Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիլայնը» «ԱրմենՏելի» վրա չեկավ

Ապրիլ 17,2008 00:00

Բաժանորդները բողոքում են, որ ապրանքանիշը փոխվելուց հետո կապի որակը վատացել է

Ապրիլի 7-ին «ԱրմենՏելը», հանդես գալով նոր՝ «Բիլայն» ապրանքանիշով, իր բաժանորդներին խոստացավ էլ ավելի բարելավել իր կապի որակն ու միջազգային չափանիշներով հեռախոսակապ մատուցել: Սակայն չանցած 2-3 օր՝ կապն անհամեմատ վատացավ: Գրեթե ամեն օր ժամանակ առ ժամանակ ընկերության կապը կաթվածահար վիճակում է: «ԱրմենՏելի» բազմաթիվ բաժանորդներ դժգոհում են, որ «օրվա մեծ մասն անհասանելի են լինում», մինչդեռ իրենց հեռախոսները միացված են: Բաժանորդներին նյարդայնացնում է նաեւ այն, որ կապի վատթարացման հետեւանքով տեքստային հաղորդագրությունները նույնպես ավելի ուշ են տեղ հասնում կամ ընդհանրապես չեն հասնում: Բաժանորդների բողոքներին ի պատասխան, ընկերության 0611 անվճար հեռախոսահամարի օպերատորները պարզաբանում են, որ կապը ծանրաբեռնված է: Բացի այդ, SMS հաղորդագրությունները հասցեատիրոջն են հասնում ինչ-որ անհասկանալի «հիերոգլիֆներով», այնինչ, ուղարկողն այն գրում է անգլերեն տառերով: Բաժանորդների խոսքերով՝ եղել են դեպքեր, որ SMS-ի սկիզբը ընթեռնելի՝ անգլերեն է հասել, սակայն տեքստի կեսից կրկին անհասկանալի նշանների է փոխվել: Նշենք, որ որոշակի ժամանակ անց հասցեատիրոջը հասնում էր հաղորդագրության «բնօրինակը»՝ անգլերեն, ընդ որում բաժանորդի հաշվից 2 SMS-ի գումարն էլ գանձվում էր: Այս առնչությամբ ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ ապրանքանիշի փոփոխության հետ կապված՝ ապրիլի լույս 7-ի գիշերը «ԱրմենՏելի» կողմից կատարվել են SMS սերվերի վերջնական կարգավորման աշխատանքներ: Ուստի այդ է պատճառը, որ SMS-ների հետ կապված պրոբլեմ է եղել: Մեր այն պնդմանը, որ տեքստային հաղորդագրությունները նաեւ այս օրերին են ուշ հասնում կամ ընդհանրապես չեն հասնում, ընկերությունից որեւէ կերպ չպարզաբանեցին:

Ի հավելումն սրան, «ԱրմենՏելի» «ձայնային կամուրջ» միջազգային հեռախոսակապի քարտերից օգտվողներն էլ «Առավոտին» բողոքեցին, որ անգամ ձայնային ազդանշաններին հետեւելիս, երբ օպերատորը բացատրում է, թե ինչից հետո ինչ հեռախոսակոճակ սեղմել, գումար է գանձվում: Այսինքն՝ բաժանորդը չի հասցնում իր զանգած հեռախոսահամարին միանալ եւ քարտի վրայի գումարը վերջանում է: Հատկապես, երբ բաժանորդը նույն գործողությունը մեկ-երկու անգամ է կատարում: «Ձայնային կամուրջ» քարտի վրա հեռախոսահամար է նշված, որով այս կապից օգտվողները դժգոհություններ ունենալու դեպքում կարող են զանգահարել: Սակայն այն երբեք չի պատասխանում: Այս առնչությամբ էլ ընկերությունից պարզաբանեցին, որ քարտի վրայի հեռախոսահամարը ավտոմատ կերպով վերահասցեավորած է «ԱրմենՏելի» օպերատիվ արձագանքման 109 կենտրոն, որը միշտ պատասխանում է եւ հնարավոր է, որ բաժանորդը չի հետեւել ձայնային հրահանգներին: Նկատենք, որ առանց ձայնային հրահանգներին հետեւելու, բաժանորդը պարզապես չի կարող «ձայնային կամուրջ» քարտով իրար հետեւից որեւէ գործողություն անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել