Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստը միայն անժառանգների՞ն

Ապրիլ 24,2008 00:00

Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել:

Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, եւ մարզի հյուսիսային հատվածում ապրողները գազի վառարաններից հարկադրաբար օգտվում են հոկտեմբերի կեսերից մինչեւ ապրիլի վերջը, ինչը գյումրեցիների բյուջեի վրա թանկ է նստելու:

Գազի թանկացմանը զուգահեռ, կառավարությունն օրերս սկսել է նպաստառուների ցուցակը թեթեւացնել՝ ազատվելով անգամ 80–90 տարեկան միայնակ ծերերից: Վերջիններս հատկապես վրդովված են Սերժ Սարգսյանի նախընտրական շրջանում տված խոստումներից: Ըստ գյումրեցիների, նախքան նախագահ դառնալը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ թոշակի բարձրացման հետեւանքով որեւէ նպաստառու նպաստից չի զրկվելու: Սակայն օրերս հարյուրավոր գյումրեցիներ ցուցակներից դուրս են մնացել: Նրանց բողոքներին ի պատասխան, Գյումրիի սոցիալական ծառայության աշխատակիցները սկսել են մեկնաբանել վարչապետի ասածները, հեռուստաեթերից պարզաբանելով, որ «միայնակ» ասելիս վարչապետը նկատի է ունեցել «անժառանգներին»:

Այսինքն՝ ստացվում է, որ եթե 75-ամյա միայնակ ծեր Ռոզա Մկրտչյանը կամ նույն կարգավիճակն ունեցող 83-ամյա Սամսոն Մովսիսյանը զրկվում են նպաստից, ապա պատճառն այն է, որ նրանք ժամանակին «սխալվել» ու ժառանգներ են ունեցել: Նշենք, որ Ռոզա Մկրտչյանի միակ ժառանգը՝ 6 փոքրիկ երեխաների մայր է եւ նույնպես պետության աջակցության կարիքն ունի, քանի որ սոցիալապես անապահով է: Գյումրեցիները խիստ կասկածանքով են վերաբերվում նորանշանակ վարչապետի հայտարարությանը, թե անապահովների համար կշարունակվի պետության կողմից գազի սուբսիդավորումը: Գյումրեցիները հավաստիացնում են, որ իրենք նման «բարեգործության» արդեն մեկ անգամ ականատես են եղել, երբ 2004-ին գազիֆիկացնում էին Գյումրիի Անի թաղամասը ու «ՀայՌուսգազարդն» անվճար վառարաններ էր տրամադրում նպաստառուներին:

Հետագայում պարզվեց, որ նպաստառուների ցուցակում ընդգրկված են եղել եւ վառարաններ են ստացել նաեւ ունեւոր պաշտոնյաներ: Որ գազի զեղչերից մարզի մեծահարուստներն են օգտվելու՝ գյումրեցիները առավել քան վստահ են, հատկապես որ սոցիալական ոլորտի պաշտոնյաների կադրային փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել, թեեւ անցյալ տարի, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, քրգործ էր հարուցվել Գյումրի- 2 սոցծառայության աշխատակիցների դեմ՝ բնակչից 34 հազար դրամ կաշառք պահանջելու, «շեֆին»՝ Մովսես Ջուհարյանին բաժին հանելու մեղադրանքով, այդուհանդերձ, այսօր նույն Մովսես Ջուհարյանը Գյումրի-2 սոցծառայության պատասխանատուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել