Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ

Ապրիլ 18,2008 00:00

\"\"Ընտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում

Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» 47-ամյա Սարգիս Պարունակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս նախկինում 4 անգամ դատապարտվել է: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, նրա ծառայողական պարտականությունները խոչընդոտելու համար:

Ս. Պարունակյանը երեկ իրեն մեղավոր չճանաչեց: Նա հրաժարվել էր փաստաբանի ծառայությունից:

Որպես վկա դատարան էին ներկայացել ՀՀ ոստիկանության 3 աշխատակիցներ՝ տեսուչներ Արտաշես Ալեքսանյանը, Ժորա Համբարձումյանն ու Վաչե Ավագյանը: Վկա-ոստիկանը՝ Ա. Ալեքսանյանը, իր ցուցմունքում հայտնեց, թե մարտի 1-ի առավոտյան, ժ.7-ի սահմաններում տեսել է, թե ինչպես է վրանից դուրս եկել Պարունակյանը, որը չի ենթարկվել իրեն, հայհոյել է, քաշքշել իր հագուստը: Այս ցուցմունքի ժամանակ Պարունակյանը տեղից հակադարձեց. «Լրիվ սուտ է, տարիքիցդ չե՞ս ամաչում»: Ավելին, Պարունակյանը պնդեց, թե առավոտյան նրան չի էլ տեսել, քանի որ իրեն Օպերայի տարածքից Կենտրոնի ոստիկանության, ապա՝ Էրեբունու բաժին են տարել զինվորականները: Ոստիկանը վիրավորվել էր նաեւ Պարունակյանի մի արտահայտությունից. «Սրանք թուրքից էլ բեթար են»: Այդ կապակցությամբ նա հայտնեց, որ կռվել է Արցախում, եւ չի հանդուրժի, որ ոստիկաններին թուրք անվանեն:

Ամբաստանյալ Ս.Պարունակյանն էլ հայտնեց, որ ինքը պատահաբար է հայտնվել Օպերայի տարածքում: Նա Հոկտեմբերյան աշխատանքի մեկնելիս տեսել է, որ ճանապարհը փակ է, իջել է երթուղայինից: Նա նշեց, որ բռնություն չի գործադրել որեւէ մեկի նկատմամբ, այլ հանգիստ ենթարկվել է համազգեստավորների հրամանին. «Ես ընդամենը վերացական հայհոյել եմ, որ ինձ անմեղ տեղը բռնում են: Եթե դիմադրեի, նրանք էլ ինձ կծեծեին: Ալկոհոլի ազդեցության տակ չեմ գտնվել, ընդամենը մեկ օր առաջ թոռանս ծնվելու կապակցությամբ էի խմել: Իսկ մայոր Ալեքսանյանին, որն ինձ ուղեկցել է Աղի հանք՝ փորձաքննության, տեսել եմ Էրեբունու ոստիկանության բաժնում,»: Ս.Պարունակյանը դատարանին հայտնեց, որ քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվել, ընդամենը երկու անգամ կնոջը հրավիրել է Ազատության հրապարակ՝ հանրահավաքի: Ավելին, նախագահական ընտրությունների ժամանակ իր ընտանիքով ձայն է տվել Սերժ Սարգսյանին:

Կողմերին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ առկա են հակասություններ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ: Նա հրապարակեց Պարունակյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Ամբաստանյալը պնդեց իր ցուցմունքները:

Մեղադրող Աշոտ Մադոյանը պահանջեց 3,5 տարվա ազատազրկում: Նա գտնում էր, որ մեղադրանքը համապատասխանում է Պարունակյանի գործողություններին: Ըստ մեղադրողի, ամբաստանյալը ընտրությունների արդյունքների վերաբերյալ հասարակության մեջ սերմանել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներին:

Իր վերջին խոսքում Ս.Պարունակյանն ասաց. «Ճառ չունեմ ասելու: Անմեղ-անմեղ 3,5 տարի պիտի դատվեմ: Մեղավոր եմ այնքանով, որ Օպերայի տարածքից պիտի բարձրանայի Բաղրամյան փողոց, այդ դեպքում ինձ չէին բռնի: Եթե հայհոյած լինեի՝ սրտիս դարդ չէր լինի: Բայց դա էլ չի եղել»:

Այսօր կհրապարակվի դատավճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել