Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութը ցնդել է

Ապրիլ 19,2008 00:00

Ոռոգման ջուր չունենալու պատճառով գյուղացին բերքից զրկվում է

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հարություն Գեւորգյանի 8 հոգանոց ընտանիքն ապրում է փոքր բնակարանում՝ սոցիալապես վատ պայմաններում, չնայած այս ընտանիքն իր տնօրինության տակ ունի շուրջ 3000 մետր հողատարածք: Այն արդեն երկար ժամանակ անմշակ է: «Մշակենք, չմշակենք, մեկ է՝ օգուտ չկա, վերջում ամեն ինչ գնում ենք»,- ասում է Հարությունը:

Մայրաքաղաքից ոչ այնքան հեռու գտնվող այս գյուղում անապահով ընտանիքներ շատ կան: Գարնանային աշխատանքները վաղուց սկսվել են, սակայն Կոտայքում հատուկենտ գյուղացիներ են իրենց հողատարածքները մշակելու համար ռիսկի դիմել եւ վառելանյութի, ոռոգման ջրի, սերմացուի ու պարարտանյութեր գնելու համար ծախսեր արել: Արդեն որերոդ տարին է՝ այս գյուղի բնակիչների բերքը տուժում է երաշտից, ցրտահարությունից ու հորդառատ անձրեւներից: Այս տարի էլ արդեն երկար ժամանակ անձրեւներ չեն տեղացել: «Առավոտի» հետ զրույցում կոտայքցիները պատմեցին, որ հերթագրվել են գյուղապետարանում՝ շուկայականից փոքր-ինչ ցածր գներով պարարտանյութ ձեռք բերելու համար: Գյուղացիների պատմելով, պարարտանյութը գնել են, տարածել դաշտերում, բայց քանի որ ի վիճակի չեն եղել ջրելու, իսկ անձրեւներ էլ չեն տեղացել, ազոտը ցնդել է ու իրենք կրկնակի են տուժել:

«Այդքան ծախսերից հետո, եթե քիչ թե շատ ցորեն ենք հնձում, կարիքից դրդված, ջրի գնով՝ ընդամենը 80-100 դրամով վաճառում ենք՝ վառելանյութի, պարարտանյութի եւ ոռոգման ջրի համար կուտակած պարտքերը մարելու համար: Մենք էլ ստիպված ենք լինում հացը գնել,- սրտնեղում են գյուղացիները,- «տրակտորիստների մոտ մի մեծ պարտքացուցակ կա: Համարյա թե բոլոր գյուղացիները պարտք են մնում»: Կոտայքցի Մերուժանի խոսքերով. «3 բաժին հողից մեկն եմ ցանել: Եթե հնարավորություն ունենայի, մյուսներն էլ կցանեի: Գյուղացին սպառվել է, մեխանիզացիան՝ նույնպես»: Կոտայքցիները տրակտորներն անընդհատ վերանորոգում են: Գյուղն ունի միայն մեկ կոմբայն: «Արտը հնձելու ժամանակ իսկական խառնաշփոթ է սկսվում: Նոր գյուղից ենք տեխնիկա բերում, որն էլ բարձր գներով է հնձում: Գյուղացիներից ոմանք կարողանում են լեզու գտնել՝ իրենց հարմար գնով հնձելու, բայց շատերը ստիպված հարմարվում են»,- դժգոհեց գյուղի մեկ այլ բնակիչ: Գյուղացիների պատմելով, իրենց գյուղի բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն. գյուղը նախալեռնային է եւ այդ պատճառով բերքատու ծառերի քիչ տեսակներ կան. «Ծիրանը շատ հաճախ, դեռ չհասունացած, ցրտահարվում է, բանջարանոցային կուլտուրաներն էլ չեն հասցնում հասնել՝ ցրտահարվում են»:

Բնակիչները նաեւ դժգոհեցին, որ տարեցտարի պարտքեր են կուտակում, քանի որ հողի հին հարկերին գումարվում են նոր պարտքեր. «Ոչ մի տարբերություն չկա մեր տարածաշրջանի եւ Արարատյան դաշտավայրի հողի հարկերի միջեւ»: Կոտայքում անասնապահությամբ քչերն են զբաղվում, քանի որ այս դեպքում էլ է գյուղացին տուժում. ծախսերն ու եկամուտները չեն համընկնում: «Մեծ չարչարանք եմ թափում, բայց կաթի լիտրը 80 դրամով եմ հանձնում, այնինչ քաղաքում հասնում է մինչեւ 300 դրամի: Կաթի յուղայնությունը ստուգվել է եւ կազմել է 3%, որը համարվում է բարձր»,- ասաց Մերուժանը: Կոտայքի գյուղապետ Սահակ Հարությունյանը նույնպես հավաստեց, որ իրենց գյուղացիները ոռոգման ջրի, բնակլիմայական պայմանների եւ մի շարք այլ խնդիրներ ունեն, սակայն հողի հարկի հետ կապված ասաց. «Հարկերը եթե ժամանակին մուծեին, շատ ավելի հեշտ կլիներ իրենց համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել