչը որոշակի դրսեւորումներով տեսնում ենք. չստացվող երկխոսություն, նման հարաբերություններ՝ իշխանությունների եւ միջազգային հանրության միջեւ»:

Ըստ Ս. Սաֆարյանի, իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմա չի կարող լինել ձերբակալվածներին ազատել-չազատելը, կամ մարդկանց՝ հանրահավաքների մասնակցել թույլ տալ-չտալը, որովհետեւ դա քննարկման թեմա չէ, եւ այդ հարցերը պիտի այսպես թե այնպես լուծում ստանան: Լրագրողներին հետաքրքրեց, թե Ս. Սաֆարյանն ինչպե՞ս է վերաբերվում Ս. Սարգսյանի ճառում հնչեցրած այն մտքին, որ իշխանություն-ընդդիմություն պատը պետք է քանդվի: «Դա տեսնում եմ քաղբանտարկյալների ազատ արձակելու, մամուլի ազատության ապահովման, մարդկանց խոսելու, տեղաշարժվելու, հավաքվելու ազատություն ընձեռելու, մարտի 1-ի անաչառ եւ վստահություն ներշնչող հետաքննության մեջ»,- պատասխանեց պատգամավորը: Իսկ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելու մասին էլ ասաց. «Վերանալով նրա անձից, ասեմ՝ մտավախություն կա, որ հերթական անգամ կունենանք անպատասխանատվության կառավարություն. վարչապետը որեւէ քաղաքական թիմից չէ եւ այնքան ուժեղ անձնավորություն չէ, որ կարողանա պարտադրել մյուսներին՝ հաշվետու լինել»:

Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյո՞ք նախագահի երդման արարողության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկա գտնվելը նշանակում էր, որ նա ընդունում է Ս. Սարգսյանին՝ որպես նախագահ, թե ուղղակի դա հարգանք էր նախագահի ինստիտուտի հանդեպ: «Պետք չէ հեռուն գնացող ենթադրություններ անել: Ապրիլի 9-ին բոլորս սկսել ենք նույն կետից՝ զոհվածների ընտանիքներ այցելելուց… Մասնակցությունը, որը մեր սկզբունքն է, որեւէ այլ խորհրդանիշ պարունակել չի կարող, այն էլ ԱԺ հատուկ նիստին, պատգամավորի աշխատանքային միջոցառմանը»,- նշեց պրն Սաֆարյանը: Լրագրողներին հետաքրքրեց նաեւ՝ առաջընթա՞ց է արդյոք այն, որ ապրիլի 9-ի համերգի ժամանակ Ս. Սարգսյանին չընտրողներին ընդամենը ծեծեցին՝ իրենց կարծիքը հայտնելու համար եւ ոչ թե ձերբակալեցին: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Այդ օրը ոստիկանության մեծաթիվ կազմերի ներկայությունը սգո երթին, Մյասնիկյանի տարածքին հարող տարածքում բացի լարվածությունը մեծացնելուց՝ որեւէ այլ դրական ներդրում չէր ունեցել: Իսկ եթե նման դեպքերը շարունակություն ունենան, կարող ենք ասել, որ դա պարզապես մի գործելակերպ է, որը այնքան էլ խորթ չէ իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել